Կառավարությունը «Զորաշեն»-ին առաջարկել է շտկումներ անել․ հրապարակվում են գրավոր ապացույցները

Կառավարությունը «Զորաշեն»-ին առաջարկել է շտկումներ անել․ հրապարակվում են գրավոր ապացույցները

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Այսօրվա նիստում հրապարակվում են գործում առկա գրավոր փաստաթղթերը։

Դատարանում հրապարակվեց «Հրապարակ» օրաթերթի նյութը, ըստ որի՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում խնդիրներ են առաջացել, որ դիալիզի մրցույթը շահել է ոչ թե մշտական ծառայություն մատուցող ՍՊԸ-ն, այլ «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՊՎԾ աշխատակիցներին։

Դատարանում հրապարակվեցին նաեւ 2018-ին մրցութային հանձնաժողովի արձանագրությունները, հանձնաժողովին ներկայացված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում դիալիզի բուժսպասարկման մրցույթը շահած «Զորաշեն» ՍՊԸ-ի՝ որակը հաստատող սերտիֆիկատը: Ըստ այդ արձանագրությունների՝ պատվիրատուի կողմից իրականացվել է հարցում սերտիֆիկատը տրամադրող կազմակերպությանը, եւ պարզվել է, որ սերտիֆիկատը վավեր չէ: 

Հիմք ընդունելով կառավարության համապատասխան կարգը՝ «Զորաշեն»-ին առաջարկվել է շտկել անհստակությունը: ՍՊԸ-ն այնուհետեւ շտկել է բացթողումը՝ ներկայացնելով պարզաբանում, եւ ՍՊԸ-ի ներկայացրած հայտը բավարար է գնահատվել: Մրցույթում հաղթող է ճանաչվել «Զորաշեն» ՍՊԸ-ն: 

Ըստ  մեղադրանքի՝ Սամվել Ադյանը Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, 2018-2019թթ. ընթացքում ապօրինի կերպով միջամտել է վերահսկվող օբյեկտներ հանդիսացող ՀՀ առողջապահության նախարարության, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եւ «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին` պարտադրելով փոփոխել ինչպես ավտոկլավի տեխնիկական բնութագիրը, այնպես էլ հեմոդիալիզի սարքերի շահագործման փաստաթղթերով նախատեսված դիալիզատորների տեխնիկական բնութագրերը եւ կազմել բժշկական կենտրոնների իրական կարիքներից եւ սարքերի շահագործման փաստաթղթերից չբխող նոր տեխնիկական բնութագրեր՝ նպատակ ունենալով հայտարարված մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը: Ընդ որում, գնման գործընթացներին մասնակցող ծառայողների կողմից ապօրինի պահանջները կատարելուն ընդդիմանալու դեպքում, ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձինք սպառնացել կամ փաստացի նախաձեռնել են ուսումնասիրություններ:

Տարոն Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զորաշեն» ՍՊ ընկերության տնօրեն Հայկ Կարապետյանի կողմից տրված լիազորագրերով ստանձնելով ընկերության փաստացի ղեկավարումը եւ հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը` Սամվել Ադյանի մտերիմ ընկերը, վերջինիս եւ նույն վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար Գեւորգ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ՝ միջոցներ եւ տեղեկություններ տրամադրելու, խոչընդոտները վերացնելու եղանակով, օժանդակել է նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելուն։