Ինչպիսին կարող է լինել Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում, եթե նման ապագա կա

Ինչպիսին կարող է լինել Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում, եթե նման ապագա կա

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 13-ին Ղրղզստանում գտնվող «Էդելվեյս» ուսումնավարժական բազայում, որը պատկանում է երկրի ՊՆ-ին, տեղի ունեցավ ՀԱՊԿ խաղաղարար ուժերի «Անխախտ եղբայրություն» համատեղ զորավարժությունների ամփոփիչ փուլը։ Զորավարժությունների ընթացքում փորձարկված մանեւրները, ըստ փորձագետների, ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ում չափազանց կարեւորում են Կենտրոնական Ասիայում կայունության ապահովումը, չնայած այն բանին, որ կազմակերպությունում քիչ չեն տարաձայնությունները, եւ հատկապես Հայաստանի պահվածքը բավականին հարցեր է առաջացնում։

Ավելին, հաճախ կասկածի տակ է առնվում ՀԱՊԿ գործունեության արդյունավետությունը՝ առհասարակ։ Ռուսական մեդիատարածքում առկա տեսակետներից մեկի համաձայն՝ ՀԱՊԿ-ն ներկայում ապրում է բավականին բարդ ժամանակներ եւ, ըստ էության, անցնում է փորձություն։ Դա առաջին հերթին պայմանավորված էր Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններով, որը հանգեցրեց Երեւանի եւ ՀԱՊԿ-ի, իսկ առաջին հերթին՝ Երեւանի եւ Մոսկվայի հարաբերությունների լարմանը։ Ընդ որում՝ Հայաստանը ոչ միայն տեւական ժամանակ ակտիվորեն քննադատում է ՀԱՊԿ-ին, այլ նաեւ սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ գործերում։ Դա, ըստ ռուսական փորձագիտական հանրույթում եղած տեսակետի, արտահայտվեց նրանով, որ նախ իր տարածքում վարժանքների անցկացումը թույլ չտվեց եւ, ապա, չմասնակցեց համատեղ վարժանքներին։ Հայաստանն այսօր, ըստ էության, սկսում է ռեւիզիա անցկացնել ՀԱՊԿ-ին իր մասնակցության հարցում, ինչը բավականին վտանգավոր է հենց ՀԱՊԿ-ի համար։ Այդ ռեւիզիան կարող է տարբեր կերպ ավարտվել։ Ամենապարզ հանգուցալուծմամբ՝ Երեւանը կարող է պարզապես դուրս գալ կազմակերպությունից։ Ռուսական փորձագիտական հանրույթում կարծես թե դրանում համոզված են, որ մի օր հենց այդպես էլ կլինի։

Մյուս կողմից էլ՝ Հայաստանը կարող է շարունակել մնալ կազմակերպությունում՝ ելնելով «շրջադարձի ժամանակ ձիեր չեն փոխում» սկզբունքից, քանի որ իրական այլընտրանքային տարբերակներ, որոնք կօգնեին Հայաստանին՝ սեփական անվտանգությունն ապահովել, Երեւանի համար պարզապես չկան։ Նույնիսկ եթե Հայաստանն այս սկզբունքին էլ հետեւի, դա ՀԱՊԿ-ի համար մեծ ձեռքբերում համարել չի կարելի, քանի որ Հայաստանը, շարունակելով մնալ ՀԱՊԿ-ում, ամենեւին էլ լիարժեքորեն չի մասնակցելու վերջինիս գործունեությանը։ Հայաստանի ղեկավարությունը կարող է պարզապես խուսափել համատեղ գործողություններին մասնակցությունից, ինչպես որ անում է հիմա։ Այս դեպքում Հայաստանը կդադարեցնի հավելյալ արժեք ներդնել հավաքական անվտանգային համակարգում եւ կվերածվի «անտոմս» երթեւեկողի, որը երթեւեկում է պարզապես ուրիշի հաշվին՝ ձգտելով առավելագույնս սեփական եկամուտներն ավելացնել՝ անտեսելով դաշնակիցների շահերը։ Ռուս փորձագետները մտավախություն ունեն, որ գլոբալ առճակատման ներկայիս պայմաններում եթե Հայաստանը, այնուհանդերձ, այս վերջին սկզբունքով առաջնորդվի, ապա միջին հեռանկարայնության ժամկետի համար այն կարող է լինել «վարակիչ», ինչը կարող է հանգեցնել կազմակերպության արդյունավետության իրապես նվազմանը կամ անկմանը։