Ըմբոստների մանդատները կվերցնե՞ն

Ըմբոստների մանդատները կվերցնե՞ն

«Իմ քայլից» մոտ 10 պատգամավոր երեկ չքվեարկեց Լաnզարոտի կոնվենցիային, այն ընդունվեց 79 կողմ ձայնով, 12 դեմով։ Բայց տասից միայն երկուսն էին ֆիզիկապես ներկա նիստին՝  Վարդան Աթաբեկյանը, Սասուն Միքայելյանը, մյուսները գուցե հենց այս չարաբաստիկ քվեարկության պատճառով բացակայում էին, բացառությամբ Թագուհի Թովմասյանի, ով «դեկրետի» մեջ է, իսկ բացակայում էին Տիգրաններ Ուլիխանյանն ու Կարապետյանը, Մերի Գալստյանը, Թագուհի Ղազարյանը, Նազելի Բաղդասարյանը, Սերգեյ Մմովսիսյանը:

Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանն իր էջում  անդրադարձավ կոնվենցիայի «հենքով» տարիներ առաջ կատարված «մի անչափ տհաճ օրենսդրական փոփոխությանը»՝ նկատելով, թե պատգամավորներից շատերը, հավանաբար, չգիտեն, թե ինչին են կողմ քվեարկել։ Դանիելյանը հիշեցրեց, որ նախկին քրեական օրենսգրքով քրեական պատասխանատվություն էր սահմանված՝ մինչեւ 16 տարեկան կամ արբունքի չհասած երեխաների հետ փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերության համար։ Հետագայում, հիշյալ կոնվենցիայի դրույթների հենքով (18-րդ հոդված), օրենսգրքում կատարվեցին մի շարք «հեռանկարային» փոփոխություններ, որոնցից արտառոցը, թերեւս, այն էր, որ դրանով արդեն հանվեց պատասխանատվությունն այն անձանց համար, որոնց 18 տարին դեռ չի լրացել, թեպետ 16 տարեկան անձն արդեն քրեական պատասխանատվութան սուբյեկտ է։ «Ասել կուզի` օրինակ, 17-ից մինչեւ 18 տարեկան երիտասարդը, որոնց մի մասն արդեն 2-րդ կուրսում է սովորում, «փոխադարձ համաձայնությամբ» կարող է սեռական հարաբերություն ունենալ արբունքի չհասած, դիցուք, 12 տարեկան անչափահասի հետ (ընդ որում՝ սեռն էլ նշանակություն չունի), եւ իր արարքը չի համարվի անգամ զանցանք։ Մնում է, օրինակ, անչափահասի ծնողին խելամիտ բացատրություն տաք, թե այդ ինչ տրամաբանությամբ է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի համար կոչված կոնվենցիան հանգեցնում հակառակ արդյունքի՝ երեխաների այսպիսի անպաշտպան վիճակի։ Ուշ չէ, գոնե նախաձեռնեք, որպեսզի շրջանառության մեջ դրված քրեական օրենսգրքի նախագծում վերանայվեն հիշյալ կարգավորումները (ի դեպ՝ օրինագծի համար պատասխանատու իրավագետները դեմ չեն)»,- գրել էր արդարադատության նախկին նախարարը։