ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կառույցը հակահարված է պատրաստում

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի կառույցը հակահարված է պատրաստում

Մայիսի 22-ին Հայ հեղափոխական դաշնակցության Արեւմտյան Ամերիկայի կառույցում, մասնավորապես՝ Լոս Անջելեսում, բուռն իրադարձություններ են սպասվում․ Դաշնակցությունը որոշել է «գորգի վրա» հրավիրել Դաշնակցության ղեկավարությանը։ Մեր տեղեկություններով, Արեւմտյան Ամերիկայի կառույցից հեռացված դաշնակցականները չեն հաշտվում իրենց հեռացման մտքի հետ եւ որոշել են հակահարված հասցնել ՀՅԴ-ին։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին ՀՅԴ բյուրոն հայտարարություն էր տարածել, որ ՀՅԴ շարքերից արտաքսվել են Արեւմտյան Ամերիկայի կազմակերպական շրջանի անդամներ Ավետիք Իզմիրլյանը, Քարմեն Օհանյանը, Լեւոն Կիրակոսյանը, Կարո Իսբենճյանը։ Վերջիններս, սակայն, շարունակում են տնօրինել Դաշնակցությանը պատկանող գույքը, գրասենյակները եւ կուսակցության պաշտոնաթերթ «Ասպարեզը», քանի որ ԱՄՆ-ում Դաշնակցությունը գրանցված չէ որպես կուսակցություն, այլ հասարակական կազմակերպություն է, եւ ՀՅԴ-ի գույքն էլ գրանցված է այս արտաքսված դաշնակցականների վրա։ 

Հիշեցնենք նաեւ, որ այս մարդիկ, այսպես ասած, «փաշինյանամետ» դիրքորոշում ունեին, եւ ՀՅԴ-ի հետ հակասությունները սրվել են հատկապես պատերազմից հետո, երբ Դաշնակցությունը հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով եւ հրապարակային պայքար սկսեց նրա հեռացման համար։ ՀՅԴ-ում շատ խիստ են կուսակցական որոշումներին դեմ գնացողների նկատմամբ, եւ արտաքսումը պայմանավորված էր ՀՅԴ որոշումներին դեմ գնալու փաստով։ Սակայն բանն այն է, որ նույնիսկ արտաքսվելուց հետո նրանք չեն հանգստացել՝ «բզբզում» են եւ քանի որ Դաշնակցության շարքերում դեռ համախոհներ ունեն, փորձում են ներսից պայքարել, եւ մայիսի 22-ին նշանակված ժողովում հենց այս հարցերն են քննարկվելու, որին մասնակցելու է նաեւ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ Մենք կապվեցինք նրա հետ՝ հարցնելով, թե ինչ միջոցառում է պլանավորված մայիսի 22-ին, Տեր-Խաչատուրյանը պատասխանեց․ «Անկեղծորեն, ես հիմա այդ հարցով չեմ զբաղված, բոլորովին ուրիշ խնդիրների մեջ եմ, չգիտեմ»։ 

Հարցրինք՝ ճի՞շտ է, որ պատրաստվում եք մոտ ժամանակներս մեկնել ԱՄՆ, Տեր- Խաչատուրյանը պատասխանեց, որ իր մեկնելը վերջնական որոշված չէ։ Հարցրինք նաեւ, թե ճի՞շտ է, որ հեռացված դաշնակցականները կուսակցության շարքերում համախոհներ ունեն, որոնք Փաշինյանին են համակրում եւ պայքարում են կուսակցության որոշումների դեմ։ Պրն Տեր-Խաչատուրյանը պատասխանեց․ «Ես մեր կուսակցության ներքին խնդիրների մասին որեւէ բան չեմ ուզում ասել»։