Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է

Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է

Ի մի եմ բերում բոլոր կարծիքները, խմբավորում ու գիտե՞ք ինչ եմ ստանում, որ առաջին հայացքից պրիմիտիվ կարող է թվալ ու լավ ծամված սննդի պես մարսելի։ Մենք՝ բոլոր հայերս, մի հայրենիք ունենք։ Հայրենիքը մեկն է ու ընդմիշտ։  Դա Նիկոլինը չէ, ընդդիմությանը չէ, իրար միս ուտող տարբեր կուսակցություններինը չէ, դա բոլորինս է։ Յուրաքանչյուրը տարբեր ձևով է սիրում իր հայրենիքը, տարբեր մեխանիզմներով է ուզում պաշտպանել։ Մեկը գտնում է, որ Արևմուտքը կօգնի, մյուսը Ռուսաստանից է կառչում,  այն մյուսը հույսը դնում է սեփական ուժերի վրա․․․ Մենք մի հայրենիք ունենք, տարբեր մոտեցումներ։

Վատ չէ, որ մոտեցումները տարբեր են, բայց թթվածնային ապարատի տակ գտնվող  հիվանդի շուրջ ոչ թե հավաքվում ու չորս տարի շարունակ  քննարկում են, թե ինչպես պիտի փրկել հիվանդին, այլ արագ որոշում պիտի կայացնել։ Ոչ թե պիտի շարունակ վիճել, որ շնչահեղձին Եվրոպա տանել, թե Ռուսաստան, այլ տեղում պիտի կազմակերպել օգնությունը։  Կարծում եմ չորս տարին շատ լուրջ ժամանակ է, որպեսզի բոլորս մի բանում համոզվեինք․  ոստիկանի հայրենիքն ու մեր հայրենիքը նույնն է, զինվորի հայրենիքը ու մեր հայրենիքը նույնն է, օլիգարխի հայրենիքն ու մեր հայրենիքը նույնն է, մտավորականի հայրենիքն ու մեր հայրենիքը նույնն է, շատ խոսողի, քիչ խոսողի ու չխոսողի հայրենիքը նույնն է։ Հիմա կասեք՝ եթե նույնն է, ինչու՞ օրեցօր վատթարանում է հայրենիքի վիճակը։ Պարզապես 2018-ից իշխանությունը՝  ամբողջությունը   պառակտելով, ստեղծեց  գոյություն չունեցող խմբային հայրենիքներ։ Իմաստուն  խոսք է՝ ներքին անհամերաշխությունը ավելի շատ է Հայրենիքը կորստյան մատնում, քան եկած թշնամին։ Իրեն հայրենիքի միակ տեր համարողը (Կամ ես կլինեմ Հայաստանի  վարչապետը կամ Հայաստանը վարչապետ չի ունենա) չի ուզում, որ փրկության, պաշտպանության գործիքներ օգտագործվեն։ Պետական ողջ լծակները վերցրել, պետության փողը բյուջեի տեսքով  «ծոցագրպանն է դրել» և ինքն է թելադրում ոստիկանին, զինվորին, մտավորականին, քիչ խոսողին, չխոսողին, ինքն է թելադրում կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, պաշտոնյաներին, թե ինչպես պիտի գործել։ Նա բոլորիս հայրենիքը թղթե հայրենիք է դարձրել ու թափահարելով շրջում է գյուղեգյուղ,  թղթի նման ձևելով, կտրտելով այն․․․ Նա չի ուզում, որ հայ ժողովուրդը միասնական  հայրենիք ունենա։ Իմաստուն է ասված՝ Առևտրականի համար հայրենիքը իր գրպանն է։ Նա սև ու սպիտակի բաժանեց ոչ միայն հայ ժողովրդին, այլ հողերն անգամ հանձնեց թշնամուն՝ ձյունոտ ու դժգույն անվանելով դրանք։ 

․․․Իսկ մենք ուզու՞մ ենք, որ հայրենիք ունենանք։ Եթե,  այո, պահանջեք  հայրենիքը 2018 թվականին իշխանության եկածից։ Պահանջեք այն չափով, ինչ չափով ստացել է։