Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ մանկապարտեզում 

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ մանկապարտեզում 

Հրազդանի քաղաքապետարանն իր պաշտոնական կայքում հորդորում է բնակիչներին՝ սննդամթերքի մակնշման, պահպանման պայմանների, սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ եւ թերություններ հայտնաբերելու, ինչպես նաեւ սպանդանոցային մորթը հավաստող անասնաբուժական ձեւ 5 վկայականի բացակայության դեպքում զանգահարել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գիծ: Այնինչ հենց քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատությունում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: 

Մասնավորապես՝ հանրային սննդի օբյեկտն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված, բավարար քանակությամբ լվացարաններով` ապահովված տաք եւ սառը ջրով, արհեստական օդափոխության համակարգերով, որոնք կանխում են աղտոտված օդի ներթափանցումը տարածք: Առաստաղը եւ պատուհանները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվեն կամ նվազեցվեն կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը եւ մասնիկների թափվելու հնարավորությունը: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմինը կասեցրել է մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը եւ սահմանել ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ 

Հրազդանի թիվ 13 մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մանկապարտեզը չի գործում, 1 կամ 2 օր դեռ երեխաները մանկապարտեզ չեն հաճախի. «Ճաշը պատրաստելու տարածք կհատկացնեն, որ պահպանվեն սանիտարական նորմերը: Առաջ այդպես գործել է, պարզապես խոհանոցն այդքան խնդիր չուներ, լվացքատունը, որտեղ ամաններն են լվացվում, պետք է վերանորոգվեր, գնումներ են հայտարարում, դե, դուք գիտեք՝ որոշ ժամանակ է անհրաժեշտ: Համայնքը տեղյակ է, լուծումները կտրվեն»: 

Թե Հրազդանում քանի նմանատիպ մանկապարտեզ կա, համայնքապետարանի մամուլի քարտուղար Մայիս Պողոսյանն ասում է. «Բոլոր մանկապարտեզներում կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ արվել են, մաքրությունն ապահովված է, բայց թիվ 12, 13 եւ 16 մանկապարտեզները նախագծման փուլում են, որ ոչ թե կոսմետիկ, այլ շուտով հիմնովին վերանորոգելու ենք, փոխվելու են կահույքը եւ խոհանոցային պարագաները: Ասեմ, որ սանհանգույցները նորմալ վիճակում են, կարող է եվրավերանորոգված չեն, բայց մաքուր են»: