Հասարակություն

«Հրապարակ». Ո՞ւր կորավ ավելի քան 4 միլիոն դրամ պարգեւավճարը

«Հրապարակ». Ո՞ւր կորավ ավելի քան 4 միլիոն դրամ պարգեւավճարը

Տավուշի մարզպետարանի կազմավորման օրից ցայսօր հետեւում եմ մարզպետարանի գործունեությանը։ 1990-ական թվականներին պետական շատ հիմնարկներ կազմավորված չէին, Հայաստանի 37 վարչական շրջանները լուծարված էին, մարզպետարաններն ավելի մեծ գործառույթներ ունեին։ Հիմա գործում են խոշոր համայնքները, առկա են կապի արդիական միջոցներ, կառավարության տարածքային ստորաբաժանում մարզպետարանների գործառնական նշանակությունն էականորեն նվազել է։ Վերջին տարիներին Տավուշի մարզպետարանում մի քանի աննշան փոփոխություն է կատարվել։ Մարզպետարանն այլեւս կոչվում է մարզպետի աշխատակազմ։

Մարզպետարանի շենքի մուտքում ուղեփակոց է տեղադրվել, մարզպետի աշխատակազմի աշխատողը շենք մտնողին հարցնում է, թե ում մոտ է գնում, ստանալով աշխատակազմի պաշտոնյայի համաձայնությունը՝ մարզպետարան եկածի առաջ բացում է ուղեփակոցը։ Նախկինում անմիջականորեն մարզպետարանի ենթակայության ներքո էին մարզի հանրակրթական դպրոցները եւ պետական առողջապահական հիմնարկները։ Դրանք մարզպետարանները կառավարում էին ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների հետ համատեղ։ Մի քանի տարի է, ինչ մարզերի քաղաքներում գործող պետական բժշկական կենտրոնները հանվել են մարզպետարանների ենթակայությունից եւ կառավարվում են միայն առողջապահության նախարարության կողմից։ Մարզերում գործող ավագ դպրոցները, վարժարանները եւս դուրս են բերվել մարզպետի աշխատակազմի ենթակայությունից եւ կառավարվում են միայն ԿԳՄՍ նախարարության կողմից։

Տավուշի մարզպետարանում տարբեր միջոցառումներ են անցկացվում, աշխատանքային հանդիպումներում, մարզխորհրդի նիստերում քննարկվում են համայնքներում պետական եւ սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, համայնքների կողմից տեղական բյուջեների հավաքագրման, սեփական եկամուտների կատարողականի ցուցանիշները։ Սակայն երբ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ անում համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, համայնքներում տեղական բյուջեների կատարողականի մասին, հաճախ պատասխան եմ ստանում՝ այդ հարցերով դիմել համայնքապետարաններ։ Տավուշի մարզպետի աշխատակազմը, համեմատաբար բարձր աշխատավարձից զատ, տարեկան մոտ 65 միլիոն դրամ պարգեւավճար է ստանում։ Աշխատանքային ո՞ր նվաճումների կամ արտաժամյա ի՞նչ աշխատանքի դիմաց են մարզպետարանի պաշտոնյաներն առատորեն պարգեւատրվում։ Այս հարցին մարզպետարանից պատասխանել են, որ պարգեւավճարները մարզպետարանի քաղաքացիական ծառայողներին տրամադրվում համաձայն ՀՀ կառավարության 20.10.2011թ․ թիվ 1510-Ն որոշմամբ սահմանված կարգի: Այդ որոշումը ՀՀ պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման եւ կատարողականների հիման վրա պարգեւատրման կարգը հաստատելու մասին է։ Իրենք իրենց աշխատանքը գնահատում են, պետբյուջեից ինքնապարգեւատրվում։ Ապրիլի 17-ին Տավուշի մարզպետի աշխատակազմ հարցում եմ արել․ «Ապրիլի 17-ի դրությամբ որքա՞ն պարգեւավճար են ստացել Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատողները։ Տավուշի մարզի կարիքավորներին որքա՞ն դրամական օգնություն է տրվել»։

Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Ապրիլի 17-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները, ՀՀ կառավարության 20․10․2011թ․ թիվ 1510-Ն եւ 27․11․2025թ․ թիվ 1712-Լ որոշումներով սահմանված կարգի համաձայն, ստացել են 29․155․4 հազար դրամի պարգեւավճարներ։ 2026թ․ ապրիլի 17-ի դրությամբ դրամական օգնություն է արվել 125 ընտանիքի, ընդհանուր՝ 6 մլն 345 հազ․ դրամ գումարի չափով»։

Հունիսի 4-ին նոր հարցում եմ արել պարգեւավճարների եւ կարիքավորներին տրված դրամական աջակցության մասին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են, որ հունիսի 4-ի դրությամբ մարզպետի աշխատակազմի աշխատակիցները ստացել են 25 միլիոն 52 հազար 400 դրամի պարգեւավճար։ Իսկ մարզի կարիքավորներին տրված աջակցության գումարների մասին հայտնել են․ «2-րդ կետի վերաբերյալ Ձեզ պատասխանվել է 2026 թվականի ապրիլի 22-ի թիվ 03/21/01972-2026 գրության 2-րդ կետով: Դեռեւս դրամական օգնություն չի տրվել»։ Ապրիլի 17-ին մարզպետարանի պաշտոնյաները ստացել են 29 միլիոն 155 հազար 400 դրամի պարգեւավճար, իսկ դրանից մոտ մեկուկես ամիս հետո, հունիսի 4-ի դրությամբ՝ 25 միլիոն 52 հազար 400 դրամի պարգեւավճար, ավելի քան 4 միլիոն դրամի պարգեւավճարները ե՞տ են վերադարձրել պետբյուջե։

Այս հանելուկը ցույց է տալիս, որ մարզպետն ու մարզպետի աշխատակազմը վատ են աշխատում, պետբյուջեի փողերը վատ են հաշվում, ուստի չպետք է պարգեւատրվեն։ Տավուշի մարզպետի աշխատակազմում 76 հաստիք կա, որից 10-ը թափուր է։ Մարզպետն ու մարզպետի աշխատակազմը՝ 66 պաշտոնյա, պետբյուջեից բազում անգամ ավելի մեծ պարգեւավճար են ստացել, քան՝ մարզի կարիքավորները։ Սա է Նիկոլ Փաշինյանի «ժողովրդական իշխանությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image