Սփյուռքի և մշակույթի նախարարությունների մասին և ոչ միայն
Նախաամանորյա տրամադրությունները ներհայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում հիմնականում կապված են կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ։ Եթե Հայաստանը լիներ զարգացած ու բարեկեցիկ երկիր, երեւի այս փոփոխություններն այդպես զգայուն չընկալվեին։ Սակայն ներկա իրադրության պայմաններում, երբ Հայաստանում ամեն մի աշխատատեղի հարցն ուղղակի առնչվում է առնվազն մեկ ընտանիքի օրվա հաց ունենալ-չունենալու հետ, դա կարելի է լիովին հասկանալի համարել։
Ժամանակագրորեն եթե հետ գնանք, կառավարության կառուցվածքային բարեփոխումների, պետական համակարգի օպտիմալացման մասին խոսել են ե՛ւ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակ, ե՛ւ Հովիկ Աբրահամյանի, ե՛ւ նույնիսկ Տիգրան Սարգսյանի։ Ինչ-որ իմաստով այդ փոփոխությունները բնական պրոցես են, քանի որ ամեն մի նախարարություն վերահսկում է որոշակի ոլորտ, իսկ այդ ոլորտները միշտ փոփոխվում են հազար ու մի արտաքին ու ներքին հանգամանքների թելադրանքով։ Եվ ոլորտների կառավարումը պետք է լինի դինամիկ։ Թե ինչքանով են արդյունավետ աշխատել մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները, կարելի է եզրակացնել՝ թերթելով վերջին մի քանի տարիների հայկական մամուլը։
Առնվազն 10 տարի մշակույթի նախարար աշխատած՝ մասնագիտությամբ կենսաբան Հասմիկ Պողոսյանի դեպքում ասում էին՝ «Պողոսյան Հասմիկն էլ ի՞նչ պետք է անի, որ հասկանան, որ իր տեղում չէ, եւ փոխեն»։ Իսկ նախարարությունը գրեթե միշտ է եղել մամուլի եւ սոցցանցերի քննադատության տիրույթում՝ սկսած Զվարթնոցի տաճարը Ռուբեն Վարդանյանի հետ կապվող կազմակերպությանը կորպորատիվ փարթիի համար վարձով տալուց մինչեւ Լիլիթ Մակունցի «Մշակույթը ես եմ» հայտնի գրառումը։ Իսկ սփյուռքի նախարարությունն իր ստեղծման օրից պիտակվեց որպես Հրանուշ Հակոբյանի համար ստեղծված նախարարություն, «փայլեց» Հրանուշ Հակոբյանի եւ «աշխարհահռչակ տիեզերագնաց հայ պատանու» համատեղ լուսանկարով, «Արի տուն»-ով, որը ծաղրվեց ու շահարկվեց, մինչեւ եկավ հասավ Մխիթար Հայրապետյանի կողմից «սիրիահայերին հայերեն սովորեցնելու» ժամանակներ։
Այժմ հարվածի տակ է հայտնվել մի քանի հարյուր մարդ, ասել է թե՝ մի քանի հարյուր ընտանիքի տարրական ապրուստն է վտանգված։ Ոչ մի կառույցի «բոստան քար չգցելով» հանդերձ, փորձենք հասկանալ․ օրինակ, եթե իքս քաղաքացին ցանկանում է հրատարակել հայ դասականների ժառանգությունը կամ կազմակերպել Մարտիրոս Սարյանի ժառանգության վիրտուալ ցուցադրությունը, կամ էլ ֆիլմ նկարել Հայաստանի մասին, նրան ինչո՞վ է օգնում մշակույթի նախարարությունը։ Իհարկե՝ ոչնչով, որովհետեւ աքսիոմատիկ ձեւակերպում կա՝ «փող չունենք»։ Գանք սփյուռքին․ ի՞նչ ենք հասկանում սփյուռք ասելով։ Որքանո՞վ ենք ճանաչում սփյուռքը։ Հայապահպանության, ազգապահպանության առաքելությունը դարերով պետության չգոյության պայմաններում իրականացրել է Հայ առաքելական եկեղեցին, իսկ վերջին հարյուրամյակում՝ ազգային ավանդական կուսակցությունները։
Եկեղեցական, ազգային-կուսակցական կառույցներից ու հաստատություններից լավ սփյուռքը ոչ ոք լավ չի ճանաչում։ 20-30 մեծահարուստների, դասագրքերից հայտնի կազմակերպությունների եւ այլ կառույցների հետ կապ պահպանելը կամ մի քանի արկղ դասագիրք ուղարկելը դեռ սփյուռքի հետ աշխատել չի նշանակում։ Այնպես որ՝ այս նախարարությունների լուծարումը միայն մեկ ասպեկտ ունի՝ սոցիալական մռայլ ֆոն ունեցող Հայաստանում գործազուրկների բանակի համալրման առումով։
Կարծիքներ