«Վերջին շանսը»
Շուրջ կես տարի առաջ, երբ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում Վազգեն Մանուկյանին փոխարինեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե «սա, ըստ էության, Հանրային խորհրդի վերջին շանսն է՝ ապացուցելու, որ ինքը՝ որպես կառավարության խորհրդատվական մարմին, իսկապես կարող է լինել էֆեկտիվ»։ Փաստորեն, ի սկզբանե ակնհայտ էր, որ Հանրային խորհրդի լինել-չլինելու խնդիրն այլեւս «վերջին շանսի» փուլում է, եւ նորանշանակ նախագահի խնդիրն էր՝ չփլուզել այդ շանսը։
Դժվար է ասել՝ Ն․ Փաշինյանի «վերջին շանսի» ահազանգը, որ ավելի շատ ահաբեկման էր նման, այսօր ի՛նչ փուլում է․ վերջին շանսը շարունակո՞ւմ է մնալ վերջին, թե՞, այնուամենայնիվ, ժամանակը եւ քաղաքական նոր զարգացումները ՀԽ-ի համար նոր շանսեր են ծնել։
Կարծում եմ՝ չեն ծնել, եւ, ինչպես առաջ, այսօր առավել եւս ՀԽ-ն ինստիտուցիոնալ ճգնաժամի մեջ է, պետական կառավարման համակարգում իր գործառույթները եւ տեղը եթե չհայտնաբերելու, ապա գոնե ուրվագծելու, ինքնագիտակցվելու անկարողության ճգնաժամի մեջ, որն արդեն իսկ խորացած է այնքան, որ կառույցը կորցրել է գործունեության վեկտորի գիտակցումը եւ գործում է ինքն իր դեմ։
Ի դեպ, երբ Ս․ Սաֆարյանն արդեն նշանակվել էր ՀԽ նախագահ, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց․ «Վազգեն Մանուկյանը վերասահմանել էր Հանրային խորհրդի առաքելությունը՝ իշխանությունների դեմ տրամադրելով հանրությանը, ինչն անընդունելի էր»։ Սա ՀԽ նոր նախագահի գնահատականն էր իր նախորդին, որից արդեն կարելի էր մակաբերել, որ ՀԽ նախագահի աթոռին բազմում է մեկը, որն անթաքույց իշխանամետ է, եւ նրա համար սովորական քաղաքական կոռեկտության նորմերը «փչացած» են, ուրեմն էլ ինչպե՛ս դրանք կարող էին սարքին լինել այլ՝ հանրային հարաբերություններում։ Ճակատագրի հեգնանք է, բայց եթե նույնիսկ Վ․ Մանուկյանն իշխանությունների դեմ էր տրամադրել հանրությանը, ապա այսօր ՀԽ-ն իշխանությունների՛ն է դեմ տրամադրում հանրությանը՝ անթաքույց կերպով պահելով իշխանության դիրքերը։ ՀԽ-ն Սաֆարյանի օրոք չունի այլեւս հանրության եւ կառավարության միջեւ միջնորդի իր կարգավիճակը․ նա հենց սկզբից իրեն նույնացրել է իշխանության հետ։ Այլ հարց է, թե Ս․ Սաֆարյանի նման փորձառու մեկն ինչպես կարող էր այնքան պարզունակ գտնվել, որ, մոռացած պաշտոն ու պարտականություն, դրանցից «բխող» կեցվածք ու մանավանդ վարքագիծ, սոցիալական հարթակներում դեմ դուրս գար իշխանության «թշնամիներին», ընդ որում՝ դա անելով անընդունելի ոճով ու ոճաբանությամբ։ Բայց թվացյալ այս պարզունակությունը խորքում կարծես թե բացատրելի է։
Կարծում եմ՝ ՀԽ նախագահը սխալմամբ կարծել է, թե Նիկոլի կողմից նշանակվելու փաստով ինքն արդե՛ն «հանրությունն» է, ինչպես որ իբրեւ «հանրություն» է ներկայացվում իշխանությունների կողմից բուծվող ֆեյք-մանուֆակտուրան (ի դեպ, «ֆեյք-ինդուստրիա» տերմինի փոխարեն առաջարկում եմ այս մեկը, որովհետեւ սրանով ֆեյք զանգվածն ասոցացվում է ոչխարների հետ, որոնց «արտադրանքից» գործվելով՝ աշխատում է տեղեկատվական կեղծիքների պարզագույն մանուֆակտուրան)։ Սաֆարյանն ակնհայտորեն ստանձնել է նոխազի դերը՝ ինքնաոչնչանալու ճանապարհով հազարավոր ֆեյքերի «պատիվն ու արժանապատվությունը» փրկելու նպատակով։ Նա իր ցինիկ պահվածքով եւ հռետորաբանությամբ լեգիտիմացնում է ֆեյքերին եւ, ի դեմս իրեն՝ ստեղծում ֆեյքերի իրական լինելու պատրանք՝ մոտավորապես այն ենթագիտակցական հղումով․ եթե ես՝ ՀԽ նախագահս եմ այսքան անկիրթ ու հայհոյաբերան դուք ինչո՛ւ եք մեղադրում անմեղ ֆեյքերին։ Լավագույն բանը, որ կարող է անել իշխանությունը Հանրային խորհրդի շուրջ ստեղծված այս իրավիճակում, անօգուտ եւ անհասկանալի այդ կառույցը ցրելն է, թեկուզ միայն այն պատճառաբանությամբ, որ կառույցը չդառնա զանազան անդեմ թափթփուկների լեգիտիմացման ապաստարան կամ ֆեյքերի «լվացման» թաքստոց։
ՀԳ․։ Ի դեպ, էլի մի բան «վերջին շանսի» մասին։ Ինձ որ մնար, ես վերջին շանըս էլ չէի տա այդպիսի վերջին շանս։
Կարծիքներ