Հակառուսականության ալիքը երբեմն անհեթեթ դրսեւորումներ է ստանում

Հակառուսականության ալիքը երբեմն անհեթեթ դրսեւորումներ է ստանում

Ռուսաստանի ռազմական ներխուժումն Ուկրաինա առաջացրել է բավականին կոշտ հակառուսական տրամադրություններ ողջ Արեւմուտքում, որը ռուսական քաղաքական միտքը որակում է «ռուսատյացություն» տերմինով։ Արեւմուտքը չեղարկում է ամեն բան, ինչ կապված է Ռուսաստանի եւ ռուսների հետ։ Ու այս գործընթացի մեջ չեն խնայում նույնիսկ արվեստը, սպորտը, հոգեւոր ոլորտը։

Հակառուսական սանկցիաներին զուգահեռ, համաշխարհային ամենահայտնի բրենդները, կորպորացիաները հայտարարեցին, որ հեռանում են ռուսական շուկայից, դադարեցնում իրենց գործունեությունը Ռուսաստանում, չնայած ահռելի ֆինանսական կորուստներին։ Եվրոպայում պերճանքի առարկաներ արտադրող ընկերություններն ու նորաձեւության տները հրաժարվում են իրենց արտադրանքը վաճառել ռուսներին։ Նման որոշում ունեն «Լուի Վուտոն», «Շանել» ընկերությունները։ Վերջինիս հետ կապված՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հատուկ հիշեցրել էր Կոկո Շանելի եւ ֆաշիստական Գերմանիայի իշխանությունների մութ կապերի եւ դրա հետեւանքով, պատերազմից հետո Կոկո Շանելի վտարանդիության մասին։ Լեհաստանում, Չեխիայում, Սլովակիայում սկսել են նույնիսկ խորհրդային ժամանակներում կառուցված՝ Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձաններն ապամոնտաժել կամ ներկել ուկրաինական դրոշի գույներով։

Իտալիան տասնամյակների պատմություն ունեցող ռուս-իտալական համաձայնագրերն է որոշել չեղարկել, ինչի մասին նախազգուշական հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԱԳ նախարարության եվրոպական առաջին դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Պարամոնովը։ Արձանագրվել են դեպքեր, երբ մարդկանց հանդեպ բացասական վերաբերմունք են ցուցաբերել միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ ռուս են կամ ՌԴ քաղաքացի։ Վրաստանը թեեւ պաշտոնապես հակառուսական սանկցիաներին չի միացել, բայց այստեղ դժվարություններ են ստեղծում ռուսական բանկերի քարտերի սպասարկման հետ կապված։ Հայաստանում էլ, ի դեպ, կան նման երեւույթներ։

Մոլդովայում նախօրեին արգելվել է «Գեորգիեւյան ժապավենը», շատ երկրներում «Z» եւ «V» տառերը, որոնք Դոնբասի ներկայիս օպերացիայի խորհրդանիշներն են, որպես սիմվոլիկա՝ արգելվել են, եւ որոշ «խելացիներ» պարզապես առաջարկել են լատինական այբուբենից ժամանակավորապես հանել այս տառերը։ Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ արտասահմանում սովորող ռուս ուսանողների հանդեպ բացասական եւ խտրական վերաբերմունք է ցուցաբերվում։ Այս առնչությամբ խոսել է Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Հակառուսականության այս ալիքը հանդարտեցնելու համար նույնիսկ իրականացվել են #stophaterussians #stophatingrussians («դադարեք ատել ռուսներին» անգլերեն հեշթեգով) ֆլեշմոբեր։ Անգամ մտավախություն կա, որ կարող է սկսվել ֆաշիզմի կամ Հիտլերի եւ վերմախտի արդարացում։