«Ինստիտուցիոնալ» իշխանություն
Կարծում եմ, որ «Հրապարակի» ընթերցողները հիշում են Փաշինյան Նիկոլի ընդդիմադիր գործունեությունը: Նախկինների իշխանության առումով չկար մի հարց, որ քննադատության չենթարկվեր Նիկոլի կողմից: Այն էլ ոչ թե «շինիչ կամ կառուցողական», այլ չափազանց թունոտ բնույթի արտահայտություններով: Ենթադրում եմ, որ դա վերջինիս բնութագրած «ինստիտուցիոնալ» ընդդիմության իրական դրսեւորումն էր: Իսկ թե ինչպիսին պետք է լիներ նման ընդդիմության կայացման եւ վարքագծի գործընթացը՝ 2015 թվականին ներկայացրել էր հենց ԱԺ պատգամավոր Փաշինյանը:
Դա ներկայացվել էր 10 քայլանոց ճանապարհային քարտեզի տեսքով: Որի 1-ին քայլը հնչում էր այսպես. «Հիմնադրել ինստիտուցիոնալ քաղաքական կառույց՝ կուսակցություն: Տարբերությունը մինչեւ այժմ գոյություն ունեցող կուսակցություններից՝ ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում»: 2-րդից 4-րդ քայլերը նվիրված էին կուսակցական ներուժի, Հայաստանի ապագայի, իսկ մնացածները՝ ընտրական գործընթացի հարցերին:
Ի դեպ, ավելի վաղ՝ 2011-ին, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի գնահատմամբ, Հայաստանում առկա էր ինստիտուցիոնալ ընդդիմություն, եւ այն խանգարում էր մեր երկրում հեղափոխության իրականացմանը:
Բայց հեղափոխություն կոչվածը կյանքի կոչվեց 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների շնորհիվ, եւ հայաստանյան գրագետ հատվածին թվաց, թե իրական ինստիտուցիոնալ ընդդիմությունը հենց Նիկոլի «Քաղաքացիական պայմանագիրն» էր: Հատկապես որ սկզբնական շրջանում կուսակցությունը կարծես թե ղեկավարվում էր կոլեգիալ հիմունքներով: Եվ Նիկոլն էլ ձեւական առումով երբեք կուսակցության ղեկավար չէր ընտրվում:
Սակայն 2018 թվականի մայիսին փողոցի ուժով վարչապետ կարգվելուց հետո մենք մեր կաշվի վրա զգացինք, թե ինչպիսին կարող է լինել ինստիտուցիոնալ իշխանության վարքագիծը: Հենց այդպիսի իշխանության, քանի որ ինստիտուցիոնալ ընդդիմության իշխանության գալը չէր կարող չվերածվել այդպիսին:
Բայց թե իրականում ինչի վերածվեց նիկոլական «ինստիտուցիոնալ» (հենց չակերտավոր) ընդդիմությունը՝ մենք դա ոչ միայն տեսանք, այլեւ զգացինք մեր մաշկի վրա: Ժողովրդավարական «ներքին ժողովրդավարություն, ներքին մրցակցային դաշտ, ներկուսակցական ընտրական համակարգի գոյություն, քարացած լիդերության, սուպերլիդերության բացառում, կոլեգիալ կառավարում» բանաձեւումները մնացին թղթի վրա: Իրականում կյանքի կոչվեց մեկ անձի կողմից ղեկավարվող կուսակցություն, որում երբեք կյանքի չկոչվեցին վերը նշված բանաձեւումները:
Եվ եթե նույնիսկ չլիներ «զրոյական կամ սեփական կետից» Արցախի հարցով բանակցությունների իրականացումն ու դրա հետեւանքով 44-օրյա պատերազմում խայտառակ պարտությունը՝ զուտ միայն ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարի խեղաթյուրումը եւ բռնատիրական իշխանության ձեւավորումը բավարար էր, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրն» ու դրա հիմնադիրը նետվեին պատմության աղբարկղը:
Կարծիքներ