Պետք չէ արժեզրկել ՀՀ պետական մրցանակը
Մինչեւ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումները, մրցանակների հետ կապված հարաբերությունները կարգավորվել են Հայաստանի Հանրապետության նախագահի համապատասխան իրավական ակտերով, սակայն 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը հանրապետության նախագահին չի վերապահում պետական մրցանակներ հիմնելու եւ դրանք շնորհելու լիազորություն:
Այդ պատճառով ՀՀ նախագահի 2018թ. ապրիլի 5-ից ուժը կորցրած են ճանաչվել բոլոր այն իրավական ակտերը, որոնք վերաբերում էին պետական մրցանակներ, նախագահի մրցանակներ եւ պարգեւներ հիմնելուն ու շնորհելուն: 2018թ. դեկտեմբերի 20-ին ընդունվել է եւ 2019թ. հունվարի 17-ին ուժի մեջ է մտել կառավարության թիվ N 1557-Լ որոշումը:
Մինչ այդ որոշման ընդունումը, առանց որեւէ իրավական ակտերի առկայության ու կարգավորման, 2018թ. հոկտեմբերի 23-ին եւ նոյեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ՏՏ ոլորտում նախագահի կրթական պարգեւները եւ համաշխարհային ներդրման համար նախագահի մրցանակը: Ընդ որում, վարչապետն այս երկու մրցանակներն էլ հանձնել է ՀՀ պետական մրցանակների անվան տակ :
Քանի որ մամուլում բավականաչափ տեղեկատվություն կար նախագահական կրթական պարգեւների մասին, հետաքրքիր էր իմանալ, թե այդ ինչ որակների հաշվին է նախագահական կրթական պարգեւն արժանացել պետական մրցանակ վերանվանվելու պատվին:
Ավանդաբար, ինչպես մեր, այնպես էլ այլ երկրներում (Վրաստան, Բելառուս, Ուկրաինա, Ռուսաստան)՝ ընդունված է երկրի պետական մրցանակները շնորհել բարձրարժեք ստեղծագործությունների, ինքնատիպ նախագծերի եւ ավարտված շինությունների կամ համալիրների, նշանակալի, ակնառու հայտնագործությունների (գյուտերի) եւ այլ արժեքավոր աշխատանքների համար:
Ովքե՞ր են նախկինում արժանացել ՀՀ պետական մրցանակների: Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը, Ջիմ Թորոսյանը, Արթուր Մեսչյանը, Հակոբ Հակոբյանը, Գետիկ Բաղդասարյանը եւ բազմաթիվ հայտնի գրողներ, կոմպոզիտորներ, ճարտարապետներ, գիտնականներ: Նրանք բոլոր այդ մրցանակներին արժանացել են այնպիսի աշխատանքների համար, որոնք իրենցից ներկայացնում են ավարտուն արդյունքներ, մնայուն արժեքներ՝ մնում են պատմության մեջ եւ ենթադրվում են ծառայելու սերունդներին: Նրանց կողքին այսուհետ ՀՀ պետական մրցանակի դափնեկրի կոչումը պետք է կրեն նաեւ 18 աշակերտներ, 25 ուսանողներ՝ «բարձր առաջադիմության», «հայրենանվեր վարքի», «հայրենասիրական դրսեւորումների» համար:
Եթե նախկինում բավարարվում էին յուրաքանչյուր տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լավագույն ասպիրանտին, մագիստրանտին, բակալավրին, ուսանողին, աշակերտին եւ այլն, թվով 7 անվանակարգերով տալ հանրապետության նախագահի կրթական պարգեւներ, այսուհետ այդ անվանակարգերով կրթական պարգեւները շնորհվելու են ՀՀ պետական մրցանակների կարգավիճակով: Ինչպես երեւում է ՏՏ ոլորտի մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանի տարբեր տարիների մամուլում տված պարզաբանումներից, այդ մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 14 տարի՝ սկսած 2005 թ.: Ընտրող հանձնաժողովը 15-20 րոպեանոց զրույցներով այդ մրցանակները շնորհում է այն թեկնածուներին, որոնք աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ, ինֆորմատիկայի եւ բնական գիտությունների բնագավառում տարբեր օլիմպիադաների եւ մրցույթների մասնակցությամբ, «բազմակողմանի գիտելիքներով», «հասարակական ու համայնքային ծրագրերում ներգրավվածությամբ», «հայրենանվեր վարքով», «հայրենասիրական դրսեւորումներով» եւ այլ նման տեսակի ընդհանուր որակներով:
Ընդ որում, համապետական այդ մրցանակաբաշխության մասնակցության իրավունքը խիստ սահմանափակված է՝ ամբողջ հանրապետությունում կարող են մասնակցել ընդամենը 6 բուհերի եւ 8 դպրոցների սաներ: Այդ չափանիշներով 14 տարվա ընթացքում տրվել են 489 կրթական պարգեւներ: Այդքան տարի մրցանակակիրներից ովքե՞ր եւ քանի՞սն են ՏՏ ոլորտում ակնառու, նշանակալից աշխատանքներ ստեղծել, բարձրարժեք նախագծեր իրականացրել, որոնք արժանի են ՀՀ պետական մրցանակի: Հայտնի չէ: Ինչքան էլ մեր երկրում կարեւորություն ենք տալիս ՏՏ ոլորտին, ասել, թե առանձնահատուկ հաջողություններ ենք գրանցել դպրոցներում կամ բուհերում, մեղմ ասած, չափազանցություն կլինի:
Անշուշտ, ողջունելի է եւ անհրաժեշտ է խրախուսել լավագույն ասպիրանտին, ուսանողին, աշակերտին եւ այլոց: Բայց կարելի է, չէ՞, խրախուսման ադեկվատ ձեւեր ու անվանումներ գտնել ու չզբաղվել աչքակապությամբ: Պետական մրցանակին պետք է արժանի լինել ու այն վաստակել:
Արդյոք արդարացվա՞ծ է մասնավոր ընկերության նախաձեռնությամբ ու ֆինանսական հովանավորչությամբ մրցանակաբաշխությանը տալ պետական մրցանակի կարգավիճակ: Հիմնավո՞ր է ՀՀ նախկին նախագահի կրթական պարգեւների ներառումը կառավարության 2018թ. դեկտեմբերի 20-ին ընդունված թիվ N 1557-Լ որոշման մեջ, իսկ հետագայում նաեւ՝ «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքում, որի նախագիծը ներկայումս դրված է հանրային քննարկման: Իսկ եթե վաղը մեկ այլ մասնավոր ընկերություն շատ ավելի լավ ու հետաքրքիր պայմաններով կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների կամ այլ ոլորտի մրցանակաբաշխության նախաձեռնությամբ հանդես գա (որը շատ հնարավոր է), պետք է մերժե՞նք, օրե՞նք փոխենք:
Պետական մրցանակների շնորհման գործընթացի համապատասխանեցումը նոր Սահմանադրությանը չի ենթադրում մեկ օրենքի մեջ «լցնել» նախկինում հիմնված տարբեր տեսակի մրցանակները՝ առանց հաշվի առնելու դրանց բնույթը, նպատակն ու նշանակությունը, ձեւն ու բովանդակությունը, ֆինանսավորումը, եւ բոլորին տալ ՀՀ պետական մրցանակի կարգավիճակ:
Գեւորգ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու
Կարծիքներ