Ինչի համար է Հայաստանը պատրաստ պատերազմել, իսկ ինչը` հանձնել

Ինչի համար է Հայաստանը պատրաստ պատերազմել, իսկ ինչը` հանձնել

Եթե Հայաստանը պատրաստ է եւ հնարավորություն ունի պատերազմելու Ադրբեջանի դեմ՝ Սյունիքը կամ Վայոց Ձորը պաշտպանելու համար, ապա ինչո՞ւ չի պաշտպանում Արցախն ու արցախահայերին: «Նովայա գազետա Եվրոպա» կայքին տված հարցազրույցում Հայաստանի ԱԽՔ ներկայացող Արմեն Գրիգորյանն ասում է, որ Հայաստանի իշխանությունը երբեք չի համաձայնի էքստերիտորիալ միջանցք տրամադրել Ադրբեջանին. «Մեզ համար դա կարմիր գիծ է»: Լրագրողի հարցին` եթե դրա համար Ադրբեջանը պատերազմ սկսի, Գրիգորյանը պատասխանում է. «Այդ դեպքում` պատերազմ: Եթե պատերազմ` ապա պատերազմ»: Ուրեմն Հայաստանը չի բացառում պատերազմն Ադրբեջանի դեմ, չնայած առաջնորդվում է խաղաղության օրակարգով:

Իհարկե, այստեղ կա երկու տարբերակ. Հայաստանը պատրաստ է պատերազմի, որպեսզի պաշտպանի իր տարածքը, եւ մյուս տարբերակն այն է, որ այդ տարածքը զիջի պատերազմով: Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Գրիգորյանի պարագայում երկրորդն ավելի հավանական սցենար է, որովհետեւ Փաշինյանը պատերազմ է անում ոչ թե երկիրն ու քաղաքացիներին պաշտպանելու, հաղթելու հեռանկարով, այլ` ինքնարդարացման համար: Փաշինյանն ու Գրիգորյանը պատրաստ էին Արցախը նաեւ առանց պատերազմի հանձնել, բայց այդ դեպքում իրենց կմեղադրեին դավաճանության մեջ: Ճիշտ է` հիմա էլ են մեղադրում, բայց դրանից նրանք չեն վախենում կամ ամաչում: Բայց վերադառնանք նոր պատերազմ վարելու պատրաստակամությանը:

Նույն հարցազրույցում լրագրողն Արմեն Գրիգորյանին ուղիղ հարց է տալիս, թե ինչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը մի օր զինված ուժեր մտցնի Արցախ եւ արցախահայության հետ վարվի այնպես, ինչպես թուրքերը վարվեցին հայերի հետ 1915 թվականին: Պատասխանն առավել քան սարսափեցնող է. «Դեկտեմբերի սկզբից Հայաստանը միջազգային բոլոր հարթակներում ասում է, որ Ադրբեջանը Ղարաբաղում էթնիկ զտումների ծրագրեր ունի։ Տեսնենք, թե ով կարողություն ունի դրանք կանխելու։ Նախ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղում։ Ընդ որում, 2020 թվականի պայմանագրերով նրանք պարտավոր են դա անել։ Երկրորդ հնարավորությունը միջազգային հանրությունն է։ Հայաստանը երկար ժամանակ լոբբինգ է անում՝ Ղարաբաղ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու համար։ Գոնե դիտորդական»:

Լրագրողն ուղիղ հարց է տալիս Հայաստանի իշխանության ներկայացուցիչ ներկայացող անձին, թե ինչ կանի Հայաստանը, եթե Ադրբեջանը որոշի ցեղասպանություն իրականացնել Արցախում։ Գրիգորյանը խոսում է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի պատասխանատվության, միջազգային գոյություն չունեցող դիտորդների մասին ու ոչ մի խոսք չի ասում, որ Հայաստանն այդ դեպքում կպաշտպանի Արցախի հայերի ապրելու իրավունքը, իր ունեցած բոլոր հնարավորություններով, այդ թվում` բանակով, զինվորականներով, կամավորներով, կպաշտպանի արցախահայությանը: Ստացվում է՝ Սյունիքի միջանցքը Գրիգորյանի համար կարմիր գիծ է, իսկ Արցախի 120 հազար հայերի կյանքը կարմիր գիծ չէ, միջանցքի համար Հայաստանը պատրաստ է պատերազմել, իսկ 120 հազար հայերին փրկելը թողել է ռուս խաղաղապահների եւ միջազգային հանրության չեղած դիտորդների վրա:

Նույնիսկ հարցազրույց վարող լրագրողը գիտի, որ անհեռանկար է միջազգային հանրությունից ին-որ սպասումներ ունենալը, եւ նա Գրիգորյանին բացատրելով, որ Ղարաբաղը չճանաչված հանրապետություն է, իսկ միջազգային հանրությունը կասկածամտորեն է մոտենում չճանաչված հանրապետություններին, նկատում է, որ միջազգային ուժեր չեն մտնի Ղարաբաղ: Գրիգորյանը պատասխանում է. «Չճանաչված, բայց միջազգային հանրությունը պարտավորվել է կանխել ցեղասպանությունը, որտեղ էլ որ այն իրականացվի»:

Յուրաքանչյուր նորմալ եւ ադեկվատ մարդ կամաչեր, որ իր երկիրը ներկայացնելու հնարավորություն է տրված մեկին, ով նույնիսկ չգիտի, որ «միջազգային հանրություն» ասվածն ինչ-որ կոնկրետ մարմին-կազմակերպություն չէ, որի վրա դրված են ցեղասպանություններ կանխարգելելու գործը: Գրիգորյանը Հայաստանին դուրս է դնում այդ միջազգային հանրությունից, քանի որ, եթե համարեր, որ Հայաստանը եւս միջազգային հանրության մի անբաժան մասն է, ուրեմն ցեղասպանություն կանխելու պարտավորությունը վերաբերում է նաեւ Հայաստանին եւ առաջին հերթին՝ Հայաստանին, քանի որ ցեղասպանության ենթարկվողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, հայեր են, մեր հայրենակիցները: Հեշտ է անմեղսունակի դեր ընդունել ու սեփական անգործության եւ անկարողության պատասխանատվությունը գցել միջազգային հանրության վրա: 

Իսկ գիտե՞ք, թե ինչու է Արմեն Գրիգորյանը պատրաստ Սյունիքի միջանցքի համար պատերազմել Ադրբեջանի դեմ, իսկ Արցախը եւ արցախահայության ճակատագիրը թողնել «միջազգային հանրության» կամ, որ նույնն է` բախտի քմահաճույքին: Ոչ թե այն պատճառով, որ Սյունիքը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք է կամ ռազմավարական ավելի մեծ նշանակություն ունի, քան Արցախը, բացարձակապես ոչ: Կա ավելի պարզ բացատրություն. լրագրողն ու Արմեն Գրիգորյանը համակարծիք են մի հարցում, որ Սյունիքի միջանցքը պետք է ոչ միայն Ադրբեջանին, այլեւ Ռուսաստանին, որ այդ ճանապարհով Ադրբեջանը կարողանա ռուսական գազ եւ ոչ միայն, տարանցել դեպի Եվրոպա՝ շրջանցելով պատժամիջոցները: Արցախը կղզիացած տարածք է, դրանով անցնող ռազմավարական ճանապարհներ չկան, որ Ռուսաստանն օգտագործի:

Արմեն Գրիգորյանի եւ Հայաստանի ամբողջ իշխանության գոյության եւ գործունեության իմաստը ոչ թե Հայաստանի, այլ Արեւմուտքի շահերի պաշտպանությունն է, պայքարը Ռուսաստանի դեմ: Դա այնքան էլ անտրամաբանական չէ, եթե նկատի ունենանք, որ նրանք բոլորից լավ գիտեն, որ իրենց իշխանության է բերել ոչ թե հայ հասարակությունը, այլ Արեւմուտքը, իսկ հայ հասարակությունը ծառայել է որպես մասովկա: Դրա համար էլ ծառայում են իշխանության իրական տերերին՝ արհամարհած ունենալով թե՛ երկիրը, թե՛ նրա քաղաքացիներին:

Ավետիս Բաբաջանյան