Հայաստանի արտաքին քաղաքականությունը` «գժական եւ նեադեկվատ»

Հայաստանի արտաքին քաղաքականությունը` «գժական եւ նեադեկվատ»

Փաշինյանի կառավարության որ ներկայացուցչին ուզում ես լսիր. ոչ թե սովորական պաշտոնյա է, այլ՝ մտքի գիգանտ: Այլ կերպ չէր էլ կարող լինել, չէ՞ որ նրանք աշխատում են Փաշինյանի հետ, սովորում են նրանից: Չնայած դեռ սովորելու շատ բան կա. շատերն իրենց հայտարարություններով արդեն կարողանում են «նեադեկվատ» թվալ, բայց դեռ հնարավոր չէ իրենց լիարժեք գժի տեղ դնել: Հիշում եք, չէ՞, որ հայտնի գաղտնի ձայնագրությունում Փաշինյանը կուսակիցներին պատմում էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ իրեն գժի տեղ է դրել, «նեադեկվատ թվալով»: Իսկ նրանք Փաշինյանին առաջարկում էին լուծել Արցախի հարցը Լավրովի պլանի համաձայն` հինգ շրջաններ հանձնել, Ադրբեջանի մնացած մասում տեղակայել խաղաղապահներ, Փաշինյանն էլ ասում էր` չէ, մինչեւ Արցախի կարգավիճակի հարցը չլուծվի, ոչ մի զիջում չի անի, հո չի՞ թողնելու, որ ժողովուրդն իրեն դավաճան համարի: Վերջը հասավ իր ուզածին` Ղարաբաղի կարգավիճակը ճշգրտված է, ինքն էլ դավաճանի պիտակ չունի:

Օրերս ԱԳ փոխնախարարներից Վահան Կոստանյանն էլ, մոռանալով զբաղեցրած պաշտոնը, իրեն դրել էր ֆուտբոլային մեկնաբանի տեղ ու հայտարարել, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում գնդակը թուրքական կողմում է, դրան էլ հաջորդեցին մյուս փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանի մեկնաբանություններն այն մասին, որ Եվրախորհրդարանի նիստում խոսելով դաշնակից պետությունից ունեցած հիասթափության մասին՝ Փաշինյանը նկատի չուներ Ռուսաստանին, բայց այդպես էլ հրաժարվեց պատասխանել հարցին, թե ում նկատի ուներ Փաշինյանը: Մենք խորապես կցավակցեինք Պարույր Հովհաննիսյանին, եթե նա հանգամանքների բերումով գերի ընկած լիներ փաշինյանական ճամբար, եւ նրան մահվան սպառնալիքով ստիպեին զբաղեցնել ԱԳ փոխնախարարի պաշտոնը ու նման մեկնաբանություններ տալ: Բայց քանի որ այդպես չէ, նա կամավոր եւ մեծ հաճույքով է ստանձնել Փաշինյանի կառավարությունում աշխատելու գործը, զբաղեցնելու միջազգային, կարելի է ասել, համաշխարհային հեղինակություն վայելող Արարատ Միրզոյանի տեղակալի պաշտոնը, մենք Հովհաննիսյանին ցավակցելու փոխարեն կցավակցենք մեզ եւ ամբողջ հայ ժողովրդին՝ անվերջանալի ձգվող ողբերգություն ապրելու համար:

Փաշինյանին Եվրախորհրդարանում ծափահարեցին ոչ թե նրա համար, որ նա խոսեց Հայաստանի ժողովրդավարական հաջողությունների մասին, այդ ծափահարություններն ուղղված էին նրա ելույթի հակառուսական մասին, որտեղ Փաշինյանը Ռուսաստանին ներկայացրեց որպես ոչ հուսալի եւ պետք եղած ժամանակ դաշնակից երկրին ոչ թե օգնող, այլ գցող երկիր, որից Հայաստանն ուզում է օր առաջ հեռանալ եւ պատրաստ է Ռուսաստանին փոխարինել ԵՄ-ով, ուղղակի սպասում է, որ ԵՄ-ն Հայաստանին իրեն մոտ թողնի: Բայց եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարող է իրեն թույլ տալ Եվրախորհրդարանում հակառուսական ելույթ ունենալ, ապա ինչո՞ւ Հայաստանի ԱԳ փոխնախարարը չի կարող պաշտպանել իր կառավարության ղեկավարին եւ ասել, որ, այո, Փաշինյանը նկատի ուներ հենց Ռուսաստանին, այո` Հայաստանն իսկապես հիասթափված է Ռուսաստանի վարած քաղաքականությունից: Սա ի՞նչ թատրոն է, որտե՞ղ եք տեսել, որ կառավարության ղեկավարը մի բան ասի, իսկ կառավարության անդամները փորձեն շտկել ղեկավարի ասածը, փորձեն այն դարձնել անդեմ, թե բա՝ մենք այլ դաշնակցից ենք հիասթափվել: Իսկ ո՞ր դաշնակցից եք աջակցության հույս ունեցել, որ մի հատ էլ հիասթափվել եք: Բելառուսի՞ց, որի նախագահը երբեք չի թաքցրել իր պրոադրբեջանական դիրքորոշումը, թե՞ Ղազախստանից ու Ղրղզստանից, որոնք Ադրբեջանի հետ անհամեմատ ավելի մեծ քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային փոխգործակցություն ունեն, քան՝ Հայաստանի: Հովհաննիսյանին պետք է բացատրել, որ ին-որ մեկից հիասթափվելու համար նախ պետք է այդ մեկից ինչ-որ սպասումներ, հույսեր ունենալ` նոր հիասթափվել: Օրինակ, մենք Հայաստանի կառավարությունից, ԱԳՆ-ից եւ նրա ղեկավարներից երբեք եւ ոչ մի պարագայում չենք կարող հիասթափվել՝ արդեն վերը նշված պատճառահետեւանքային կապի պատճառով:

Վերադառնալով հարցին, թե ինչպես է պատահում, որ կառավարության ղեկավարը մի բան է ասում, իսկ նրա ենթակաները հայտնվում են հիմար վիճակում եւ փորձում են ինչ-որ արդարացումներ գտնել՝ իրենց ղեկավարի ասածն իբրեւ թե ջրելու համար, ապա դրա համար կա ընդամենը մի պարզ բացատրություն. Հայաստանը չունի արտաքին քաղաքականություն, չունի արտաքին քաղաքականության սկզբունքներ: Փաշինյանը, Միրզոյանը, Հովհաննիսյանը եւ մյուսները չգիտեն՝ Հայաստանը մնալո՞ւ է ԵԱՏՄ-ում կամ ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս է գալու, Հայաստանը Ռուսաստանի՞ դաշնակիցն է, թե՞ Արեւմուտքի, ովքե՞ր են մեր թշնամիները եւ բարեկամները: Այդ հարցերն իրենք չեն որոշում, այլ իրենց փոխարեն որոշում է վերադասը:  Փաշինյանը գնում է Ստրասբուրգ, ելույթ է ունենում Եվրախորհրդարանում, եւ նրան ծափ են տալիս, բայց դա ամենեւին չի նշանակում, որ Հայաստանը ԵՄ-ի դաշնակիցն է դառնում, կամ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանին տալ այդ կազմակերպության թեկնածուի կարգավիճակ: Ուղղակի Փաշինյանը խոսում է իրենց թշնամի Ռուսաստանի դեմ, իրենք էլ ծափ են տալիս, ասում են` ապրես, որ, լինելով դե յուրե Ռուսաստանի դաշնակիցը, գցում ես քո դաշնակցին, անվանարկում եւ փնովում ես նրան: Փաշինյանը Ռուսաստանին ասում է՝ Հայաստանում գտնվող քո ռազմաբազային կամ սահմանապահ զորքերին ոչինչ չի սպառնում, որովհետեւ չի ուզում վերջնականապես փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դառնալ Ռուսաստանի թշնամին, քանի որ իր իշխանությունը նստած է Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններից ստացվող բազմամիլիարդանոց եկամուտների ճյուղի վրա: Հայաստանի բյուջեի եկամուտների մեծ մասը ձեւավորվում է ոչ թե եվրապատգամավորների ծափերից, այլ զուգահեռ ներկրումներից, Ռուսաստան վերաարտահանումից, Ռուսաստանից Հայաստան էժան ապրանքների եւ հումքի ներմուծումից, Հայաստանում արտադրվող ապրանքներն այլ շուկա չունեն, քան ռուսականը: 

Դրա համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնորոշել սովորական բառերով՝ հնարավոր չէ, այն պետք է կոչել «գժական» եւ «նեադեկվատ», որովհետեւ նորմալ պայմաններում հնարավոր չէ միաժամանակ եւ ամեն օր բողոքել ՀԱՊԿ-ից եւ շարունակել մնալ այդ կազմակերպության մեջ, հնարավոր չէ ռուսական ռազմաբազան հայտարարել Հայաստանի անվտանգության սպառնալիք, բայց ասել նաեւ, որ դրա գոյությանը ոչինչ չի սպառնում, Ռուսաստանին մեղադրել Հայաստանում ներքաղաքական խժդժություններ հրահրելու համար, իսկ հետո զանգահարել ու շնորհավորել այդ երկրի ղեկավարի ծննդյան տոնը: Դե, նման պայմաններում ի՞նչ անի Պարույր Հովհաննիսյանը, եթե «նեադեկվատ» չպահի, որ տակից դուրս գա, եւ դա նրա կամավոր ընտրությունն է:

Ավետիս Բաբաջանյան