Քաղաքականությունից փրկություն չկա
Ինձ ցնցում է այն արտահայտությունը, երբ լսում եմ, թե ինչպես են ուսյալ մարդիկ ասում․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», կարծես թե քաղաքականությունը հանցագործություն լինի։
Լսում եմ՝ ուսանողներն ասում են․ «Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում», հայտնի արվեստագետներից ոմանք երեկվա ցույցին` միկրոֆոնը խլելով մյուսների ձեռքից, ասում էին. «Պետք չէ քաղաքականացնել», «հուսանք` պետք չի լինի ուրիշ ցույց անել»:
Այո, այնքան հզոր էր մի քանի հարյուր հոգու գիշերային ցույցը, որ օտար երկրները ճնշելու էին անպայման եւ կյանքի ճանապարհը բանային: Իսկապես որ քաղաքականությամբ չզբաղվող ու ոչ մի բան չհասկացող մարդիկ, կամ այն խեղճ երիտասարդ կղերականը, ով Հայր մերն էր արտասանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ, արդյոք գիտե՞ն, որ պաշտոնական Ֆրանսիան վաղուց ոչ մի աղերս չունի քրիստոնեության հետ: Նա թերեւս հիասթափվելու է, երբ իմանա թե իր աղոթքն ինչ անտարբերություն եւ նույնիսկ ծիծաղ է առաջացնելու Ֆրանսիացիների մոտ:
Գրողները, մտավորականները թաքնվում են իրենց տներում, որ հեռու մնան քաղաքականությունից, որովհետեւ կան կոմպետենտ եւ վստահելի քաղաքական գործիչներ...
Գալով քաղաքականության իմաստին, սա Պոլիտիկա բառին թարգմանությունն է, որն առաջացել է հին հունարենի Պոլիս, այսինքն, քաղաք բառից: Պոլիսով զբաղվելը մի քանի պատգամավորների մենաշնորհը չէ, այլ բոլոր խելահաս քաղաքացիների, մանավանդ իբրեւ թե ժողովրդավարության բաստիոնում:
Քաղաքականությամբ զբաղվել չի նշանակում շարքային կուսակցական լինել, այլ փորձել հասկանալ տարբեր աղբյուրներից` ներքին եւ արտաքին, թե ինչ է պատահում, ու միջամտել, կարծիք հայտնել եւ ճնշել հարկավոր դեպքերում:
Իսկ եթե քաղաքացիները հրաժարվում են զբաղվել քաղաքականությամբ, այսինքն, իրենց ու իրենց երեխաների հարցերով, ուրեմն, նրանք քաղաքացի չեն, այլ պարզապես սպառողներ: Բայց կարեւոր է հասկանալ, որ քաղաքականությունը` լինի ներքին, թե արտաքին, զբաղվում է եւ զբաղվելու է նրանցով, սրանից փախուստ եւ փրկություն չկա:
Ժողովրդավարությունը, եթե նույնիսկ գոյություն ունի, երբեք կատարյալ չէ եւ լինելու է միշտ ենթակա քաղաքացիների վերահսկողությանը: Իսկ դա տարբեր ձեւերով է կատարվում, օրինակի համար Շվեյցարիայում մի շարք հարցեր եւ առաջարկներ որոշվում են ուղղակի քաղաքացիների կողմից եւ ոչ թե իրենց ընտրյալների կողմից: Իսկ գերմանական Քյոլն քաղաքում քաղաքապետարանը որոշեց, որ մուեզզիներն իրավունք ունեն մզկիթներից կոչ անել ուրբաթ օրվա աղոթքներին, բայց Շվեյցարիայում ժողովուրդը մերժեց նույնիսկ Մինարեթների կառուցումը:
Այո, ժողովուրդը զբաղվեց քաղաքականությամբ եւ պետք է ընդունել, որ դա հանցագործություն չէ: Սա է հենց ժողովրդավարությունը, սրանով է ամրանում ժողովրդավարությունը եւ ոչ թե դատարկ խոսքերով:
Կարօ Պոյաճեան
Սփյուռքահայ
Կարծիքներ