Մոսկվան պետք է նույնիսկ ոչ պոպուլյար զիջումների գնով հարցի լուծումը ձգձգի

Մոսկվան պետք է նույնիսկ ոչ պոպուլյար զիջումների գնով հարցի լուծումը ձգձգի

Մոսկվայում կայացավ Լավրով-Միրզոյան-Բայրամով բանակցությունների հերթական ռաունդը, որի արդյունքում մեզ համար ոչ այնքան հաճելի մտքեր հնչեցին, մասնավորապես՝ ադրբեջանցիների՝ Հայաստանում վերաբնակեցման հետ կապված, չնայած ՌԴ ԱԳ նախարարը փորձում էր հաճոյանալ թե՛ Երեւանին, թե՛ Բաքվին։ Տեսակետ կա, թե այդ հանդիպման կազմակերպմամբ Մոսկվան ցանկանում էր իր միջնորդական բացառիկ դերն ընդգծել Հարավային Կովկասում՝ ակնարկելով, որ, ի հեճուկս արեւմտյան ընդդիմախոսների եւ ՀՀ իշխանությունների՝ Կրեմլից ունեցած կոնկրետ դժգոհությունների, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Թեմայի շուրջ զրուցել ենք ռուս պատմաբան, քաղաքական վերլուծաբան Անտոն Եվստրատովի հետ։

- Անդրադառնանք ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Մոսկվայում կայացած վերջին հանդիպմանը։ Դուք նշել էիք, թե բանակցություններն ավելի շատ նշանավորվեցին նոր հարցերի ի հայտ գալով, քան կոնկրետ պատասխաններով՝ կապված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ։

- Անկեղծ լինենք. ցանկացած ոք, ով թեկուզ մի փոքր հետեւում է Արցախի շուրջ իրավիճակի զարգացմանը եւ դրա շուրջ բանակցային գործընթացին, հազիվ թե լուրջ հույսեր ունենար, որ մոսկովյան հանդիպումը հիմնովին ինչ-որ բան կփոխի. նույնիսկ դրա ձեւաչափը, նախարարական մակարդակը միանգամայն հստակ վկայում էին դրա մասին: Այլ բան է, որ պաշարված Արցախի բնակչության համար գնալով ավելի ու ավելի վատթարացող իրավիճակի ֆոնին շատ ցանկալի կլիներ, որ փոփոխություններ տեղի ունենային։ Բայց իրատեսական տեսակետը, ինչպես տեսնում ենք, գերակշռեց։ Ավելին, պարոն Լավրովի վերջնական հայտարարություններում մենք տեսնում ենք ավելի մեծ չեզոքություն ադրբեջանական դիրքորոշման, քան հայկականի նկատմամբ, թեկուզ փախստականների վերադարձի հարցում, որի մասին, ինչպես պարզվեց, նա ընդհանրապես չխոսեց իր հայ գործընկերոջ հետ, ի տարբերություն ադրբեջանականի (համենայնդեպս, այդպես է ասել ինքը՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը)։ 
Եվ արդյունքում, այո, նոր հարցեր են ծագում... Կկատարի՞ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունը եւ կոնկրետ ինչպե՞ս է դա անելու։ Որո՞նք են Մոսկվայի զիջումների սահմանները Հարավային Կովկասում ադրբեջանական կողմին (զիջումները, նշեմ, պայմանական են՝ հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության զբաղվածությունը եւ Ադրբեջանի կարեւորությունը Ռուսաստանի տնտեսական կարիքները բավարարելու գործում, բայց՝ այնուամենայնիվ): Պատրա՞ստ է Ռուսաստանը գնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ բաց առճակատման, ինչը տեղին է Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վերջին վատթարացման ֆոնին։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի անվտանգությանը եւ թե՛ հենց Ռուսաստանի շահերին, որոնք, ըստ ամենայնի, պետք է ապահովել կոշտ եւ վճռական ձեւով։ Բոլոր կողմերի փոխզիջումային տրամաբանության մեջ մանեւրելու հնարավորությունն արագորեն փոքրանում է։

- ՀՀ ներկա իշխանությունները եւ հայ հասարակությունը դժգոհություններ ունեն Մոսկվայից՝ ՀԱՊԿ առաքելությունից մինչեւ ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործողություններ։ Խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, այդ թվում՝ Լաչինի միջանցքում, իրավիճակը լարված է, Արցախն ամբողջական պաշարման մեջ է, Բաքուն ապօրինի անցակետեր է տեղադրել եւ արգելափակում է ՀՀ-ից Արցախ ուղարկված հումանիտար ավտոշարասյան մուտքը։ Ձեր կարծիքով, հիմնավո՞ր է պաշտոնական Երեւանի դժգոհությունը։

- Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, չնայած 2020 թվականի պատերազմում կրած պարտությանը, փորձում է հնարավորության դեպքում աջակցել Արցախին. ես դրանում կասկած չունեմ։ Ուրիշ բան, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ից հետո Երեւանն իրական հնարավորություններ չունի։ Ադրբեջանի հետ ուժերի հարաբերակցությունը ջարդուփշուր արվեց՝ տեղը զիջելով վերջինիս ռազմական գերիշխանությանը, Թուրքիայի հետ դաշինքով, եւ նույնիսկ Արցախի անվտանգության երաշխավորի պարտականությունները Հայաստանը ստիպված եղավ փոխանցել Ռուսաստանին եւ նրա խաղաղապահ զորախմբին։ Այս առումով փորձերը, ասենք, դրդել ռուս խաղաղապահներին եւ Ռուսաստանին՝ վճռական գործողություններ ձեռնարկել՝ ադրբեջանական սադրանքներին հակազդելու համար (Արցախի նյութական աջակցության հետ մեկտեղ եւ այլն), նման քիչ հնարավորություններից են։ Դարձյալ շատ առումներով խոսքը միայն հռետորաբանության մասին է, ի տարբերություն Բաքվի, այժմ Մոսկվային Երեւանն առաջարկելու բան չունի։ 
Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունը եւ նրա խաղաղապահները ստանձնել եւ պաշտոնապես փաստաթղթավորել են պարտավորություններ՝ ինչպես Արցախում, այնպես էլ՝ ուղղակիորեն Հայաստանում (իր տարածքային ամբողջականության հարցերի հետ կապված), որոնք պետք է կատարվեն։ Այդ թվում՝ իրականում ռուսական ազգային շահերի իրականացման համար։ Այժմ Ռուսաստանի դրսեւորած պասիվությունը նյարդայնացնում եւ դառնացնում է հայ հասարակությանը, որն ի սկզբանե լոյալ էր Ռուսաստանի նկատմամբ։

- Կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանը շարունակում է խուսափել հայ-ադրբեջանական հարցում վճռական գործողություններից՝ թե՛ որպես Հայաստանի դաշնակից, թե՛ որպես Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության երաշխավոր։ 

 - Այո, կարող ենք այդպես ասել: Ռուսաստանն այժմ ձգտում է տարածաշրջանում գործելու փոխզիջումային տարբերակների՝ առավելագույնս օգտագործելով այս պարադիգմայի հնարավորությունները։ Ինչպես նշեցի, դա պայմանավորված է Ուկրաինայում նրա զբաղվածությամբ եւ Հարավային Կովկասում (եւ, որպես հետեւանք, նաեւ Սիրիայում, որտեղ կան թուրքական պրոքսիներ, կանոնավոր զորամասեր, եւ, հնարավոր է, Լիբիայում, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը համագործակցում է նաեւ Անկարայի հետ փոխզիջումային համաձայնագրերի միջոցով) երկրորդ ճակատ չբացելու՝ Մոսկվայի հակվածությամբ ու ցանկությամբ։ 
Տեսականորեն Ռուսաստանը կարող է «ձգել» նաեւ այս ճակատում, բայց նման սցենարը նրանից ավելի մեծ ջանքեր կպահանջի, անխուսափելի նոր մոբիլիզացիա՝ ոչ միայն ռազմական, այլեւ՝ տնտեսական։ Ավելին, նման առճակատման դեպքում մեծանում է դրանում ՆԱՏՕ-ի բլոկի անմիջական ներգրավման ռիսկը։ Դա պարտադիր չէ, բայց հնարավոր է: Ուստի Հարավային Կովկասում լարվածության նոր փուլը Մոսկվայի համար պարզապես անցանկալի է։

- Ռուսաստանի զբաղվածությունն Ուկրաինայում հասկանալի է, այդուհանդերձ, ի՞նչ առարկայական քայլեր պետք է անի Կրեմլը՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու, ՀՀ-ի հետ հարաբերությունների վերանայման եւ Արցախի հիմնահարցի արդար լուծումն ապահովելու համար։

- Քաղաքականությունը, ինչպես ասել է Բիսմարկը, հնարավորի արվեստն է: Այստեղ մենք կարող ենք շատ կետեր նշել, թե ինչ «պետք է անի Կրեմլը», բայց մեծ տերությունները սովորաբար իրենց քաղաքականությունը չեն կառուցում այն հիմքի վրա, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան պարտք են: Ամեն դեպքում, Կրեմլը կունենա իր գործողությունների տրամաբանությունը։ Սակայն Ռուսաստանի վարքագծի մոտավոր սցենարը սեփական եւ հայկական շահերի ապահովման հարցում տեսնում եմ հետեւյալ կերպ.
1) Փոխզիջումների եւ նույնիսկ ոչ պոպուլյար զիջումների գնով հարցի ձգձգում, մինչեւ Ուկրաինայում իրավիճակի հստակեցում եւ այնտեղից լուրջ ռեսուրսներ բաց թողնելու հնարավորություն։
2) Այս ժամանակավոր շրջափուլում, մի կողմից, ապահովել Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսությունների կապակցվածությունը, մյուս կողմից՝ օգտագործել նրանց ռեսուրսները՝ արեւմտյան պատժամիջոցները հաղթահարելու համար։
3) Ուկրաինայից հետո շրջադարձ դեպի Հարավային Կովկաս եւ Մերձավոր Արեւելք (եւ, հնարավոր է, Աֆրիկա, որտեղ արդեն իրականացվում են նախապատրաստական միջոցառումներ)՝ Թուրքիային եւ նրա դաշնակից Ադրբեջանին տարածաշրջանից դուրս բերելու նպատակով։ 
Այս ծրագրերը դժվար է իրականացնել. ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ Թուրքիան հասկանում են դա՝ նրանք ձգտելու են առավելագույնս օգտագործել Ռուսաստանին պարտադրված ժամանակավոր զիջումները՝ ոչ միայն Արցախում եւ Հայաստանի օկուպացված տարածքներում, այլեւ ամբողջ տարածաշրջանում հաստատվելու համար։ Կարող է պատահել, որ պանթուրքիստական դաշնակիցների դիրքերը, երբ Ռուսաստանը պատրաստ լինի կոշտ պատասխանների, այնքան ամուր լինեն, որ դրանք հիմնովին փոխել հնարավոր չլինի։ Այս տարբերակը կարող է հատկապես կարեւոր լինել հայկական հանրապետությունների եւ նրանց բնակչության համար։ Միեւնույն ժամանակ, բացի Ռուսաստանից, կհորդորեի՝ ուշադրություն դարձնել նաեւ Իրանին, ուր վերջերս այցելեց Հայաստանի արտգործնախարարը, որը Հայաստանի եւ Արցախի պես ծանրաբեռնված է ադրբեջանա-թուրքական տարածաշրջանային ընդլայնմամբ։ Թեհրանի հետ հնարավոր ամենամոտ մերձեցումը, որն այժմ Ռուսաստանի կարեւորագույն գործընկերն ու դաշնակիցն է, ՌԴ-ին պարտադրված պասիվության ներկա շրջանում կարող է «փրկօղակ» դառնալ Երեւանի եւ Ստեփանակերտի համար. գոնե մինչեւ ՌԴ-ի ամբողջական վերադարձը տարածաշրջան։ Իսկ վերադարձի մոտավոր ժամանակը կարելի է ենթադրել 2025 թվականը, քանզի այդ տարի կլրանա ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մանդատը, եւ Մոսկվան պետք է իր ուշադրությունը սեւեռի Հարավային Կովկասի վրա (ինչը նշանակում է երկարաձգել իր անմիջական ռազմական ներկայությունը):

Արա Ալոյան