Փաշինյանի նախնիները եկել են Արցախի Մարտակերտի շրջանից՝ 20-րդ դարի սկզբին

Փաշինյանի նախնիները եկել են Արցախի Մարտակերտի շրջանից՝ 20-րդ դարի սկզբին

Շիրակի մարզ այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է` երկու մոտեցում կա. մեկն այն է, որ դիմադրում ենք պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցմանը, երկրորդն այն է, որ դա համարում են անհրաժեշտություն` ապահովելով իրական Հայաստանի անվտանգությունը, բարեկեցությունը, տնտեսական զարգացումը եւ երջանկությունը: «Իմ մոտեցումն այն է, որ մենք պետք է գնանք այդ ճանապարհով»,- նշել է նա։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, եւ դա ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։ Զրուցել ենք Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի հետ։

- Փաշինյանն առաջարկում է պատմական Հայաստանից անցում կատարել իրական Հայաստան, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում։

- Նիկոլ Փաշինյանի նախնիները, եթե նա չի իմանում, կամ հիշողությունն է կարճ, կամ անցյալից է հրաժարվում, նրա նախնիները՝ գերդաստանը, եկել են Արցախի Մարտակերտի շրջանից՝ 20-րդ դարի սկզբին։ Գուցե դրանով է պայմանավորված, որ հեշտ-հանգիստ առաջարկում է հրաժարվել հայրենիքից, պատմական հիշողություններից։ Նրա գերդաստանի տվյալները ժողովրդագրական տվյալներ են։ Նրա ազգականները` մի քանի հայ ընտանիքների հետ, տեղափոխվել են Տավուշի մարզ։ Գուցե այս հանգամանքն է նրան իրավունք տալիս, որ նման անլուրջ, անհիմն եւ ծիծաղ առաջացնող հայտարարություններ է անում։ Նույնիսկ ասածի իմաստն է, ակնարկն է կորում իր ասածից։ Անվտանգությունից ելնելո՞վ է նման բան ասում, բայց դրանք իրար հետ անհամատեղելի են։ Ինչի՞ց հրաժարվենք։ Մի հոգի էլ կա՝ իր կողմնակիցներից, որն ասում էր՝ Թուրքիային փշի-փշի անենք՝ ցեղասպանությունից համարյա չխոսենք, որ թուրքերը չջղայնանան։ Այս ամենը փողոցային, մանկամիտ հայտարարություններ եմ համարում եւ այլ բան չեմ կարող ավելացնել։ Ես հակված եմ այն մտքին, որ Փաշինյանը չգիտի, թե ով է իր պապան, պապի պապը։ Այս ծագումնաբանությունն իր համար խորթ է, եւ նույն հաջողությամբ նրա երեխաները կարող են տեղափոխվել մեկ այլ՝ եվրոպական երկիր եւ քարոզեն, որ պետք չէ հիշել, թե որտեղ է ծնվել իր ծնողը, որտեղից են գալիս արմատները, որտեղ է կիսատ թողել ուսումը եւ այլն։ Թող ինքը խոստովանի, ես կարող եմ շատ պատմաբանների հղում տալ... արդյոք ինքը հաստատո՞ւմ է, թե՞ հերքում իր ծագումնաբանությունը, ում նախկինները սերում են Արցախից։ Ես գիտեմ, թե իմ պապերը որտեղից են գալիս, եւ ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ Կարսն իմ հայրենիքը չէ։ Երկու կողմից էլ ես Կարսից եմ, ծնունդով՝ գյումրեցի, բնակվում եմ Երեւանում եւ ինձ լիարժեք զգում եմ հայ, որովհետեւ ունեմ հիշողություն հայրենիքի մասին, ծննդավայրի մասին, բնակավայրի մասին։

- Եթե մենք հրաժարվենք Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային իրավունքից, արցախյան հիմնախնդրից, արդյոք Հայաստանի համար կբացվե՞ն զարգացման հնարավորություններ։ Փաշինյանի հայտարարություններն այսպես են մեկնաբանում մարդիկ` որ եթե հրաժարվենք պատմական հայրենիքից, կզարգանանք, կուժեղանանք։

- Կրկնում եմ՝ այդ հայտարարությունները փողոցային կարկամություն են։ Եկեք ճապոնացիներին համոզեք, որ Կուրիլյան կղզիներից կամ Կամչատկայից հրաժարվեն, որտեղ ճապոնական ոչինչ չկա, բայց շարունակում են Ռուսաստանից պահանջել այդ տարածքները։ Իհարկե, չեք կարողանալու համոզել, քանի որ ճապոնացիներն այն համարում են իրենց հայրենիքի մի մասը։ Կամ՝ գերմանացիները, ովքեր դեռ չեն պահանջում, բայց շատ լավ հիշում են, որ Էլզասի եւ շատ շրջաններ գերմանական են եղել, լինելով գերմանական հայրենիքի մեկ մասը։ Կամ՝ հունգարացիներին համոզեք, որ Տրասիլվանան իրենցը չէ, որն անցավ Ռումինիային, եւ այդ տարածքները կապ չունեն Հունգարիայի հետ։ Իհարկե, պետք չէ ընկնել ծայրահեղությունների գիրկը, բայց, վերջիվերջո, ո՞րն է Նիկոլ Փաշինյանի հայրենիքը․․․ այն հայրենիքը, որտեղ հուշարձաննե՞ր կան, թե՞ սրճարաններ։ Իրենց վարած քաղաքականությունից պարզ է դառնում, մասնավորապես Ժաննա Անդրեասյանի կողմից, երբ մենք պահանջում ենք իրենց օրոք հրապարակված դասագրքերը խոտանել, ասում է՝ դա պետական քաղաքականություն է։ Այո, այդ պետական քաղաքականությունը տարվում է փողոցային մանկամտությամբ, եւ իրենց դասագրքերում չկան պատմական Հայաստանին վերաբերող նյութեր, խաչքարեր։ Այսպիսի ծիծաղելի, տխմար գործելաոճով ցանկանում են հեղափոխական նորամուծություններ մտցնել։ Նախ՝ չի ստացվելու, երկրորդը՝ մարդկանց նյարդերն էլ ավելի են գրգռվելու՝ տեսնելով նման տկարամիտ գործելաոճ։

- Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությունն անելիս մեջբերել է Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»` փորձելով լեգիտիմացնել իր քայլերը։

- Նիկոլ Փաշինյանին կարելի է տեսնել տարբեր կերպարների մեջ։ Ժամանակին ասմունքելով Համո Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը, հետո ասում էր` Արցախը Հայաստան է, «Ես ինչպե՞ս թողնեմ գնամ» էր արտասանում, եւ չանցած շատ ժամանակ՝ հայտարարում է, որ Հայաստանը կադաստրի թուղթ չունի, զինանշաններն են սխալ։ Չարենցից էլ` արձանն էր գովաբանում, բա ինչի՞ մոռացավ էդ երկու տողը։ Թե՞ Չարենցի կամարն էլ պետք է հանի։ Մենք ապրում ենք խեղկատակ ծաղրածուների հրավառության պայմաններում։ Մի տեղ միջազգային փառատոն հայտարարեն՝ ծաղրածուների ընտրության, ողջ թիմով կարող են մասնակցել այդ մրցույթին, եւ մենք հաստատ առաջին 3 պատվավոր տեղերը կգրավենք։