Ո՞վ է չարաշահման գործով անցնող ՊԵԿ նախկին փոխնախագահը

Ո՞վ է չարաշահման գործով անցնող ՊԵԿ նախկին փոխնախագահը

ԱԱԾ-ն երեկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ քրեական գործ է հարուցվել ՊԵԿ նախկին փոխնախագահի դեմ, որը նաեւ ֆինանսների փոխնախագահ է աշխատել։ Հաղորդագրությունն սկսվում է այսպիսի սրտաճմլիկ-հայրենասիրական նախադասությամբ․ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներն արմատախիլ անելու սկզբունքին, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում․․․․»։ Սա մի քանի տողանոց նախադասության սկիզբն է, հայրենասիրական նախաբանը երկար է։ Ընդհանուր միտքն այն է, որ ՀՀ ԱԱԾ-ն, որին վարչապետը հանձնարարել է կոռուպցիան արմատախիլ անելուն զուգահեռ նաեւ սատանա բռնելու ուլտրահայրենասիրական առաքելություն իրականացնել, գործ է հարուցել ՊԵԿ նախկին փոխնախագահներից մեկի դեմ, որի անունը չկա հաղորդագրության մեջ։ ԱԱԾ լրատվական վարչությունից մեզ չասացին, թե ում մասին է խոսքը, ասացին՝ տեղյակ չեն, ինչ կա հաղորդագրության մեջ, բավարարվենք եղածով։

Իսկ հաղորդագրությունը, որը երկար-բարակ մի տեքստ է՝ խրթին մի պատմությամբ, այն մասին է, որ վերոնշյալ աներեւույթ պաշտոնյան «ծառայության շահերին հակառակ չարաշահել է պաշտոնեական դիրքը՝ վերադասի ազգականներին նյութական օգուտ տալու անձնական եւ խմբային շահագրգռվածությունից ելնելով»։ Իսկ ի՞նչ է արել ՊԵԿ նախկին փոխնախագահ-ֆինանսների նախկին փոխնախարարը, որն այդ պաշտոնները զբաղեցրել է 2009-2014 թթ․։

Ըստ հաղորդագրության՝ հիշյալ պաշտոնատար անձն իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ շուրջ 80 միլիարդ ՀՀ դրամի պարտավորությունների դիմաց տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով իրացումը ՊԵԿ նախագահի ազգականների մասնակցությամբ հիմնադրված ընկերությանը, ինչպես նաեւ իր գործողություններով ազատել է այդ ընկերությունը 5 մլն եվրոյին համարժեք ներդրում կատարելու պարտավորությունից։

Էլի մի քանի «մեղքեր» է գործել տվյալ նախկին պաշտոնյան, որի արդյունքում, ըստ ԱԱԾ-ի եզրահանգման, «հիշյալ պաշտոնյայի գործողությունների հետեւանքով հեղինակազրկվել է պետական մարմինը, խաթարվել է դրա բնականոն գործունեությունը, կոպիտ կերպով խախտվել են հարկային մարմնի կողմից վերահսկվող պարտավորությունների կատարումն ապահովելու հետ կապված հարաբերությունները եւ այլն։ Մի խոսքով՝ այս բոլոր սենտիմենտալ արարքների հետեւանքով պետությանը պատճառվել է մոտ 125 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի, այնուհետեւ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնները նախկինում զբաղեցրած պաշտոնյային ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։

Թեեւ ԱԱԾ-ից որեւէ բան չհայտնեցին մեզ, սակայն մենք տեղեկացանք, որ խոսքը 2009-2014 թթ․ ՊԵԿ փոխնախագահ աշխատած Տիգրան Բարսեղյանի մասին է, որը 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից եւ նույն օրը նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ։

Ըստ էության՝ ստորագրությամբ ազատ արձակված ՊԵԿ նախկին փոխնախագահի դեմ հարուցված քրգործի թելերը տանում են դեպի ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյան, որն այսօր կալանքի տակ է ԱԱԾ մեկուսարանում։ Տարօրինակ է, որ Գագիկ Խաչատրյանը, որը մեղադրվում է դարձյալ առանձնապես խոշոր չափերի չարաշահում կատարելու հոդվածով, որից 800 մլն դրամն էլ՝ որպես պետությանը պատճառված վնաս, արդեն հետ է վերադարձրել, շարունակում է մնալ կալանքի տակ, իսկ նրա տեղակալը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Հետաքրքիր է՝ ո՞րն է եղել դրա գինը, կամ ո՞րն է իրավապահ կառույցների կողմից այսօրինակ երկակի ստանդարտների տրամաբանությունը։

Մենք զանգահարեցինք Տիգրան Բարսեղյանին, որպեսզի նրանից մեկնաբանություն ստանանք։ Սակայն նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ այս թեմայով։ Թեպետ չհերքեց, որ ինքն է այդ պաշտոնյան։ «Ձեր տեղեկությունները ճշտեք, հետո կխոսենք, հա՞։ Որեւիցե մեկնաբանություն որեւիցե հարցով չեմ տալիս»,- ասաց նա։

- Ես հենց Ձեզնից եմ ուզում ճշտել՝ Դո՞ւք եք ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված պաշտոնյան։

- Որեւիցե մեկնաբանություն չի կարող լինել, ես ծանոթ էլ չեմ հաղորդագրությանը, կծանոթանամ, հետո կխոսենք։

- Ձեզ իրավապահ մարմիններից կանչե՞լ են հարցաքննության։

- Ոչ մի մեկնաբանություն ես չեմ տալիս, հարգելիս։ Շնորհակալություն զանգի համար, ցտեսություն։

- Ես էլ եմ շնորհակալ, բայց կուզեի Ձեր մեկնաբանությունն ստանալ, որ ճիշտ գրեմ, քանզի, իմ տեղեկությամբ, Ձեր մասին է խոսքը։

- Դե, ճշտեք Ձեր տեղեկությունները։

- Դե, հիմա հենց Ձեզնից էլ ուզում եմ ճշտել։

- Չէ, միեւնույն է, որեւէ հարցի ես չեմ պատասխանելու, ընդհանրապես չեմ պատասխանում, եթե ծանոթ եք, այս տարիներին ես որեւիցե հարցի չեմ պատասխանել։

- Եթե ես ճշտեմ, որ այդ պաշտոնյան Դուք եք, կխոսե՞ք այս թեմայով։

- Իհարկե, ոչ։ Որեւիցե թեմայով ես չեմ խոսում հիմա։