ՀՀԿ-ում վերաթարմացման գործընթաց է սկսվել

ՀՀԿ-ում վերաթարմացման գործընթաց է սկսվել

Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոշ տեղեկություններով, այժմ լուրջ դիրքավորման փուլում են եւ պատրաստվում են լայնամասշտաբ գրոհ ձեռնարկել թավշյա հեղափոխության մեկամյակի շրջանում։ Նրանք գույքագրում են նոր իշխանությունների արած-չարածը, որպեսզի հատ-հատ  խոսեն կատարվածի ու հատկապես անկատար խոստումների մասին՝ հակադարձելով հեղափոխականներին, որ երկրում ամենեւին էլ իրավիճակ չի փոխվել։ Մասնավորապես տեղեկացանք, որ հանրահավաքներ սկսելու իր մտադրությունն առժամանակ հետաձգել է ՀՀԿ ցուցակով վերջին ընտրություններին թեկնածու առաջադրված Վահան Բաբայանը, որն իր Ռեֆորմիստների կուսակցությամբ պատրաստվում էր մարտի վերջերից զանգվածային ակցիաներ սկսել՝ «Կատարիր խոստումներդ» կարգախոսով։ Երեկ մեր հարցին Բաբայանը պատասխանեց, որ «մարտավարական նկատառումներից» ելնելով՝ մի որոշ ժամանակով հետաձգում են ակցիաները․ «Կսկսենք այն ժամանակ, երբ ճիշտ պահը գա։ Հիմա հավաքագրում ենք իշխանության արածն ու չարածը։ Թող իշխանության մեկ տարին լրանա, մենք հստակ գնահատականներ կտանք, թե ինչ են արել եւ ինչ չեն արել»։ 

Ուշագրավ է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ հրավիրած ասուլիսի ընթացքում պատասխանելով հարցին, թե իրեն գոհացնո՞ւմ է երկրում կատարվող փոփոխությունների դինամիկան ու այս համատեքստում ամենօրյա բողոքի ցույցերը Հայաստանի տարբեր մարզերում, պատասխանեց․ «Ես շատ հաճախ մարդկանց մեջ եմ եւ մարդկանց հետ ուղիղ շփման մեջ։ Գրում են, որ երկիրն անկայունության, տուրբուլենտության շրջանում է, էլի սկսում է ցիկլը՝ թեժ գարուն, թեժ աշուն, հեսա տեսեք՝ ինչ ա լինելու։ Ոչ մի բան էլ չի լինելու։ Մարդիկ կան, որ պետք է հասկանան՝ իրենց գնացքը վաղուց գնացել է, եւ եթե փորձեն հետեւից «Ֆերրարիով» էլ հասնել, չեն կարողանալու։ Իրենց էջը փակված է, իրենք մի ճանապարհ ունեն՝ կանգնել ժողովրդի առաջ, ապաշխարել եւ ժողովրդից ներում հայցել»։ 

ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը չի ուզում Փաշինյանի ոչ հասցեական կոչն ընդունել որպես իրենց կուսակցությանն ուղղված ակնարկ․ «Իհարկե, ցանկացած մահկանացու, հայ քրիստոնյա, հավատացյալ պարտավոր է ապաշխարելու, այդ թվում իրենք՝ այս իշխանությունը, եթե, իհարկե, իրենք ընդունում են հայ առաքելական եկեղեցին»։

Նրա համոզմամբ՝ դեռ վաղ է տուն ուղարկելը մի ուժի, որը, Բաղդասարյանի խոսքով, Հայաստանի անկախության կայացման ու պահպանման գործում լուրջ դերակատար է եղել․ «Ես չեմ կարծում, որ այդ հայտարարությունը վերաբերում է ՀՀԿ-ին, որն անկախությունից հետո եղել է միակ կուսակցությունը, որը կայացել է եւ այս երկրի ճակատագրի հետ կապված․․․ այսքան տարիներ երկիրը զարգացրել ու անկախությունը պահպանել է։ Այդ մարդիկ, մարդիկ կան․․․ նման տերմինոլոգիան ու հռետորաբանությունը չեմ ընդունում, մենք խոսում ենք մի ուժի մասին, որն անկախությունից հետո իր խոսքն ասել է, երկար տարիներ պահպանել է երկրում կայունություն եւ տնտեսական աճ»։

ՀՀԿ-ն, Բաղդասարյանի վստահեցմամբ, չի տառապում իշխանություն վերադառնալու մոլուցքով, սակայն չի կարող չմատնանշել իշխանության թերացումները, որքան էլ որ դա դուր չգա Փաշինյանին․ «Պետք է նորից կրկնենք, որ այն բոլոր խոստումները, որոնք Նիկոլ Փաշինյանը տվել է հրապարակում, իշխանություն դառնալուց հետո չի կատարել։ Հրապարակի բոլոր խոստումներն անկատար են, երբ ասում էր՝ շատ կարճ ժամանակում լինելու են ներդրումներ, աշխատավարձերի բարձրացում, ավելի էլեմենտար բաներ՝ կարմիր գծերի, նկարահանող սարքերի վերացում, կուտակային կենսաթոշակայինի վերացում, ո՞րը թվեմ»։

Ճշտող հարցին, թե ՀՀԿ-ն անընդհատ հիշեցնելո՞ւ է՝ ինչո՞ւ նորերը չեն կատարում իրենց ծրագրերը, մասնավորապես թվարկված վերջին երեքը, Բաղդասարյանը պատասխանեց․ «Մենք ասում էինք՝ երբ լինեք իշխանություն, ինքներդ կհասկանաք, որ դրանք անհրաժեշտ են, հիմա երեւի եկել են գիտակցության ու հասկանում են, որ դրանք վերացնել չի կարելի»։ Վահրամ Բաղդասարյանն ասաց, թե զարմացած է, երբ իշխանությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին․ «Տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար իրենք պետք է գիծ քաշեն անցյալի վրա ու սկսեն նոր էջից, բայց, փաստորեն, շարունակում են մեր բոլոր ծրագրերը»։

ՀՀԿ-ում զանգվածային բողոքի ակցիաներ անելու ծրագրեր չունե՞ն։ «Դա թող անեն մարդիկ, ովքեր հրապարակներում էին՝ այս իշխանությանը բերելիս, բայց մենք ինտենսիվ պատրաստվում ենք հաջորդ ընտրություններին։ ՀՀԿ-ն դեռ ասելիք ունի, ու պետք չէ ժամանակից առաջ ընկնել, տուն ուղարկել։ Եթե ոչ ՀՀԿ-ն, բա էլ ո՞վ ասելիք ունի դաշտում։ Եվ, ի վերջո, եթե իսկապես մեր  ժամանակն ավարտվել է, ապա ինչո՞ւ է վարչապետն այդքան հաճախ մեզ հիշում»։ ՀՀԿ-ականը չցանկացավ գաղտնազերծել կուսակցության անելիքները, ասաց միայն, որ «կառուցողական» փուլում են․ «Տարածքային կառույցներն ենք ուսումնասիրում, վերաթարմացման գործընթաց է գնում, հետեւում ենք զարգացումներին, երբ այս գործընթացն ավարտվի, կորոշենք մեր հետագա անելիքները»։