Դատավորներին կարգալույծ անելու «երկրորդ սեզոնը» մեկնարկել է

Դատավորներին կարգալույծ անելու «երկրորդ սեզոնը» մեկնարկել է

Արդարադատության նախարարությունը կրկին վերսկսել է դատավորների դեմ կարգապահական վարույթներ հարուցելու գործընթացը, վարույթներ է հարուցել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավորներ Ռուբեն Բունիաթյանի, Մուրադ Հովակիմյանի եւ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանի նկատմամբ։ Բոլորն էլ նախկինների ժամանակ նշանակված դատավորներ են, որոնց ուզում են դուրս մղել համակարգից` փոխարինելով նոր, երիտասարդ եւ, բնականաբար, հնազանդ դատավորներով:

Միջնորդությունների քննությունները տեղի կունենան մայիսի 15-ին։ Ռուբեն Բունիաթյանը դատավոր է աշխատում 2011 թվականից եւ փաստաբանների կողմից տրված գնահատականներով՝ բարձր վարկանիշ ունի, Մուրադ Հովակիմյանը դատավոր է աշխատում 2007 թվականից, նրա վարկանիշը +17 է, այսինքն՝ դրական վարկանիշ ունի, իսկ Դավիթ Սարգսյանը, ով նշանակվել է 2016 թվականին, +16 վարկանիշ ունի: Այսինքն՝ բոլոր երեքն էլ դրական վարկանիշ ունեցող դատավորներ են։

Մեզ հետ զրույցում Մուրադ Հովակիմյանն ասաց, որ իր դեմ հարուցված կարգապահական վարույթի պատճառը դատական ակտը կողմին տրամադրելու ուշացումն է, այսինքն՝ այն ստանդարտ հիմքերից մեկը, որով դատավորների դեմ կարգապահական վարույթ են հարուցում եւ դադարեցնում լիազորությունները, ինչպես դա եղավ, օրինակ, Աննա Փիլոսյանի դեպքում։ Դատավորին հարցրինք՝ մտավախություն չունի՞, որ իր դեպքում էլ կարող են լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ վարույթ հարուցել։ «Չեմ կարող ասել, դա ինձնից չի կախված»,- պատասխանեց Հովակիմյանը։ Որքանո՞վ է օբյեկտիվ համարում, երբ դատավորների լիազորությունները դադարեցնում են այդ հիմքով։

«Դա էլ չեմ կարող ասել, դա իմ իրավասության մեջ չի մտնում, Բարձրագույն դատական խորհուրդն է որոշում, հիմա մտավախությունը կա թե չկա, ես չեմ որոշողը»։ Դիտարկմանը, թե շատ դատավորներ են արդեն հայտարարել, որ ակտերի ուշացումը պայմանավորված է դատարանների ծանրաբեռնվածությամբ, եւ հարցին, թե ինքն ինչ պատճառով է ուշացրել ակտի տրամադրումը, Հովակիմյանն արձագանքեց․ «Այդ նույն պատճառով, ծանրաբեռնվածությունն է պատճառը»։

Ռուբեն Բունիաթյանի եւ Դավիթ Սարգսյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։