Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․

Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․

Նիկոլի բրյուսելյան հանդիպումը Մեծն Թումանյանի պատմվածքն է հիշեցնում։ Ճիշտ է, բանաստեղծի  հերոսը անարատ տղա էր և ներողություն եմ խնդրում Նիկոլի հետ նրան համեմատելու համար, բայց ինչպես Աղազարյանը կասեր՝ փոխաբերական իմաստով ընկալեք․ «Նեսոն աղքատ է․․․ Նեսոն տգետ է․․․ Նեսոն լցված է գյուղական չարքաշ կյանքի դառնություններով․․․ Նա էլ եթե ուսում առներ, կրթվեր, ապահով լիներ՝ լավ մարդ կլիներ, գուցե ինձանից էլ շատ ավելի լավը․․․»։

Այո, Հայաստանի հարց լուծողը այդպիսին է, բայց մի բան պակասում է՝ ա՜յ եթե իր երկիրը սիրեր, կարելի էր մոռանալ աղքատությունը, տգիտությունը, ընչաքաղությունն անգամ․․․ Հեղինակը փորձել է արդարացնել Նեսոյին, որովհետև Նեսոն անարատ էր՝ իր սարերի քչքչան աղբյուրների պես։ Բայց մենք ո՞նց արդարացնենք  Նիկոլ Փաշինյանի շքախմբային բրյուսելյան վոյաժը, երբ գնացել է փող ուզելու, բայց Բրյուսելում գործնական քայլով պատասխանել են․ «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»։

Փորձեմ ես էլ ավելացնել Բրյուսելի միտքը․«Իրեք մանեթ ունենամ, կտանեմ Ուկրաինային կտամ,  հրես Զելենսկին ատամները սրած փողի է սպասում, որ Ռուսաստանին հախից  գանք»։ Նիկոլ Փաշինյանը հաշվել էր էր, թե Զելենսկուն Եվրոպան ու ԱՄՆ-ն ինչքա՜ն փող են տվել ու շարունակում են տալ, բայց մի բան հաշվի չէր առել, որ ծառայության դիմաց են փող տալիս։ Զելենսկին Ռուսաստանին թուլացնելու համար է ներդրվել ու դրա համար իր ժողովրդի արյունն է տալիս։ Եվրոպան, չնայած Փաշինյանի անխոնջ ջանքերի, չի կարող երկրորդ ճակատը բացել։ Ինքը պարտվում է ուկրաինական ճակատում, ինքը քամվում է Ուկրաինայում և այս պահին երկրորդ ճակատը բացելը Հայաստանում իր համար պարտություն է։ Դրա համար էլ Նիկոլին այսպես է ճանապարհել՝ գնա տեսնենք ոնց ենք Ուկրաինայում Ռուսաստանի հախից գալիս, հետո Հայաստանի մասին կմտածենք։ Գնահատում ենք քո անխոնջությունը, բայց համբերիր սրա տակից դուրս գանք, հետո, ծառայությանդ համեմատ քեզ փող կտանք։ Սցենարն անկասկած  այսպիսին է եղել։

Նիկոլը տերերից փող է ուզել, նրանք էլ ասել են․ «Կա ո՜չ, կա ո՜չ, ա՛յ ոչ ու փուչ, որտեղի՞ց տամ․․․ Երեք մանեթ ունենամ՝ կտանեմ, հացի կտամ, կբերեմ կուտեք, հրես մնացել եք սոված նստած․ կա ո՛չ․․․»։ Այսքանից գուցե դաս առներ Փաշինյանը և Ռուսաստանին մեղադրելուց առաջ, հիշե՜ր, որ Ռուսաստանի համար  ևս դժվար էր  Արցախում, Հայաստանում երկրորդ ճակատ բացելը, չնայած Արևմուտքը՝ հանձինս Նիկոլի, հենց դրան էր հրահրում։ Բայց Ռուսաստանը չտրվեց այդ սադրանքին և ողջ ուժը առաժմ կենտրոնացրել է Արևմուտքի դեմ։ Ընկալե՞ց Փաշինյանը , որ Արևմուտքը ևս իրեն փող չի տալիս, որովհետև երկրորդ ճակատ բացելը պարտություն է։ Ինչ տեսանկյունից էլ մոտենանք հարցին, կենաց մահու պատերազմի մեջ գտնվող դաշնակցի նկատմամբ նման անառողջ մոտեցումը արատավոր է և համոզված եմ ծանր վիճակում հայտնված բարեկամին նման վերաբերմունք ցուցաբերելը անպատասխան չի մնալու։