ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից

ՀՀ ՏՄՊՊՀ-ն հորդորում է կոնյակ արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայումս լայնածավալ ուսումնասիրություններ է իրականացնում կոնյակի շուկայում: Վերլուծվում է դաշտը կարգավորող օրենսդրությունը, ինչի արդյունքում հնարավոր է հանձնաժողովը հանդես գա օրենսդրական փոփոխությունների առաջարկով:

Կատարվում են վերլուծություններ  ավելի քան 3 տասնյակ կոնյակ արտադրող կազմակերպությունների առկա պաշարների, մթերվող խաղողի ծավալների և արտադրական հնարավորությունների  վերաբերյալ: Նախատեսվում է դիտանցումներ իրականացնել կոնյակ արտադրող ընկերություններում՝ խաղողի մթերման, խմորման և թորման փուլերում:  Անհրաժեշտության  դեպքում՝ ՀՀ շուկայում վաճառվող և արտահանվող կոնյակները կենթարկվեն լաբորատոր հետազոտությունների: 

Հայաստանի Հանրապետություն տարեկան ներմուծվում է շուրջ 1 մլն լիտր կոնյակի սպիրտ: Հետևելու ենք, որպեսզի ներմուծվող կոնյակի սպիրտի հետագա օգտագործման ընթացքում բացառվեն անբարեխիղճ մրցակցության դրսևորումները: Տեղեկատվության հավաքագրման նպատակով համագործակցում ենք պետական այլ մարմիններ հետ: Որոշ տվյալներ մտահոգիչ են. մասնավորապես՝ անհրաժեշտ է հստակեցնել՝ արդյոք մթերվող խաղողի հայտարարվող ծավալները համապատասխանում են իրական պատկերին, թե ոչ: 

Հորդորում ենք արտադրողներին զերծ մնալ անբարեխիղճ մրցակցության դրսևորումներից և մրցակցության պաշտպանության  օրենսդրությունը խախտող  այլ գործողություններից:  

Ուսումնասիրություններն ավարտելուն պես արդյունքները կամփոփվեն, և հանրությանը  կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն: 

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 
պետական հանձնաժողով