Ներողամտություն՝ բացառապես յուրայինների հանդեպ

Ներողամտություն՝ բացառապես յուրայինների հանդեպ

Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշ տարրեր՝ քննչական, դատախազություն, ոստիկանություն, պարբերաբար մոռանում են իրենց բուն առաքելությունը՝ հավատում են Փաշինյանի լոզունգներին։ Փորձում են օբյեկտիվ քննություն կատարել եւ իշխանության մեջ գտնվողների՝ հանցանք գործած հարազատներին էլ են բռնում, մեղադրանք առաջադրում։ Բայց նրանց շատ արագ խելքի են բերում, հասկացնում, որ արդարությունը ոչ իշխանականներին է վերաբերում, եւ նրանք անհապաղ բաց են թողնում «խեղճերին»: 

Խոստովանել է ու ազատ արձակվել

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի 27-ամյա որդին, որը, ըստ քննիչների, երկաթյա ձողով մարդ է ծեծել, ընդամենը 1 օր է անցկացրել կալանքի տակ: Արագ բաց են թողել՝ չբացակայելու ստորագրություն վերցնելով: Իսկ նա մեղադրվում է ՔՕ 258 հոդվածի «ամենածանր»` 4-րդ մասով (խուլիգանություն), որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով: Իրավապահները հանդգնել էին նույնիսկ տուժող գտնել՝ Վայոց Ձորի «Թամսար» ՍՊԸ-ի գազալցակայանի  տնօրեն, 45-ամյա Վահե Ասատրյանին, որին ապրիլի 2-ին ծեծել էր կատաղած Շանթիկը, որը մենակ չի եղել, այլ մի 10-12 հոգով, ու ինքն ակնհայտորեն այս բանդայի շեֆն է եղել: Երկաթե «լոմով» նա հարվածել է Ասատրյանի գլխին, արյունլվա է արել, հիմա տուժողը բուժում է ընդունում տանը, բայց չի բողոքում: Դե, իշխանական պատգամավորի դեմ դուրս գալու ավանդույթ չկա մեզանում։ Հարցին, թե ինչու են ազատել Շանթ Բագրատյանին, չէ՞ որ խուլիգանության 4-րդ մասով միանշանակ կալանավորում են, մեզ ասացին. «Շանթ Բագրատյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, համարել են՝ քանի որ ընդունել է մեղքը, չի խանգարի նախաքննությանը»: Մամիկոն Ասլանյանը, դատավոր Բախշիյանը, Նարեկ Մանթաշյանը, Վահագն Վերմիշյանը, պարզվում է, նենգ խոչընդոտողներ էին։ 

Խոշտանգված վկաների գործը կարճել են

Իսկ նախաքննության ներողամտությանն արժանանում են ոչ միայն ծեծողները, այլեւ սպանության փորձ իրականացրածները, եթե, իհարկե, նոր օլիգարխների կամ պաշտոնյաների որդիներն են: Անցյալ տարի Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին՝ Կարենը, կրակոցներ էր արձակել հին օլիգարխի՝ Լիսկայի որդու ուղղությամբ: Հին ու նոր օլիգարխների բալիկների միջեւ ռազբորկա էր եղել, հնի բալիկը նորի բալիկին ապտակել էր, վերջինս էլ անկանոն կրակ էր բացել: Կարենը  ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զենք կրելու հոդվածներով: 2 ամիս փախած մնալուց հետո նա մեղայականով ներկայացավ իրավապահներին, եւ նրան կալանավորելու փոխարեն բաց թողեցին: Քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգելու, դատարանը մերժեց: Սա դեռ ամենը չէ: Գորիսից տեղեկություն տարածվեց, որ  կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել երկու վկայի, որոնցից մեկը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան պահակն էր՝  70-ամյա թոշակառու, որին նվաստացրել էին, ստորացրել, խոշտանգել հենց Գորիսի ոստիկանության բաժանմունքում՝ պահանջելով, որ իրենց համար ցանկալի ցուցմունքներ տա: Ծերունին դիմել էր ՀՔԾ: Նրա ներկայացուցիչ, փաստաբան Արթուր Պիվազյանը հայտնեց, որ խոշտանգման գործը կարճել են: «Նախ քննվում էր ՀՔԾ-ում, հետո գնաց հակակոռուպցիոն, հետո գնաց ԱԱԾ, այնտեղ մի քանի գործողություն արեցին, կարճեցին»,- ասաց փաստաբանը: Ըստ նրա, նախաքննության մարմինը «պարզել» էր, որ ոստիկանության բաժնում տեղադրված տեսախցիկներն «օնլայն» են նկարում միայն՝ հիշող սարք գոյություն չունի: «Նման բան երեւի միայն Գորիսի բաժնում է եղել»,- ասում է Պիվազյանը: Մյուս խոշտանգված վկայի մասով նույնպես գործը կարճվեց: Գորիսի կրակոցներից անցել է 10 ամիս: Նախաքննությունը ոչ մի կերպ չի ավարտվում, թեեւ կրակողը հայտնի է: 

Փոխգնդապետին կոմայի մեջ գցող անձն անհայտ է

«Ռոբերտ Ալբերտի Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հուլիսի 18-ին, մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով, խուլիգանական մղումներով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, հասարակական վայրում ուղղակի դիտավորությամբ կատարել է խուլիգանություն»,- ասված է ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր մեղադրականում: Դատական գործը՝ ընդդեմ Ռոբերտ Սուքիասյանի եւ նրա ընկերների, որոնք մասնակցել են բռնություններին ու խուլիգանական արարքներին, մեկնարկել է հունվարին: Բոլոր մեղադրյալներն ազատության մեջ են: 

Աստիճանաբար կալանքից ազատվեցին նաեւ Եղեգնաձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկողները: Ու ոչ միայն ազատվեցին, այլեւ նույնիսկ արդարացվեցին: Զավեն Գրիգորյանը, որը գլխավոր մեղադրյալն էր այս գործով, Վայոց Ձորի նախկին ՔՊ-ական մարզպետի օգնականի եղբայրը, պահանջում է քրեական հետապնդում իրականացնել իր դեմ ցուցմունք տված զինվորականների նկատմամբ եւ փոխհատուցում է ուզում: Գնդապետը կոմայից դուրս չի եկել, եւ դուրս գալու շանսերն արդեն զրոյին մոտ են, բայց նրան այդ վիճակի հասցրած անձը չկա, մեղավորները չեն պատժվել, թեեւ մեծ թվով մարդիկ են ներկա եղել ծեծին, որոնք նաեւ պնդում են, որ նախկին մարզպետ, այսօր պատգամավոր Տրդատ Սարգսյանն էլ է ներկա եղել:  

Կալանքը՝ որպես պատիժ

Նախաքննական ներողամտությունը գործում է միայն յուրայինների դեպքում: Մինչդեռ նրանց կատարած հանցանքների համեմատ որոշ կալանավորվածների արարքները մանր չարաճճիություն են թվում: Օրինակ՝ դատավոր Բորիս Բախշիյանն արդեն քանի ամիս է կալանավորված է՝ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեղադրանքով: Նա ոչ մեկի վրա չի կրակել, ոչ մեկի գլուխը երկաթով չի ջարդել, անգամ նրա որոշումը չի բեկանվել վերադաս ատյանի կողմից, բայց նրա` ազատության մեջ լինելը համարել են վտանգավոր:  

Քոչարյանական Նարեկ Մանթաշյանն արդեն մեկուկես տարի է՝ անազատության մեջ է՝ դրոշ ծածանելու համար: Նրա արարքը՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ դրոշը կառավարության շենքից հանելն ու ծածանելը, որակվել է որպես առանձնապես խոշոր չափերով կողոպուտ: Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը շարունակ պայքարում է կալանքի որոշման դեմ, ապարդյուն: «Վերաքննիչում ամեն անգամ դիմում են շառլատանության, որպեսզի չքննարկեն բողոքը։ Արդեն որերորդ անգամ ծանուցագիր եմ ստանում, որ 3 օր առաջ նշանակված է եղել դատական նիստ։ Մեկ ամիս Մնացական Հարությունյանի ռեսուրսով ձգձգումներից հետո՝ հիմա էլ գործը փոխանցել են Ռուբիկ Մխիթարյանին, որ հիմա էլ այս «հարգելի դատարանը» ձգձգի բողոքի քննությունը։ Երկու ամիս կալանքի դեմ բերված բողոքը չքննարկելն իրավական շանտղություն է, եւ Ռուբիկ Մխիթարյանին խնդրում եմ այս հանգամանքն ընդունել ի գիտություն»,- օրերս գրել էր Կոչուբաեւը: 

Նրան խնդրեցինք ասել, թե ինչով է բացատրվում այն, որ դրոշ ծածանելու համար մեկուկես տարի պահում են կալանքի տակ, իսկ խուլիգանության չորրորդ մասով կամ սպանության փորձով՝ ազատում: «Սա նշանակում է, որ 2018 թվականին ՀՀ-ում տեղի է ունեցել ոչ թե իշխանափոխություն կամ հեղափոխություն, այլ թավշյա վերաբաշխում: Մենք եզակի պետություն ենք այն առումով, որ նույնիսկ ահաբեկչական խմբավորում ունենք ազատության մեջ՝ խոսքս «Սասնա ծռերի» մասին է, համենայնդեպս, ԱԱԾ-ն գոնե այդ դրամայի սկզբնական օրերին այդ որակումն էր տալիս: Այսինքն՝ ՀՀ-ում ազատության մեջ են գտնվում ահաբեկիչներ, խուլիգաններ, սպանության փորձ կատարածներ: Նրանք իշխանության ինդուլգենցիան ունեն, գնահատվում է նրանց մատուցած ծառայությունն իշխանությանը, նույն թելը թելելը: Գուցե ոչ այնքան եթերային է, բայց ամբողջ պատկերը հստակ ուրվագծելու համար մենք ունենք քրեական գործ առ այն, որ «բոզի տղա Նիկոլ» արտահայտությունը համարվել է խուլիգանություն, եւ այդ քրեական գործը դրվել է Նարեկ Մանթաշյանի  կալանավորման հիմքում: Եվ եթե մենք համեմատում ենք սպանության փորձն այս արարքի հետ, ունենում ենք հստակ պատկեր, որ էս անձինք արտոնյալ կարգավիճակ ունեն, օգտվում են քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությունից»,- ասաց փաստաբանը: