«Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք․․․»

«Մեկ էլ, մեկ էլ մի զարկ տվեք․․․»

Անցյալ դարի իննսունական թվականներին իմ առաջին գրքի հոնորարը՝ 2 հազար սովետական ռուբլի (այժմյան արժեքով՝ երեւի մի 3 հազար դոլար), «կերավ» խնայդրամարկղը, իսկ խնայդրամարկղի փողերը որպես վարկ վերցրին ճարպիկ, չլուտ, տրեխավոր այդ օրերի մարկոսաղաալիմյանները եւ դարձան օլիգարխներ, իսկ այդուհետեւ ե՛ւ խնայդրամարկղի, ե՛ւ «վարկերի» հետքերը չքացան (չքացրին)։ Ես տարված էի երրորդ գրքիս տպագրության մարմաջով (երկրորդն օգնեց տպագրել երջանկահիշատակ Հրաչյա Թամրազյանը)։ Գնացի «չերեզ-չերեզ»-ով իմ իմացած մի հարուստի մոտ՝ տպելու փող խնդրելու։ Ասացի՝ Ձեր անունը գրվելու է գրքիս վրա՝ որպես հովանավորողի։ Ասաց՝ դա քիչ է, Գրողների միությունից մի նամակ բեր։ Նամակը տարա՝ ասաց՝ ինչի՞ վրեն «փեչատ» չկա։ Տրանսպորտը չէր աշխատում, ամեն անգամ ոտքով կայարանից (մինչ այդտեղ մետրոյով էի գնում) մինչեւ Էրեբունի թաղամաս ոտքով էի գնում-գալիս։ Տարա «փեչատով» նամակը, ասաց՝ «փեչատը գերբով չի», Գրողների միությունում ասացին՝ մենք հասարակական կազմակերպություն ենք, մեր կնիքը զինանշան (գերբ) չի կարող ունենալ․․․
Այլեւս Էրեբունի թաղամաս չգնացի, Հրաչը դարձավ «Նաիրի» հրատարակչության տնօրեն՝ երրորդ գիրքս է՛լ ինքը տպեց․․․ Սա ինչո՞ւ եմ ասում․ ինչպես մեր լոռեցիք են ասում՝ որ օձով ծեծես էլ, այլեւս գիրք տպելու համար նման բաներ չեմ անի, զի տարիքս էլ արդեն վազվզելու տարիք չի։ Դուրս է գալիս՝ ա՛յ իրավասուներ, ձեզ էլ իմ գիրքը պե՞տք չի․․․ Պետական աջակցության փողը կարծեմ տարեկան մի 300 միլիոն դրամ էր։ Մի գրքի ծախսը միջին հաշվով 300 հազար դրամ էր։ Ճիշտ կազմակերպելու դեպքում կարելի էր գրական խոտան չտպել։ Մետրոյի հայտնի թամաշայի ծախսով կարելի էր 9 գիրք տպել։ Միջոցառման ժամանակ կարծեմ Կարա-Դարվիշ-բան է եղել։ Ասեմ, որ հիմա Կարա-Դարվիշի ժամանակը չի, Հակոբ Հակոբյանի ժամանակն է։ Պրոլետարական գրող է, էն որ գրել է․
Հե՜յ, ձեզ մատաղ, բանվոր տղերք,
մեկ էլ, մեկ է՛լ մի զարկ տվեք,
մի զարկ տվեք ցարի գահին,
որ խորտակվի նա հիմնովին․․․
Մեր այսօրվա վայրի կապիտալիզմի պոետն է, իրե՛ն բեմադրեցեք․․․
Իսկ ես Հ․ Թումանյանի պես կասեմ՝ գրականություն, ձեզ համար եմ անում, ձեզ որ պետք չի, ինձ էլ բոլորովի՜ն պետք չի ու պետք չի․․․․
Ուֆֆ, էս ինչ երկար ստացվեց․․․

Զավեն ԲԵԿՅԱՆ