«3+3» ձեւաչափ․ նոր հարթա՞կ, թե՞ հերթական դեկորացիա

«3+3» ձեւաչափ․ նոր հարթա՞կ, թե՞ հերթական դեկորացիա

Արդեն հայտնի է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կկայանա հարավկովկասյան համագործակցության «3+3» ձեւաչափով առաջին հանդիպումը։ Հանդիպումը լինելու է ԱԳ նախարարների տեղակալների մակարդակով, որոնց մասնակցելու են, սակայն, Հայաստանը, Ռուսաստանը Ադրբեջանը, Իրանը, Թուրքիան։ Վրաստանը, ինչպես արդեն ասվել էր պաշտոնական Թբիլիսիի կողմից, չի մասնակցելու այդ հանդիպմանը։

Այսինքն՝ ֆորմատը, իհարկե, «3+3» է, սակայն այն, ըստ էության, «3+2» է, քանի որ հարավկովկասյան երեք հանրապետություններից մեկը՝ Վրաստանը, դուրս է այս նախագծից եւ դրա համար ունի իր պատճառները։ Ընդհանրապես, այս նոր ձեւաչափի հետ կապված հիմնական ինտրիգը, եթե անկեղծ լինենք, հենց Վրաստանի հետ էր կապված։ Ինքնին հասկանալի է, որ ոչ նախանձելի վիճակում գտնվող Հայաստանը, «հաղթանակի էյֆորիայի» ծխածածկույթով պարուրված Ադրբեջանը խնդիր չեն, իսկ Իրանի համար սա հավելյալ հարթակ է տնտեսական բարդ կացությունը մեղմելու համար։

Սակայն տարածաշրջանի, այսպես ասենք՝ ամենից «արեւմտյան» պետության՝ Վրաստանի համար այս ձեւաչափը, մեղմ ասած, մի փոքր «բարբարոսական» է, քանի որ, նախ, այնտեղ չկա Արեւմուտքը ներկայացնող որեւէ ուժ, որի հանդեպ Թբիլիսին ունենար վստահություն եւ հույս կապեր վերջինիս հետ, եւ դա էլ իր հերթին վստահություն հաղորդեր, որ մասնակցելու դեպքում ամեն բան լավ կլինի։

Այնտեղ չկա ԵՄ-ն, չկա ԱՄՆ-ն, հետեւաբար, այդ ձեւաչափը Վրաստանի համար ոչ թե առավելություն է, այլ, ընդհակառակը՝ «մինուս», քանի որ այնտեղից «մինուս» են արված իր համար վստահելի գործընկերները։ Բացի այդ, Վրաստանի համար, ըստ իր արտաքին քաղաքականության վարման հայեցակարգի, անընդունելի է մասնակցությունը որեւէ ֆորմատի, որտեղ առկա է Ռուսաստանը։ Վրաստանի համար Ռուսաստանն ագրեսոր երկիր է, հետեւաբար, ագրեսորի հետ նստել սեղանի շուրջ եւ դրանով ինչ-որ իմաստով լեգիտիմացնել իր տարածքային կորուստները, անթույլատրելի է Թբիլիսիի համար, անկախ այն հանգամանքից, թե տնտեսական կամ տարանցիկ ինչ նշանակություն կարող է ունենալ ձեւաչափը։ Հայաստանի համար․․․․ դե, մեծ հաշվով, Հայաստանի կարծիքը հարցնող չկա էլ։ Ռուսաստանի համար սա նոր հարթակ է, որտեղ ինքը կփորձի ստանձնել առաջնորդողի դերը։ Թուրքիան նույնպես կփորձի իր ազդեցությունն ավելացնել տարածաշրջանում կամ իր մասնակցությունը դարձնել Ռուսաստանի հետ «դիրքեր ճշտելու» հարթակ, հատկապես որ Մոսկվան առանձնապես դեմ չէ, որ Անկարան «մի քիչ էլ չարաճճիություններ անի»։

Իսկ ընդհանուր առմամբ, գաղափարը բավական լավն է, որպես համագործակցության ձեւաչափ, միայն մնում է, որ այն աշխատի։ Հակառակ պարագայում այն կդառնա կարապի, գայլաձկան եւ խեցգետնի առակի՝ տարածաշրջանի քաղաքական կյանքում հերթական դրսեւորումն ու կունենա դեկորատիվ կամ բուտաֆորիկ նշանակություն։