Ձմեռային քննություններից ավելի շատ շահեց դիմորդը 

Ձմեռային քննություններից ավելի շատ շահեց դիմորդը 

2023 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին (ձմեռային) փուլի արդյունքները գերազանցել են ԳԹԿ-ի սպասելիքները: Այս մասին այսօր հայտարարեց ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը․ «Միասնական քննությունները կազմակերպվել են 29 քննական կենտրոններում, հայտագրվել էր 6856 դիմորդ, բայց դիմորդներ ունենք, որ հանձնել են 2 միասնական քննություններ, այսինքն մենք ունեինք 10 հազար 817 դիմորդ-քննություն, սա նշանակում է, որ ԳԹԿ է եկել 10 հազար 817 պատասխանների ձեւաթուղթ, որը ԳԹԿ-ում ստուգվել է, նաեւ ընդունվել են բողոքարկումներ, ապա հրապարակվել են արդյունքները։ Չէինք սպասում, որ այդքան դիմորդ կհայտագրվի, սա մեզ համար նույնիսկ հաճելի անակնկալ էր։ Կարելի է ասել, որ մասնակցել է ամառային քննությունների մոտավորապես 60 տոկոսը»։

Անդրադառնալով բացակաների թվին, Կ․ Նասիբյանը նկատեց՝ սպասում էին, որ դրանք շատ կլինեն, բայց ընդամենը 226 հոգի է բացակայել՝ 10 հազար 817 քննություն-դիմորդից, որը բացատրում է նաեւ սեզոնային գրիպի հանգամանքով։ Բացակա դիմորդներից 50-ը Արցախից են եղել, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել Գորիսում կազմակերպված միասնական քննություններին․ «Չի բացառվում, որ Արցախի դիմորդները ունենան եւս 2 հնարավորություն, այսինքն եթե հունիսին հանձնեցին, իրենց թույլատրենք նաեւ հուլիսին հանձնել»։

ԳԹԿ փոխտնօրենը նկատում է, որ եղել են նաեւ քննասենյակներից հեռացված դիմորդներ․ 31 հոգի, որոնք փորձել են խորամանկել եւ արտագրել․ «Էլեկտրոնային սարք, հեռախոս հայտնաբերելուց հետո դիմորդը անմիջապես հեռացվել է քննություններից,-ասում է Նասիբյանն ու ընդգծում, որ ընդհանուր առմամբ շատ հանգիստ ու ինքնավստահ են եղել դիմորդները,- ինչ-որ տեղ այդ առաջին շփոթվածությունը շատ արագ հաղթահարեցին եւ եթե որոշները իրենց արդյունքներից դժգոհ են, ապա հունիսին կազմակերպվող քննությունների ընթացքում արդեն փորձ ունեն եւ գոնե հոգեբանորեն պատրաստ կլինեն հունիսյան քննությունների»։ 

Ըստ նրա, ձմեռային քննություններից ավելի շատ շահեց դիմորդը ու դա 2 առումով․ «Կազմակերպչական եւ բովանդակային։ Նախ ծանոթացավ թեսթին, պատասխանների ձեւաթղթին։ Զգաց, որ ինքը իր դպրոցում սովորական թեմատիկ աշխատանք չի գրում, մտավ այդ քննասենյակի մթնոլորտի մեջ եւ անցավ այն քայլերը, որոնք պետք է անցներ հունիսին։ Այսինքն իր համար միանգամից ճակատագրական չեղան ձմեռային քննաշրջանի գնահատականները։ Ու, եթե նույնիսկ արդյունքները ինչ որ տեղ բավարարում էին նրան, բայց մտավախություններ ուներ, որ հնարավոր է մրցույթից դուրս մնա, ինքը դեռ հնարավորություն ունի հունիսին քննություն հանձնելու՝ ավելի բարձր միավոր ստանալու ակնկալիքով»,-ասում է Կ․ Նասիբյանն ու ընդգծում՝ եթե գնահատականները բավարարում են դիմորդներին, նրանք կարող են այլեւս չմասնակցել հունիսյան քննաշրջանին։ 

Եղանակային անբարենպաստ եւ մի շարք այլ հանգամանքներից ելնելով, քննարկվում է հաջորդիվ քննությունները, ոչ թե հունվարին, այլ՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին կազմակերպելու հարցը․ «բայց սա դեռեւս քննարկման փուլում է եւ որեւէ վերջնական որոշում չկա»։  

Ապրիլի 10-ից սկսվելու է արդեն հունիսյան քննաշրջանի հայտագրման գործընթացը։ Ի տարբերություն առաջին փուլի, այս անգամ հայտագրման գործընթացին կարող են մասնակցել միմիայն ՀՀ դպրոցների եւ նախորդ տարիների շրջանավարտները։ Այն շրջանավարտները, որոնք ավարտում են օտարերկրյա ուսումնական հաստատությունների դպրոցները, իրենք հանձնելու են ոչ թե հունիսին, այլ հուլիսին՝ նախորդ տարիների նման։