Լեգենդ ուզվորության

Լեգենդ ուզվորության

Դռան զանգը տվեցին, բացեցի եւ ո՜ւմ տեսնեմ՝ նրան, ով ամեն ամիս ճիշտ իմ աշխատավարձի օրն այցելում է ինձ: «Նա»-ն այնքան էլ խորհրդավոր այցելու չէ, բայց ամեն անգամ իրեն տեսնելիս հիշում եմ հայտնի լեգենդը, որտեղ մի հնարամիտ երիտասարդ ուտում է (փոխաբերական իմաստով) պարբերաբար ռեկետ անող հրեշի գլուխը (լեգենդը վերնագրով-բանով չեմ հիշում` ընթացքում դուք տեղը կբերեք):

Բացում եմ դուռը, ասում է.
- Եկել եմ, որ եկել եմ...
- Որտեղի՞ց ես եկել:
Լեգենդի մեջ ասում է` յոթ ծով այն կողմից, սա ասաց.
- Յոթ շենք այն կողմից:
- Եկել եմ... ռեկետ անեմ, ը՜, վարձերը հավաքեմ,- շարունակեց:
- Հա՜, համատիրությունից ես,- ասում եմ (ես ձեր համատիրումերությունը... սա` մտքիս մեջ):
- Քեզ ինչքա՞ն է պետք երջանիկ լինելու համար,- ասում եմ:
- Մեկ անձին` հազար դրամ, հարյուր քսան լումա: Թեեւ լուման կարող ես եւ չտալ, առանց էն էլ դու պարտաճանաչ քո լուման ես ներդնում համատիրության գրպանը,- պատասխանում է եւ ցինիկաժպիտ նայում դեմքիս:
- Բա էդ պարտքացուցակները որ կպցնում եք շքամուտքում,- ասում եմ,- նպատակը ո՞րն է, պարտքատերերին վախեցնե՞լը, թե՞ որպես վատ օրինակ գովազդելը (չէ՞ որ մտքովս անցնում է` որ ես էլ չտամ վարձը, ի՞նչ պիտի լինի, որ...):
Լեգենդի մեջ խնդիրներ են առաջադրվում հրեշին, թե լուծեց` լուծեց, թե չէ` ուրեմն պիտի դատարկաձեռն ջհանդամվի-գնա...
Խնդիր առաջին: Ասում եմ.
- Վերելակն էս տասն օր է` չի աշխատում:

- Մենք աշխատում ենք,- ասում է` լկտիության ծամոնը բերանում լմլմելով:
- Նկուղում առնետները բազմացել են, դուրս են գալիս` դրսում էլ են օրգիաներ անում...
- Կենդանիների պաշտպանության կոմիտեից արգելել են մեզ ազդել կենդանիների գլխաքանակի աճի վրա: Իսկ ինչ ասացի՞ք, էդ ի՞նչ բան է... օրգիան...
- Օրգիան,- ասում եմ,- ոնց ասած՝ ձեր համատիրության (ես ձեր համատիրումերությունը... սա` մտքիս մեջ) աշխատանքի նման մի բան է: Բա թափառող շնե՞րը,- բղավում եմ,- մի հարյուր հատ կլինեն` գիշերը դռանը ոռնում են` վատ երազներ եմ տեսնում (իսկապես, էն օրը երազում գայլերի ոհմակն ինձ ծնկի էր բերել...):
- Շունը մարդու բարեկամն է: Ջանսաղություն,- ասում է:
Գլուխներդ ի՜նչ ցավեցնեմ: Էդ հրեշին վերջին խնդիրն եմ հրամցնում.
- Հարցնելն ամոթ չլինի` էդքան փող որ հավաքում եք, ինչի՞ վրա եք ծախսում:
- Ո՞նց թե,- ասում է,- հազար ու մի ծակուծուկ ունենք (էստեղ նորից բնազդով եկա՜վ-ասոցացվեց՝ ես ձեր համատիրումերությունը...):
- Բա էդ ո՞նց է համատիրության նախագահը «Ջիպ»-ով ման գալիս...
- Բա ինչո՞վ ման գա,- ասում է:
Այս անգամ էլ անվնաս ճամփու դրեցի` գնաց...

ՀԳ. Իր նախընտրական քարոզներում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացավ լուծել համատիրությունների ռեբուսը: Հասկանալի պատճառներով, այս սուտը սուտ էլ մնաց: Իսկ նոր իշխանությո՞ւնն ինչ կարծիքի է… Հիշում եմ, խորհրդային ժամանակներում կար ԲՇԳ (ԺԵԿ): Չի՞ լինի՝ թաղապետարաններում բնակարանային շահագործման բաժիններ բացվեն, համատիրություններն իրենց հաստիքներով, ծախսուեկամտով (ֆինանսական պլանով), օրենքով-կարգով գան պետական տեսանելի դաշտ: Սա արդեն լուրջ եմ ասում... Թե չէ` որբի նման ամեն ինչ ժողովրդի ջանին գցելը լավ բան չէ․ ոստիկանի աշխատավարձը ցածր է` ոչինչ, ժողովուրդը կպահի, ուսուցչինը ցածր է` ոչինչ, ժողովուրդը կպահի, շենքերի պահպանություն է` թող իրենց յուղով տապակվեն (ախր, ժողովրդի վրա էլ յո՜ւղ չի մնացել...):

Զավեն ԲԵԿՅԱՆ