Արսեն Թորոսյանի ապաշխարանքին սպասելիս

Արսեն Թորոսյանի ապաշխարանքին սպասելիս

Մոլորակին պատուհասած COVID-19 նոր կորոնավիրուսից մահացածների թիվն արդեն տասնյակ հազարների է հասում։ Հայաստանում երեկվա դրությամբ կար 8 զոհ։ Ու ինչքան էլ թավշյա իշխանությունը պնդի, որ այս վարակը  համաշխարհային մակարդակի է, ակնհայտ է, որ գործող իշխանությունները չեն ընկալում վարակի եւ վիճակի լրջությունը։ Սույն պնդումն առաջին հերթին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մասին է։

Փետրվարի 27-ին, երբ COVID-19-ը նոր-նոր էր սկսում իր մահաբեր հաղթարշավը, Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր չէ, հետեւաբար, հատուկ միջոցառումների կարիք չկա։ 40 օր անց արդեն հարյուրավոր վարակվածներ ու 8 զոհ ունենք։

Աշխատանքի անցնելիս բժիշկները Հիպոկրատի երդում են տալիս՝մի վնասիր։ Արսեն Թորոսյանն էլ է բժիշկ աշխատել, բայց բանակում չի ծառայել, որովհետեւ երիկամները լավ չեն աշխատել։ Իսկ գուցե Թորոսյանի այլ օրգա՞ն էլ լավ չի աշխատում, եւ նա Հիպոկրատի երդում էլ չի տվել… Այլապես, եթե մեծն բժշկապետի երդումը դրժելը զուտ բարոյական պատասխանատվության հարց է, ապա շատ ավելի լուրջ է նախարարի վնասաբեր արարքը, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում։

Այսպես․ Արսեն Թորոսյանն իր՝ «կորոնավիրուսը վտանգավոր վիրուս չէ» հայտարարությամբ խախտել է Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ։ Մասնավորապես, եթե  նախարարը գիտեր, որ COVID-19-ը վտանգավոր է, բայց ստել է, ուրեմն, դիտավորություն է ունեցել, այսինքն՝ խախտել է ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածը։ Իսկ եթե չգիտեր, բայց հավաստիացնում էր, որ վտանգ չկա, ապա ինքնավստահություն կամ անփութություն է դրսեւորել՝ խախտելով ՀՀ քրեական օրենսգրքի 30-րդ հոդվածը։ ՀՀ առողջապահության նախարարը խախտել է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ։

Հոդված 112․ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։ Առավելագույն պատիժը՝ 10 տարի ազատազրկում։
Հոդված 128․ Վտանգի մեջ թողնելը։ Առավելագույն պատիժը՝ 3 տարի ազատազրկում։
Հոդված 130․ Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը։ Առավելագույն պատիժը՝ 6 տարի ազատազրկում։
Հոդված 314․Պաշտոնեական կեղծիքը։ Առավելագույն պատիժը՝ 4 տարի ազատազրկում։
«Հանրային ծառայության մասին» օրենքի 24-րդ, 25-րդ, 26-րդ եւ 27-րդ հոդվածները, այն է՝ հավատարմությունը հանրային շահին, բարեկրթությունը եւ հարգալիությունը, բարեխղճությունը, օբյեկտիվությունը, եւս շրջանցվել են։

Այսքանից հետո տրամաբանական կլիներ, որ Թորոսյանն ապաշխարեր՝ ընդուներ կատարած մեղքը, խոստովաներ ու հրաժարական տար։ Չի անում։ Հետեւաբար, մնում է, որ վարչապետը դառնա նախարարի խոստովանահայրն ու հեռացնի աշխատանքից։ Բայց, դատելով կառավարության նիստերի ընթացքից, ենթադրվում է, որ Նիկոլ Փաշինյանը տեսանելի ապագայում եւս դա չի անի, որովհետեւ Արսեն Թորոսյանն իր թիմակիցն է, եւ նրանք միանման են մտածում։ 
Դա երեւում է հատկապես կառավարության նիստերի ժամանակ։ Այսպես, 03․10․2019թ․ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին հարցը, ինչպես նաեւ 24․10․2019թ․ նիստի թվով հինգ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ու եւս չորս օրինագծեր ներկայացնելիս Թորոսյանը հայտարարում է՝ մշակումը թերի է, քանի որ ժամանակի խնդիր են ունեցել։

Ապա առաջարկում է օրինագիծն այդպես ընդունել եւ ուղարկել ԱԺ, որտեղ կլրամշակվի, տեսքի կբերվի։ Վարչապետը չի առարկում․ կառավարությունն ընդունում է գլխառադ նախագիծն ու ուղարկում ԱԺ։ Մինչդեռ այլ գերատեսչությունների դեպքում վարչապետի պահանջով հարցը հանվում է կառավարության նիստի օրակարգից եւ վերադարձվում լրամշակման։
Չնայած, արդեն կարեւոր էլ չէ, թե ով կամ ինչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին՝ ազդվել Արսեն Թորոսյանից։ Կարեւորը ՀՀ քաղաքացու կյանքն ու առողջությունն է, որը հարվածի տակ է դրել Հայաստանի առողջապահության նախարարը՝ կորոնավիրուսի մասին ժամանակին ունեցած իր անլուրջ վերաբերմունքով։ Այդ վերաբերմունքն էր, որ թյուրիմացության մեջ գցեց ՀՀ քաղաքացիներին, որոնց հարկերից աշխատավարձ է ստանում նախարարը։