Այդ մարդիկ գիտեն իմ վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ. Անահիտ Բախշյան

Այդ մարդիկ գիտեն իմ վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ. Անահիտ Բախշյան

«Ժառանգության» նախկին անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը կիսվել էր Պրահայում բնակվող Շուշան Ղազարյանի գրառմամբ, որ Քոչարյանն արդեն ինքնաթիռի տոմսեր է բաժանում՝ արտասահմանից իրեն ընտրել ցանկացողների համար։ Ու որ «արդեն Եվրոպայից հստակ եկողներ կան։ Իր կողմից Անահիտ Բախշյանը մեկնաբանել էր․ «Միանում եմ Շուշան Ղազարյանի կոչին, որը սթափության ճիչ է»։

Տիկին Բախշյանի կողմից այս նյութի կիսումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում բավականին մեծ փոթորիկ առաջացրեց, և անգամ նրան ճանաչող ու նրա հետ աշխատած լրագրողներ ու պատգամավորներ բավականին կոշտ էին արձագանքել։ 

Նաիրա Զոհրաբյանը, օրինակ, գրել էր․ «Տիկին Բախշյան, լուրջ կին եք՝ էս ինչ անհեթեթություն եք տարածում»։ Լրագրող Ագնեսա Խամոյան․ «Տիկին Բախշյան, ամոթ է, մեծ կին եք ու իբր կրթության ոլորտի մասնագետ, ամեն հիմարություն տարածելուց չբավականացա՞ք»։ Լրագրող Լիա Խոջոյան․ «Տիկին Բախշյա՞ն , փաստորեն, ուզում եք էս տականքը երկիրը թուրքին նվիրի, սաղիս էլ հետը։ Փաստորեն, ուզում եք այդքան երեխեքի գլուխ կերած անաստվածը մնա՞՞։ ԱՄՈԹ, էս ինչ ցնդաբանություն եք տարածում»։

Փաստաբան Երվանդ Վարոսյան․ «Երբ զգում եք, որ հարկավոր է թոշակի անցնել` անցե՛ք թոշակի»։

Մարգարիտ Եսայան․ «Ամոթ է, տիկին Բախշյան, գոնե հիմա լռեք․․․ էս ի՞նչ եք տարածում»։

 «Հրապարակը» Անահիտ Բախշյանին հարցրեց՝ չի՞ ափսոսում այդ նյութով կիսվելու համար, քանի որ ծանոթ մարդիկ անգամ վատ մեկնաբանություններ էին թողել։

Անահիտ Բախշյանն ասաց․ «Կարծում եմ՝ բոլոր էն մարդիկ, որոնք ինձ ուղղված վիրավորելու աստիճան դիտարկումներ են արել, թե ինչեր են արել, չգիտեմ, էդ բոլոր մարդիկ գիտեն իմ անձնական վերաբերմունքը Քոչարյանի նկատմամբ։ Իմ անձնական վերաբերմունքը չի փոխվել և չի փոխվելու։ Ես իրեն համարում եմ արյունով եկած, արյունով գնացած։ Եվ հիմա զարմանում եմ, որ մարդիկ զարմանում են, որ կիսել եմ Շուշան Ղազարյանի կարծիքը։ Ի՞նչ կար զարմանալու։ Բայց էդքանի հետ մեկտեղ ես հարգում եմ իրենց կարծիքը։ Ես իմ  կարծիքն եմ գրել, իրենք էլ իրենց կարծիքն են գրել իմ կարծիքի վերաբերյալ»։

Բայց չէ՞ որ դա Քոչարյանի հանդեպ վերաբերմունքի մասին չէ, այլ ապատեղեկատվության։ Համաձայնեք, որ անեհեթեթություն է, թե  նա այս սեզոնին 1500- 2000 դոլարանոց տոմսեր է գնում` արտերկրից այստեղ իր օգտին քվեարկողներ բերելու համար։ 

Անահիտ Բախշյանն ի պատասխան ասաց, որ պետք չէ սևեռվել այդ մտքի վրա, գրառումը նաև այլ բաների մասին էր։

«Եվ այն, որ կիսել եմ էդ նյութը, դա հո միայն դրա՞ն չէր վերաբերում։ Այնտեղ շատ ուրիշ մտքեր կան, որոնց հետ համաձայն եմ։ Եվ ես ատում եմ Քոչարյանին»։