Եթե այդպես է, ապա եկեք ուղղակի արձանագրենք այն փաստը, որ աշխարհում բան է փոխվել

Եթե այդպես է, ապա եկեք ուղղակի արձանագրենք այն փաստը, որ աշխարհում բան է փոխվել

Ես առաջարկում եմ այս նախաձեռնությունը առաջին հերթին դիտարկել որպես իրազեկման ակցիա։ Իրազեկման ակցիա առաջին հերթին այն կառույցներին, պաշտոնյաներին, որոնք տարիներ շարունակ ակտիվ գործունեություն են ծավալել, այդ թվում և Հայաստանում։ Բազմաթիվ ՀԿ-ների միջոցով նրանք փորձում էին տարածել եվրոպական արժեքները, փորձում էին պաշտպանել մարդու իրավունքները և այլն։

Այս մասին քիչ առաջ ԱԳՆ շենքի դիմաց մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում ասաց կալանավորված Վազգեն Սաղաթելյանի եղբայրը՝ Արման Սաղաթելյանը։ Նշենք, որ մի շարք քաղաքացիներ այժմ բողոքի ակցիա են իրականանացնում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին։ Այսօր՝ ապրիլի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը:

«Բայց հիմա փաստացի այդ կառույցները լուռ են ու այստեղ դրա հետ կապված երկու պատճառ կարող է լինել։ Առաջինը այն, որ իրենք պատշաճ մակարդակով իրազեկցած չեն, իսկ երկրորդ տարբերակն այն է, որ իրենք ուղղակի ցանկանում են կույր մնալ։ Գուցե շահերն այսօր ավելի գերակա են, քան արժեքները։ Եթե այդպես է, ապա եկեք ուղղակի արձանագրենք այն փաստը, որ աշխարհում բան է փոխվել»,- ասաց նա։