«Գլխին սարքոցի»

«Գլխին սարքոցի»

Փոխոստիկանապետն ասում է Լոռիում պարեկները չեն խոշտանգել քաղաքացիներին։ Ոստիկանությունն էլ Եռաբլուրում չի քաշքշել, նվաստացրել, վնասվածքներ պատճառել զոհվածների ծնողներին։ Երեկ էլ շրջանառվում էր , որ Պեմզաշենում մորն ու երեխաներին սպանողը ցուցմունքը փոխել ու ասել է, որ ինքը չի սպանել ընտանիքին։ Ու եթե շարունակենք այս շարքը, կարելի է անվերջ թվարկել, որովհետև այն, ինչ անում է իշխանության ներկայացուցիչը, ի վերջո մաքրվում է։ Մի քանի օր ձևի համար ֆոն կստեղծեն, հետո երբ մարդիկ հանդարտվեն, այդ նույն ջարդարարներին կպարգևատրեն, պաշտոններ կտան։

Գիտե՞ք ինչու է այդպես։ Որովհետև իշխանության գլխին նստածը 4,5 տարի է ինչ անում, նրանից պատասխան չեք պահանջում։ Նրա ավտոշարասյունը հղի կին է վրաերթի ենթարկում ու սպանում, իրենք կապ չունեն դրա հետ։ Նրա ենթակայությամբ աշխատող ոստիկաններն ու պարեկները քացու տակ են տալիս մարդկանց, քաղաքական հետապնդումների ենթարկում այլախոհներին, հասցնում մահվան,  էլի մեղավոր են պատժվողները։ 

Փաշինյանի բերած սովալլուկ թիմը (իր բնութագրմանը մոտ արտահայտություն է)՝ իր գլխավորությամբ, պայթում է հարստությունից ու ճոխությունից, բայց նա էլի ուրիշի աչքի գերանն է տեսնում։  Կապիտուլյացիայի փաստաթուղթ է ստորագրում ու առ այսօր մարդկանց խաբելով պահում, էլի ի մի չեք գալիս։ Մի ողջ ոսկե գենոֆոնդ ոչնչացվեց, մի ողջ ոսկե գենոֆոնդ էլ հաշմանդամ դարձավ, դրանում էլի ինքը չէր մեղավոր։ Մարդիկ զրկվեցին իրենց տներից, ապրուստից, հացից, զրկվեցին իրենց հայրենիքից, էլի ինքը մեղավոր չէ։  Թշնամին նստած է Հայաստանում, էլի ինքը չի մեղավոր։ Այդքան մեղքերի տակ գտնվող մարդը ո՞նց կարող է դատել իր թիմակցին կամ նրան, ում հետ ի սկզբանե նախատեսված է եղել, որ պիտի անցնի «իր ճանապարհը»։ 

Միայն մի դեպքում կարող է իր թիմակցին դատել, նրա վարկանիշի հետ խաղալ՝  եթե նա վտանգ է ներկայացնում իր աթոռի համար։ Կոնկրետ վերջին դեպքի՝ Հանրապետության հրապարակն ավերելու մասով, կասեմ հետևյալը։ Իրոք, վանդալիզմ է տեղի ունեցել, բայց թե  ինչպես է այդ ամենը տեղի ունեցել և ամեն ինչի՞ն է Ավինյանը տեղյակ, կարծում եմ ոչ։ Դա նրա «գլխին սարքելու նման մի բան է»։ Նույն ձեռագրով նույն մարդը այդքան աշխատում է, չե՞ք զգում ձեռագիրը։ Ու միշտ էլ լու՜ռ է՝ քարի պես լուռ։

Ի դեպ, ովքե՞ր էին Արարատ Միրզոյանին ծեծողները, պարզվե՞ց։  Ավինյանն ասում է․ «Մեր արած ծակերը ուրիշ է, զարդանախշերի մեջ մխրճված «բոլտը»՝ ուրիշ»։ Ու փորձում է, ինչպես սովոր են, մեղքը բարդել նախկինների վրա՝ այդ շենքերին ժամանակին շատ մեծ վնասներ են հասցվել։  Ուրիշ բան չի էլ կարող ասել, չնայած չեմ կարծում, որ չի հասկանում։ Գլխին սարքելու տեսարանների մեջ այս իշխանությունը մրցակից չունի։ Ու Ավինյանը  դրա մասնակիցն է ականատեսն ու լռողը։ Թող ինքն էլ վայելի։ Ոչինչ, նույն ձեռագրով աշխատող մարդը վերջում մանիպուլյատիվ հնարքով կկարգավորի ամեն ինչ, բայց արդյունքում Ավինյանը «վարկանիշային աղյուսակից կթռնի»։