Դպրոցականներին ծեծողը չի կալանավորվի 

Դպրոցականներին ծեծողը չի կալանավորվի 

Միկոյանի անվան թիվ 166 հիմնական դպրոցի աշակերտներին ծեծի ենթարկած տղամարդն ազատության մեջ է։ Մայիսի 14-ին քննիչները նրան կալանավորելու միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատարանը չի բավարարել՝ մեզ հայտնեց նրա փաստաբան Հրանտ Վարդանյանը։ Տղամարդը մեղադրվում է եռակի խուլիգանության համար՝ անչափահասի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, անչափահասի նկատմամբ ֆիզիկական ներգործության եւ մի խումբ անձանց կողմից խուլիգանության համար։ 

Ինչպես հայտնի է, անցյալ շաբաթ 166-րդ դպրոցի սաների միջեւ կռիվ էր եղել` աղջկան «նեղացնելու» թեմայով։ Տղաներից մեկը խոսք էր նետել աղջկա հետեւից, որի եղբայրները՝ վիրավորված, տղայի հետ «ռազբորկա» էին արել, իսկ վերջինիս հայրը «քննությամբ չպարզված» մի քանի անձանց հետ դպրոց էր գնացել եւ ընկերների հետ մարմնական վնասվածքներ հասցրել որդուն նեղացնողներին։ Ըստ նախնական տեղեկության՝ տղայի հայրը թիկնապահների հետ էր եղել։  

«Այդ մարդն այն կարգավիճակում չէ, որ թիկնապահ ունենա կամ պահի,- հերքում է Հրանտ Վարդանյանը,- միջադեպ է տեղի ունեցել, մենք կողմնակից ենք նրան, որ առանց այլեւայլությունների բոլորը հարթվի-գնա։ Մարդն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, դպրոցի աշակերտներից ու ուսուցիչներից կատարվածի համար ներողություն է խնդրում»։ Ովքե՞ր էին ծեծողները՝ հարցին փաստաբանը չպատասխանեց, չհայտնեց նաեւ իր պաշտպանյալի անունն ու ով լինելը։ Իսկ ինչպե՞ս է մեղքն ընդունում, եթե չի ասում, թե ովքեր են գնացել իր հետ դպրոց։ «Լինում է, չէ՞, որ դու քո սխալը գիտակցում ես եւ ավել բան չես ուզում ասել։ Ամեն դեպքում, ցուցմունք տալ- չտալը մեր իրավունքն է։ Հարցն այն է, որ մենք առաջադրված մեղադրանքների վերաբերյալ չենք վիճարկում, մեղքն ընդունում ենք, զղջում ենք՝ նաեւ հաշվի առնելով մեղադրյալի եւ տուժողների տարիքը»։ 

Իսկ ինչո՞ւ էր գնացել դպրոց` բարկացա՞ծ էր, տաքացա՞ծ։ «Որդին մի փոքր սխալ է ներկայացրել իրադրությունը։ Դրանով պայմանավորված՝ բռնկվել է։ Իրականում մեծ կոնֆլիկտ չկա, կա խնդիր, որը պետք է հարթվի»,- ասաց փաստաբանը։ 

Միկոյանի անվան 166-րդ հիմնական դպրոցի մանկավարժները վախեցած են։ Մինչ օրս նրանք որեւէ կերպ չեն մեկնաբանել կատարվածը։ Լրագրողների հետ չեն շփվում։ Մեր զանգերին պատասխանեց տնտեսական մասի մի կին աշխատակից։ Տնօրենն արձակուրդում է։ Փոխտնօրեններ Խուրշուդյանն ու Մարտիրոսյանը զանգերին չեն պատասխանում։ Ժամը 14։30-ին թիվ 166 դպրոցից մեզ հայտնեցին, որ նրանցից ոչ մեկը դպրոցում չէ։ «Վերապատրաստման են գնացել։ Ուսուցիչներն էլ արդեն գնացել են տուն»,- ասաց կինը։ 

Զարմանալի չէ, որ ձեզ մոտ ինչ ասես, պատահում է՝ մեր արձագանքին դպրոցի կին աշխատակիցը պատասխանեց, որ այդպես չէ։ «Ծնողը ներս է կարողացել մտնել, որովհետեւ նրան կանչել էին դպրոց»,- ասաց նա։ Բայց քիչ հետո մեզ զանգահարեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Կարապետյանը, ասաց, որ մեզ հետ զրուցած կին-դռնապահն ինֆորմացիային չի տիրապետում, իսկ մյուս աշխատողներին քաղաքապետարանից թույլ  չեն տալիս տեղեկություններ տրամադրել։ Մենք ընդամենը ուզում էինք լսել մանկավարժների վարկածը, թե ինչպես եղավ, որ օրը ցերեկով մի քանի տղամարդիկ մտան դպրոց ու ծեծեցին երեխաներին։