Սթիվեն Սակուր, դու էս ի՞նչ արիր

Սթիվեն Սակուր, դու էս ի՞նչ արիր

Սթիվեն Սակուրը, որ BBC-ի Պետրոսն է, հարցազրույց է վերցրել Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանից՝ այդ հարցազրույցի ընթացքում մի քանի անգամ նրան ներկայացնելով որպես Արցախի փաստացի ղեկավար: Շատ սոլիդ հարցազրույց էր, ի դեպ: Ռուբեն Վարդանյանը, կարելի է ասել, առաջին անգամ հանրությանը ներկայացավ որպես քաղաքական եւ պետական գործիչ՝ հերքելով եւ փոշու վերածելով իր անվան հետ կապված այն ողջ նեգատիվը, որ BBC-ի Պետրոսը փորձեց բարձրաձայնել ու վերա-վերագրել նրան: Հարցազրույցի մանրամասներին չեմ անդրադառնա, այն դրված է Հայաստանի եւ աշխարհի շատ կայքերում, կարող եք կարդալ: Ինձ բավականին հետաքրքիր թվացին Սթիվեն Սակուրի մի քանի պնդումները, թե Հայաստանի իշխանությունները դեմ չեն, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, եւ խոսում են միայն Արցախի ժողովրդի իրավունքների մասին, եւ Ռուբեն Վարդանյանի միանշանակ, մի փոքր էլ զայրացած պատասխանն այդ պնդումներին. «Ես չեմ ուզում խոսել Հայաստանի մասին, մենք առանձին երկիր ենք, ես խոսում եմ Արցախի մասին, Արցախը չի ուզում լինել Ադրբեջանի կազմում»: 

Ինչպե՞ս հասկանալ Ռուբեն Վարդանյանին, նա հաստատո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ Հայաստանի ղեկավարը մանդատ չունի Արցախի հարցով զբաղվելու, ակնարկում է, որ Արցախն այլեւս ինքնորոշվա՞ծ է՝ ՀՀ իշխանությունների ցանկությունից անկախ… «Մենք առանձին երկիր ենք» արտահայտությունը չի՞ նշանակում, արդյոք, որ Ադրբեջան-Հայաստան եւ Ադրբեջան-Արցախ հարաբերությունները միանգամայն տարբեր հարաբերություններ են: Իսկ եթե Ռուբեն Վարդանյանի այս պատասխանը դիտարկենք վերջերս Արցախում սրված քաղաքական քաշքշուկի ֆոնին, ապա կարող ենք ասել, որ Ռուբեն Վարդանյանին հաջողվել է Արայիկ Հարությունյանին համոզել, որ ինքը ճիշտ է, իսկ Նիկոլն ու Արայիկ Հարությունյանը՝ սխալ, քանզի Հայաստան-Արցախ հարաբերությունները նրանք միշտ դիտարկել են իրենց անձնական հարաբերությունների ծիրում:

Հիշեք 2018թ. թավշյա խեղկատակության առաջին կարգախոսներից մեկը․ «Նոր Հայաստան՝ նոր Արցախ»: Այն շատ մեծ տարածում էր գտել հատկապես Արցախի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ եւ, ըստ էության, պատճառ դարձավ, որ «նոր» Նիկոլը էյֆորիկ ընտրություններով Արցախում նախագահ նշանակի իր նման «նոր» Արայիկ Հարությունյանին: Հիշեցի՞ք… Դանիել Իոաննիսյանն էլ Նիկոլի հատուկ ներկայացուցիչն էր այդ ընտրություններում: Անամոթաբար 30 միլիոն էլ փող «կերան» բյուջեից: Ինչեւէ…

Արայիկ Հարությունյանը չվայելեց իր նախագահությունը: Նույն թվին պատերազմ եղավ, արհավիրք իջավ Արցախի վրա: Եվ Արայիկ Հարությունյանը ոչ միայն չկարողացավ ձերբազատվել Նիկոլի նման կարկառուն գերագույն գլխավոր հրամանատարի խայտառակ վերադասությունից, այլեւ մնաց «նոր» Հայաստանի ղեկավարի ստվերում՝ կիսելով վերջինիս հասցեին հնչած բոլոր պիտակավորումները եւ դեռ մի բան էլ ավելի: Ո՞րն է Ռուբեն Վարդանյանի տարբերությունը Արայիկ Հարությունյանի համեմատությամբ… Ռուբեն Վարդանյանին Նիկոլը չի բերել, Ռուբեն Վարդանյանը Նիկոլի պես չի մտածում: Վերջապես՝ Ռուբեն Վարդանյանը Նիկոլին պաշտոն պարտք չէ:

Հարցազրույցի ընթացքում ո՛չ BBC-ի Պետրոսը կարողացավ պարզել եւ ո՛չ էլ Ռուբեն Վարդանյանն ասաց, թե իրեն ով է «ներդրել» Արցախում, արժանացրել պետնախարարի պաշտոնին: Այդ պատմությունն սկսում է նմանվել Նիկոլին բերելու պատմությանը, թեեւ Ռուբեն Վարդանյանի «առասպելն» ավելի մոտ է իրապատումին, քան Նիկոլինը: Ռուբեն Վարդանյանը «չորով» ասում է, որ ինքն Արցախ է եկել մայրական կողմից արցախցի լինելով եւ ցանկանալով օգտակար լինել իր ժողովրդին: Մինչդեռ Նիկոլն արդեն 4,5 տարի է՝ չի կարողանում որեւէ փաստարկ ներկայացնել հօգուտ այն հրաշքի, թե ինչպես վարչապետ դարձավ Հայաստանում: Թե բա՝ գնացի Գյումրի եւ այնտեղից քայլելով եկա ու դարձա վարչապետ: Չի լինում «տենց» բան, տղա ջան, ուրիշ բան մտածիր: Դու արդեն 4,5 տարի է՝ նախկինների ֆոնին աճպարարությամբ ես զբաղված ու չգիտես ինչպես քաղաքականացնել բիրդան վարչապետ դառնալու քո «առասպելը»: Թե բա՝ ես վարչապետ չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա… Իյա, իրո՞ք: Վայթե Արցախն էլ առանց քեզ ղեկավար չունենար, հա՞: Հրեն, Ռուբեն Վարդանյանն արդեն եկել է: Պարապ խոսալու ժամանակներն անցան: Ընդդիմության մանդատները խլելու հիմար շոուներդ էլ թարգիր, մտածիր գոնե նամուսով հեռանալուդ մասին: