Ինչ են ասում մեզ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները

Ինչ են ասում մեզ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները

Ռուսաստանում հանգստյան օրերին՝ մարտի 15, 16, 17-ին, տեղի ունեցան նախագահական ընտրություններ։ Ըստ ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների, քվեների 99,65 տոկոսի մշակման արդյունքներով՝ առաջատարը Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինն է։ Նա ստացել է ձայների 87,32 տոկոսը։ Մյուս թեկնածուներից Նիկոլայ Խարինտոնովը ստացել է ձայների 4,30, Վլադիսլավ Դավանկովը` 3.82, Լեոնիդ Սլուցկին` 3.20 տոկոսը: Այս ընտրությունների արդյունքները, ինչպես արձանագրում են ռուս բազմաթիվ փորձագետներ եւ վերլուծաբաններ, բացարձակ կանխատեսելի էր։ Կանխատեսելի էր նաեւ մասնակցության բացարձակ ռեկորդային թիվը՝ 74 տոկոս, որը հետխորհրդային պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է։ Առկա արդյունքներն ի մի բերելով, նույնիսկ մրցակցության, կարելի է ասել՝ բացակայության պայմաններում, այս պահին արդեն կարող ենք մի քանի հետեւություն անել․

• Ռուսական գործող վարչակազմը կարողացել է տարիների ընթացքում հասնել նրան, որ հասարակության մեջ ձեւավորվի բարձր համախմբվածություն։

• Մյուս կողմից, ռուսաստանցիներն այս ընտրություններով ցույց տվեցին, որ պատրաստ են, այսպես ասած՝ «ռուսական քաղաքակրթությունը» պաշտպանել արտաքին սպառնալիքներից եւ ամբողջապես աջակցում են թե՛ գործող նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքական կուրսին, թե՛ նաեւ հույսեր են կապում, որ Ռուսաստանը կարող է տնտեսական կայունություն ունենալ եւ զարգանալ՝ սուվերեն զարգացման պայմաններում, ինչպես արձանագրել է nezigar տելեգրամյան ալիքը։

Ինչ է այս ամենը նշանակում։ Ըստ էության այն, որ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը դառնում է հասարակության եւ պետության համախմբվածության սիմվոլ եւ երաշխավոր։ Մյուս կողմից, Պուտինի վրա «խաղադրույք» կատարելով, ռուսաստանցիներն իրենց անայլընտրանք աջակցությամբ «մեսիջ» են հղում, որ կյանքը լինելու է կայուն եւ կանխատեսելի, եւ ոչ պոպուլյար, ոչ կանխատեսելի որոշումներ իշխանությունների կողմից չեն կայացվի։ Թերեւս հենց սա է Ռուսաստանում առկա հանրային-քաղաքական կոնսենսուսը, որն առկա է իշխանությունների, էլիտաների եւ հասարակության լայն շերտերի միջեւ, ընդհանուր առմամբ։

Բացի այդ, շարքային ռուսաստանցիները նաեւ այս ընտրություններով Կրեմլի գործող վարչակազմին պատվիրակում են իրենց տված «իշխանության մանդատի» դիմաց ամբողջապես ապահովել երկրի ու հասարակության սոցիալ-տնտեսական կայունությունն ու ապահովությունը։ Տելեգրամյան nezigar ալիքն իր հերթին նաեւ արձանագրում է, որ ընտրությունները ցույց տվեցին, որ ռուսաստանյան էլիտայում՝ թե՛ տարածաշրջանային, թե՛ ֆեդերալ մակարդակներում, կա համախոհություն, չասելու համար՝ համախմբվածություն։ Դա, ի դեպ, արդեն նկատելի էր նաեւ նախընտրական արշավի ժամանակ, քանի որ ամեն ինչ ընթանում էր գրեթե նվազագույնի հասցված կոնֆլիկտային դրսեւորումներով։ Իր հերթին էլիտային այս համախոհությունը Պուտինի հնարավոր «քաղաքական ժառանգի կամ ժառանգների» հարցն օրակարգից դուրս է բերում եւ հետաձգում։ Ներէլիտային մակարդակում այս հարցը, մեծ հաշվով, ոչ ակտուալ է եւ մարգինալ։ Սրանք թերեւս առաջին եզրահանգումներն են, որոնք կարելի է արդեն կատարել՝ վերլուծելով ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, եթե, իհարկե, ելնում ենք այն դիտակետից, որ ընտրությունները չեն կեղծվել, եւ այս թվերը չեն նկարվել։