Ի՞նչ եղավ մեր ազգային բրենդը, և ունե՞նք մենք ազգային բրենդ

Ի՞նչ եղավ մեր ազգային բրենդը, և ունե՞նք մենք ազգային բրենդ

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ 400 հազար դոլարանոց մեր ազգային բրենդը, որը ստեղծվել էր դեռ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք։ Ծրագիրն իրականացվում էր ԱՄՆ ՄԶԳ-ի (Միջազգային զարգացման գործակալություն) հետ, բայց այդ «հանճարեղ» հայրենասիրական գաղափարը գրվեց սառույցին՝ մենք մնացինք առանց ազգային բրենդի։ Ծրագրի իրականացմամբ զբաղվում էր «Բիզնես Արմենիան», որն այն ժամանակ գտնվում էր էկոնոմիկայի նախարարության կազմում, հիմա գոյություն չունի։ Նախարարը, սակայն, չէր հիշում՝ երբ եւ ինչպես է դա եղել։

«Եկեք մի քանի բան տարանջատենք իրարից։ Ինչ որ Դուք հարցնում եք, ես դա հիմա չեմ կարող պարզաբանել, որովհետեւ «Բիզնես Արմենիան» ունեցել է ժամանակին իր ծրագիրը կամ ունեցել է իր աշխատանքային օրակարգում, հավանական է՝ ունենք նաեւ արձանագրած, թե ինչ են արել։ Բայց մենք երբ որ փոքր բիզնեսի հետ քննարկումներ էինք վարում, ոչ թե ազգային բրենդ, այլ տեսակետ կար, հիշում եք՝ օգոստոս ամսին նաեւ ամփոփ քննարկում ունեցանք եւ պատմեցինք, թե, ընդհանուր առմամբ, տարբեր խմբերի կողմից կար կարծիք, որ եթե առանձին ոլորտներում մենք ունենանք մեկ միասնական բրենդ, օրինակ՝ չիրը, ապա դա ավելի մեծ հաջողություն կունենա շուկաներում առաջխաղացման, քան, երբ փոքր արտադրողները գնում են առանձին-առանձին։ Էդտեղ մենք որոշակի աշխատանք կատարում ենք, որ եթե կառավարությունը պիտի աջակցի նման նախաձեռնությանը, ապա դա ինչ բնույթ պիտի ունենա»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այստեղ պիտի լինի նաեւ միասնական որակի ստանդարտ։

- Բայց հիշեցնեմ, որ ՀՀ կառավարությունն ու ԱՄՆ ՄԶԳ-ն ազգային բրենդի ստեղծման համար 400 հազար դոլար էին հատկացրել։ Ի՞նչ եղավ այդ փողը, փոշիացա՞վ։

- Տեսեք, Դուք թիվ եք ասում, ծրագիր եք ասում, ես ոտքի վրա, բանավոր պատասխանեմ մի բանի, որ տեղի է ունեցել մի քանի տարի առաջ, եւ ինչից ես տեղյակ չեմ, չեմ կարող ասել։

- Լավ, հիմա մենք թե՛ տնտեսական, թե՛ ազգային առումով ունե՞նք որեւէ բրենդի կոնցեպցիա, որով կարող ենք ներկայանալ աշխարհին։

- Տեսեք, դա մարկետինգային հարց է, որ որոշ տնտեսություններ հաջողությամբ օգտագործում են։ Ես նորից հետ եմ գալիս իմ առաջին պարզաբանմանը, որ կան տեսակետներ, որ կարող են առանձին դեպքերում նպաստել։ Բայց մեխանիզմները, որոնք պետք է կիրառվեն նման դեպքերում, շատ կարեւոր են։ Այսինքն՝ իրենք պետք է լինեն շատ լավ հասկացված։ Օրինակ՝ դա ջրերի դեպքում է երբեմն օգտագործվում, էդպիսի օրինակ էլ եմ ես հիշում, որ եղել է նման կարծիք՝ չիր, ջրեր․․․

- Վարչապետի կողմից կա՞ հանձնարարական՝ ունենալ ազգային բրենդ։

- Վարչապետի կողմից եղել է շատ հստակ հանձնարարական հետեւյալի առնչությամբ՝ ուշադիր լինել բիզնեսի կողմից բարձրացված բոլոր առաջարկություններին, եւ որտեղ կա խելամիտ սահմաններում տեսակետ, մոտեցում, չանտեսել, քննարկել, աջակցել։

- Հետեւելով վարչապետի հատարարություններին՝ տեսնում ենք, որ արտաքին աշխարհի հետ շփումներում նա ավելի շատ հեղափոխությունն է որպես բրենդ հրամցնում, բայց տնտեսական հարաբերություններում չենք կողմնորոշվում՝ ինչով ներկայանալ։

- Նախ՝ հրամցնել չէ, ներկայացնել, որովհետեւ իմաստային առումով դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այո, ներկայացնել անհրաժեշտ է, որովհետեւ մենք ունենք մեր առանձնահատկությունները, եւ կարծում եմ, որ դա հիմնական հարցը չէ, մենք ունենք բազմաթիվ լավ բաներ, որ վերջին տարիներին իրականություն է, որ կառավարության գործունեության շոշափելի արդյունքն է, եւ մենք հատկապես այդ կետերն ենք առանձնացնում՝ որպես նոր հայկական, տնտեսական իրականության առանձնահատկություններ։

- Որո՞նք, օրինակ։

- Օրինակ՝ արհեստական մենաշնորհների բացառումը, օրինակ՝ կոռուպցիայի բացառումը տնտեսական բոլոր տիպի հարաբերություններում, որոնք որ առնչվում են պետական մարմինների հետ։ Դրանք բաներ են, որոնք որ մենք հեշտ ասում ենք, որովհետեւ մեզ թվում է, որ դրանք էդպես էլ պետք է լինեին, բայց դրանք տրվում են միայն չափազանց հստակ քաղաքական կամքի դեպքում։ Եվ մենք կարող ենք արձանագրել, որ էդ ուղղությամբ ունենք շատ նկատելի փոփոխություններ։ Մի վերլուծություն էր հրապարակվել, միջազգային կազմակերպություններից մեկը հարցում էր կատարել փոքր բիզնեսի շրջանում, եւ առաջին 15 կետերում թվարկված խնդիրների մեջ կոռուպցիան չկար։ Այսինքն, ենթադրում եմ՝ հատկապես հարկային եւ մաքսային մարմինների հետ շփումներում, եթե փոքր բիզնեսը ներկայում տեսներ որեւէ նման խնդիր, ապա այդ 15-ի մեջ կթվարկեր։

- Ձեր թվարկածը՝ կոռուպցիայի բացառում, մենաշնորհների վերացում, մենք կարողանո՞ւմ ենք որպես բրենդ «վաճառել» արտաքին աշխարհին։

- Մենք, գիտե՞ք, մրցակցային աշխարհում ենք։ Այսինքն՝ երբ որ խոսում ենք արտաքին աշխարհի հետ, պիտի հիշենք, որ օտարերկրյա ներդրողն իր որոշումները կայացնելիս ծանրութեթեւ է անում բոլոր առավելությունները, որ կարող է լինել, եթե նա որոշում կայացնի Հայաստանում գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Եվ մենք դա ներկայացնում ենք ամենայն մանրամասնությամբ։ Եվ ես կարծում եմ՝ այո, դրանք ազդում են միջազգային ներդրողների վարքագծում։

- Բայց դեռեւս խոշոր ներդրումներ չենք տեսնում։ Մինչ օրս Նիկոլ Փաշինյանը կտրում է այն նորաբաց ընկերությունների ժապավենները, որոնց հետեւում նախորդ իշխանության օլիգարխներն են՝ Ալեքսանյան, Ծառուկյան․․․

- Չեմ համաձայնի Ձեզ հետ։ Ինձ թվում է, որ Դուք Ձեր հարցադրման մեջ այնպիսի ձեւակերպումներ եք օգտագործում, որոնք հասարակ են դարձնում տեղի ունեցող իրադարձությունները։ Ժապավեն կտրելը երեւույթի ամենակարեւոր բնորոշումը չէ։

- Բայց դրա տակ խորքային իմաստ կա։

- Խորքային իմաստն այն է, որ կարեւոր չէ, թե դա որ ներդրողի հետ առնչվող ծրագիր է, բայց այն հանգամանքը, որ տվյալ պարագայում որոշում է կայացվում Հայաստանում ընդլայնել կարի արտադրությունում գործունեությունը, եւ եւս 2-3 հազար աշխատողի հեռանկարով գործունեություն ծավալել, դա էապես կախված է այն վստահությունից, որ ունեն ներկա կառավարության քաղաքականության նկատմամբ։

- Արդյոք նպաստո՞ւմ է այդ վստահության ամրապնդմանն այն, որ, ասենք, Ծառուկյանի գործընկեր իտալացի ներդրողին կանչում են հարցաքննության, փորձում հետապնդման ենթարկել։

- Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին եք խոսում։ Բայց եկեք ես ընդհանուր պատասխանեմ։ Եթե որեւէ տնտեսվարող սուբյեկտ գործում է օրենքին համապատասխան, ապա նա մտահոգվելու ոչինչ չունի՝ լինի դա օտարերկրյա, թե տեղացի ներդրող։ Եթե տնտեսվարողներն իրենց գործունեության եւ որոշումների ընթացքում շրջանցում են օրենքի պահանջները, ապա պիտի հստակ պատկերացնեն, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կարող են իրավապահ կառույցները հարցեր տալ իրենց։ Հարցեր տալը դեռ չի նշանակում, որ հետապնդում է։