Լու՜յս, կրա՜կ, «արքան» այդպես է ուզում․․․

Լու՜յս, կրա՜կ, «արքան» այդպես է ուզում․․․

Եկան, մրի մեջ կորցրին ու սևացրին ամեն ինչ։ Եկան ու հանգցրին բոլոր լույսերը։ Հայաստան աշխարհը դարձրին գեհեն։ Մարդիկ չգիտեին՝ կենդանի՞ են թե՞ մեռած։ Մարդիկ իրենց լույս որդինների մարմինների տեղ ոսկոր էին ստանում ու գիշերվա պես մթնում, թանձրանում, լռում։ Իրենք դա տեսնում էին։ Ու ներոնյան կրակագույն լույս ստանալու մոլուցքով նրանք որոշեցին լուսավորել մի հրապարակ։ Ես ոչնչով չեմ տարբերում այդ կրակը ներոնյան լույսերի կրակից։ Լու՜յս, կրա՜կ, «արքան» այդպես է ուզում։ Եթե ներոնյան չէր այդ դիվայնությունը, մարդիկ ինչու՞ն ողբում, որ քանդվում, ավերվում ու «վառվում է հրապարակը»։ Հայաստան աշխարհն այն սևով պատեցին, որ ոչ մի լույս չի օգնի։ Եթե քպ-ականների ճակատին էլ լույսեր շարեն, մեկ է՝ մութ է։ Հրապարակը կլցվի․ այնքան հյուրե՜ր ունենք ու «հյուր դարձած հայեր»։ Նոր տարվա հեքիաթ է՝ այդ լույսերով կխաբվեն միայն երեխաները։ Հետո կհանգեն լույսերը ու համատարած խավար կիջնի։ Չգիտեմ ինչու հիշեցի մի պատմություն։ Երեկոյան տատիս հետ գերեզմանի միջով էինք անցնում՝ տուն հասնելու համար, կարճ էր այդ ճանապարհը, մեկ էլ աչքիս առաջ լույսեր պեծին- պեծին արին։ Վախեցա՝ այդ ի՞նչ լույսեր են տատ։ Ասաց՝ մահացած մարդկանց ոսկորներն են լույս տալիս։ Ես սարսափած կպել էի նրա փեշից, իսկ նա հանգիստ պատմու՜մ, պատմու՜մ էր։ Գերեզմանատանը քիչ մարդիկ էին ննջում՝ բոլորը 80, 90, 100 տարեկան․․․ 

Քանի՜ հազար գարուն՝ 18, 19, 20 տարեկան, խժռեցիք։ Եկաք ու Հայաստանը ծաղկած ծառերի գերեզման դարձրիք։ Այդ հազարների ոսկորների լույսը ձեզ չի՞ կուրացնում․․․ Թե՞ Հայաստանը կեղծ լույսերի մեջ խեղդել եք ուզում։