Փաշինյան-Մինասյան «մենամարտը» նոր փուլ է մտնում՝ Մինասյանն անկեղծանում է

Փաշինյան-Մինասյան «մենամարտը» նոր փուլ է մտնում՝ Մինասյանն անկեղծանում է

Երբ Սերժ Սարգսյանի փեսան՝ Միքայել Մինասյանը, իր «ինքնամեկուսարանից» առաջին «լայվը» մտավ՝ «Ստի վերջը» խորագրով, եւ սկսեց բացահայտումների շարք՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա մերձավորների գործունեության հետ, «Հրապարակը»՝ «Գլխավոր» փեսայի անկեղծության հետքերով. մերժվածի փեսան մերժում է մերժողին» հրապարակմամբ մի քանի հարց ուղղեց Մինասյանին՝ ակնկալելով, որ եթե ոչ մեզ, ապա գոնե հետագա «լայվերում» կպատասխանի դրանց: Վերջին «լայվում» մենք լսեցինք որոշ հարցերի պատասխաններ։

Խմբագիր Նիկոլը, սոսկան, թևնոցը… փողերը

Մեր հարցադրումներից մեկն էր. «Ճի՞շտ են այն խոսակցությունները, թե ժամանակին Մինասյանը միջնորդավորված հոգացել է Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի ֆինանսական խնդիրները»: Վերջին «լայվում» Մինասյանը հաստատեց այդ լուրերը․ պատմեց, որ «ՀԺ» խմբագիր Փաշինյանը Մինասյանի մոտ է ուղարկել իր լրագրող Հայկ Գեւորգյանին, ով հիմա իմքայլական պատգամավոր է, եւ նրան հասկացրել, որ եթե չի ուզում, որ իր ընտանիքի, երեխայի մասին վատ-վատ բաներ գրեն, պետք է… Նիկոլին «նայի»: Իսկ մինչ այդ գրել էին, թե երեխան կրել է ադամանդակուռ «սոսկա», իսկ ձեռքին՝ թանկ թեւնոց: Եվ Մինասյանն ասում է․ «Ուզում եմ ամոթով խոստովանել, որ ես, որպեսզի ընտանիքս թողնեն այդ սրբապիղծները, գնացի գործարքի եւ պայմանավորվեցի, որ իրենց ամսական չվաճառված թերթերը սխեմայի միջոցով կֆինանսավորենք, որ իրենք չունենան թերթի վերադարձ: Որովհետեւ «ՀԺ»-ն չէր վաճառվում»: 

Փաշինյանը մեկ-մեկ ճիշտ բաներ էլ է ասում

Վերջերս մի առիթով վարչապետ Փաշինյանը մի խոսք ասաց, որի հետ չի կարելի չհամաձայնել. ամեն մարդ իր փչացածության չափով է մտածում: Ո՞նց չհամաձայնես: Մի անգամ երբեմնի լրագրող վարչապետը լրագրողների մասին իր «հեղինակավոր» կարծիքը հայտնեց, թե լրագրողների եւ լրատվամիջոցների 99 տոկոսը նախկիններից փող է ստացել, իսկ հիմա կատաղած են, քանի որ զրկվել են այդ փողերից: Հիմա ո՞նց չհամաձայնես Փաշինյանի հետ, որ յուրաքանչյուրն իր փչացածության չափով է մտածում: Լրագրողները Փաշինյանից կոնկրետ անուններ պահանջեցին, չպատասխանեց: Նրա փոխարեն պատասխանեց Միքայել Մինասյանը, թե կոնկրետ ինքն է փող տվել Նիկոլ Փաշինյանի թերթին…

Փաշինյանի «վեթինգի» սկի՞զբը

Էլի ասողներ կան, որ Փաշինյանը շանտաժի միջոցով նախկին օլիգարխներից ու պաշտոնյաներից փող է վերցրել: Ասում են, թե նույն աշխատաոճը շարունակում է վարչապետի պաշտոնում: Բայց ոչ ոք կոնկրետ չի ասում, թե ումից է վերցրել կամ վերցնում: Նախկինում վախեցել են զրպարտվելու հեռանկարից: Հիմա վախենում են երկրի ղեկավարի կողմից «իրավական» միջոցներով վրեժխնդրությունից, պատժի ենթարկվելուց, ԱԱԾ-ի տեսադաշտում հայտնվելուց: Միքայել Մինասյանն առաջինը համարձակվեց բարձրաձայնել այդ մասին: Նրա օրինակին հետեւողներ եղան, թերեւս՝ էլի կլինեն: Միգուցե մի օր էլ Ծառուկյանը ջղայնանա, հերքի կամ հաստատի շրջանառվող լուրերը, թե Փաշինյանի «Նիվան», որն այրվել է, ինքն էր նվիրել թերթի խմբագրին… 

Մինասյանի կիսաանկեղծությունը

Մինասյանի խոսքի մեջ, այնուամենայնիվ, մի բան այնքան էլ համոզիչ չէ. նա ասաց, թե թերթում երեխայի ծննդյան օրվա մանրամասները գրվելուց հետո է ինքը գնացել Նիկոլի հետ գործարքի, որպեսզի իր ընտանիքին զերծ պահի հոգեբանական տեռորից, որպեսզի այլեւս ընտանիքի մասին նման բաներ չգրվեն: Եթե խոսքը կոնկրետ այդ հրապարակման մասին է, ապա այն գրվել-տարածվել էր: Արժե՞ր արդեն գրված բանի համար այդքան թանկ վճարել: Իսկ գուցե Փաշինյանը սպառնացել է երեխայի հոր կամ պապիկի մասի՞ն որոշ բաներ գրել… Մինասյանն իր «լայվում» ասաց նաեւ, որ Հայաստանը մաքրելու է Նիկոլից, կոչ արեց բոլորին՝ մոռանալ անցյալը, այն թողնել հետեւում եւ հեռացնել Նիկոլին, հայ ժողովրդին փրկել Նիկոլի ձեռքից: Նաեւ, թե տեղը ոչինչ չի ուզում… Հավատա՞լ Մինասյանի այս խոսքին: Նա անկեղծ ցանկություն է հայտնում Հայաստանն ազատել Նիկոլից․ այս ցանկությանը, հավանաբար, ոչ ոք չի կասկածում: Բայց որքա՞ն է համոզիչ այն, թե ինքը ոչինչ չի ուզում… Մինասյանը եղել է իշխանություն, տեսել դրա համը: Իսկ իշխանության համը տեսնողը չի ուզում հրաժարվել դրանից, անգամ հեռանալուց հետո ամեն ինչ անում է՝ վերականգնելու համար: Մինասյանն իսկապե՞ս չի ուզում վերականգնել իր իշխանությունը: Սա համոզիչ չէ: Առավելագույնը՝ կուզենա իր իշխանության վերականգնում, նվազագույնը՝ մայրաքաղաք Երեւանում ազատ քայլելու հնարավորություն, չէ՞ որ դա նաեւ իր պապի կառուցած քաղաքն է…

«Լավագույն» ավանդույթները շարունակվո՞ւմ են…

Մինասյանի «լայվերից» կարելի է հետեւություն անել, որ նա շատ լավ գիտի մաքսանենգ գործողությունների բոլոր խութերը, նրբությունները։ Ինչպես երեւում է, նա շատ հավատարիմ մարդիկ ունի տվյալ համակարգերում՝ ՊԵԿ-ում, մաքսայինում, ՌԴ իրավապահների շրջանում, որոնք նրան փաստեր են տրամադրում ներկայիս իշխանությունների վարքուբարքի մասին: Մինասյանը շատ լավ գիտի, թե որտեղ կարող է փողը դրված լինել: Նա լավ գիտի, թե Հայաստանում որքան ադամանդ տաշող մեքենա կա, եւ որքան ժամանակում որքան ադամանդ կարող են տաշել: Այդ ամենին նա ծանոթացել է «ինքնամեկուսարանի՞ց», թե՞ գիտեր այն ժամանակ, երբ իշխանության ղեկին էր կամ երբ Վատիկանում ՀՀ դեսպանն էր… Դրանց, հավանաբար, «ծանոթ» են եղել բոլոր նախորդ իշխանությունները, «ծանոթ» են ներկայիս իշխանությունները, եւ «կծանոթանան» նաեւ հաջորդները… Դրա համար էլ Հայաստանում տարեցտարի շարունակվում է սոցիալական բեւեռացումը. մարդկանց մի խավը շարունակում է աստղաբաշխական թվերով հարստանալ, մյուս մասն աղքատության մեջ գոյություն է քարշ տալիս:

Սպասված ներողությունը…

Միքայել Մինասյանի խոսքի մեջ ամենաանկեղծն ու ամենասպասվածը վերջին հատվածն էր: Մեր հոդվածում մենք նրան այլ հարցեր էլ էինք առաջադրել․ «Մինասյանին գոհացնո՞ւմ էր նախորդ իշխանության տարիներին երկրում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը, ինչո՞ւ հասարակությունը ոտքի ելավ, մերժեց իրենց ու փողոցից եկած մեկին դարձրեց երկրի ղեկավար: Եթե նախորդ իշխանությունը լավն էր, ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հրաժարականը դարձավ համաժողովրդական տոնախմբության առիթ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում»: Սրանց պատասխանը վերջին «լայվում» մենք լսեցինք լակոնիկ ու համոզիչ. Մինասյանը ներողություն խնդրեց՝ խոստովանելով, որ նաեւ ինքն է մեղավոր, որ այսօր երկիրը Նիկոլի ձեռքում է…