Երբ պարտվածն իրեն հանձնել է Լադիմիր Լադիմիրովիչի ողորմածությանը

Երբ պարտվածն իրեն հանձնել է Լադիմիր Լադիմիրովիչի ողորմածությանը
Արա Սահակյան

Հարցազրույց Արա Սահակյանի հետ

- Ի՞նչը ստիպեց, որ Փաշինյանն ասի` նոյեմբերի 9-ին հանդիպելու պայմանավորվածություն այս պահին չկա, իսկ Կրեմլի խոսնակը նույն պահինասի, որ  եռակողմ հանդիպում է նախատեսվում` տեսակոնֆերանսի ձեւաչափով։ 

- Հարցազրույց տվողը նպատակ էր հետապնդում կրքեր հանդարտեցնող խոսք ասել ընդդիմության բողոքի գործողությունների եւ եռակողմ նոր փաստաթղթի ստորագրման նախօրեին։ Նա ցուցադրեց անկեղծ երեւալու ցանկություն։ Դա լավ նշան չէ, որովհետեւ մարդիկ նրանից վաղուց անկեղծ, այսինքն՝ ճշմարիտ խոսք չեն լսել։

- Ինչո՞ւ ոչ տետ ա տետ հանդիպում` ո՞վ ում է խնայում։

- Պուտինն է խնայում իր առողջությունը։ Այդքան էլ դյուրին գործ չէ հայերին ու ադրբեջանցիներին մի սեղանի շուրջը նստեցնելը։ Հատկապես, երբ հաղթածն ուզում է ամեն ինչ, իսկ պարտվածն իրեն հանձնել է Լադիմիր Լադիմիրովիչի ողորմածությանը։

- Այլընտրանքը ո՞րն է, ի վերջո, նոյեմբերի 9-ը չեղարկելու կոչ անում են մի բուռ ազգային ուժեր, սպառողների ու ինչ-որ թերապեւտների ասոցիացիաներ, իսկ արմատական ընդդիմությունը «Ո՛չ թրքացմանը» օրակարգով հանրահավաք է անում։

- Այլընտրանքը հավերժ նույնն է բոլոր ժամանակների եւ բոլոր ժողովուրդների համար՝ ունենալ բանիմաց, պատասխանատու եւ փոփոխելի իշխանություն։ Ավաղ, կորստաբեր պատերազմը հայերիս թողեց անորոշ ու անբովանդակ հույսերի մեջ։ 2018 թ. հեղափոխական պսիխոզին հետեւել է զանգվածային դեպրեսիայի վիճակը։ Գլուխ են բարձրացրել մարդատյացների, աստվածանարգների ու տգետների ստոր բնազդները։

- Փաշինյանն ասաց, որ չի հասկանում, թե ինչ է «ոչ թրքացմանը»։

- Ես հասկացել եմ այդ կարգախոսը հետեւյալ կերպ․ իշխանությունը պարտավոր է ընդհանուր քննարկում նախաձեռնել, եթե երկրի դռները բացում է Ադրբեջանի եւ Թուրքիայի առջեւ, այն մասին, թե տնտեսական ու վարչական ինչ քայլեր է իրականացնելու` Հայաստանի ներքին շուկան ագրեսիվ ներխուժումից պաշտպանելու համար։ Պետք է պատրաստ լինել, պայմանական ասած, թրքացմանը։ Հետո, երբ բանը բանից անցնի, այս անգամ էլ հարկային, մաքսային, ոստիկանական գեներալների վզին չդնեն մեղքը, թե դուք ինձ զեկուցել էիք, որ տնտեսությունն ու հասարակությունը պատրաստ են չեզոքացնելու «թրքացման» վտանգը․․․

- Երեւանն այլեւս չի՞ բացառում «3+3» ձեւաչափը։

- Շատ դժվար է խելամիտ բան ասել մերոնց միջազգային գործերի մասին՝ այն պարզ պատճառով, որ մենք չենք հանդես գալիս նախաձեռնություններով, եւ իշխանությունը չի երկխոսում փորձագիտական շրջանակների հետ։ Այստեղ էլ են իմուքո անում, թաքցնում են նույնիսկ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է տարածել հենց ոչ իշխանական խողովակներով։ Մի խոսքով, թույլիկ վիճակ է ամենուր։ Վերջը բարի լինի։

- Իշխանական քաղաքագետներն ասում են, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կապը պահանջում են ոչ միայն Ալիեւն ու Էրդողանը, այլեւ՝ ՌԴ-ն, ուստի անհնար է դիմադրել։ 

- Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ճանապարհները պետք է բացվեն ու գործեն անխափան, եւ պետք է պահպանենք մեր սուվերեն տարածքում (ոչ թե ավտոնոմ կամ ինքնավար, ինչպես օրերս սխալմամբ թարգմանվեց Օվերչուկի ասածը) մեր օրենքների ու ընթացակարգերի գործադրման մեր անսակարկելի իրավունքը։ Խնդիրը բարդացնում են բազում հանգամանքներ՝ մեր ներքին պառակտվածությունը, իշխանության կարողությունների նկատմամբ ընդհանուր թերահավատությունը, մեզանում որոշումների մշակման եւ արտածման մեխանիզմների բացակայությունը, հարեւանների կասկածելի շտապողականությունը, մեր քայլերի արտաքին պարտադրվածությունը եւ այլն։ Միայն մեկ դիտարկում․ Ադրբեջանը, ինչպեսեւ մենք, ԱՊՀ անդամ է։ Այս գրեթե 30 տարիների ընթացքում ԱՊՀ շրջանակներում ընդունվել են մի քանի հազար համաձայնագիր եւ որոշում։ Արդյոք ողջ խորությամբ գնահատվա՞ծ է, թե ինչ փոխադարձ պարտավորություններ են ստանձնել Հայաստանն ու Ադրբեջանն ԱՊՀ հարթակում, որոնք պարտավոր են հարգել ու գործադրել հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եւ նոր տնտեսական կապերի հաստատման իրավիճակում։ Նույնը վերաբերում է Առեւտրի համաշխարհային կազմակերպության եւ Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրին մեր հանձնառություններին։ Ընդ որում, նկատի ունեմ ոչ միայն մեզ դարանակալած կամ տհաճ անակնկալները, այլեւ մեզ համար շահավետ քայլերը։ 

- Իսկ ո՞րն է լավագույն լուծումը` Փաշինյանի հրաժարակա՞նը։

- Բարեբախտություն է, որ լավագույն ճանապարհների հույս կա։  Թեեւ, Արիստոտելը զգուշացնում էր՝ Հույսը արթմնի երազ է։ Հանկարծ երազախաբ չլինենք։