Արսեն Թորոսյանը հայտնվել էր Արծվիկ Մինասյանի կարգավիճակում

Արսեն Թորոսյանը հայտնվել էր Արծվիկ Մինասյանի կարգավիճակում

Կառավարության երեկվա նիսում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի ներկայացրած Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումը կեսից վերածվեց բուռն բանավեճի, որի հերոսները վարչապետն ու առողջապահության նախարարն էին։ 
Խնդիրը վերաբերում էր ծխախոտային փոխարինիչների՝ IQOS-ների ակցիզային հարկի դրույքաչափի փոփոխությանը, որը սկզբում պետք է լիներ 8 հազար 500 դրամ, բայց վերջին պահին փոխվել դարձել է 2 հազար դրամ։ Այս մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացել է նիստից ընդամենը մեկ ժամ առաջ։ Հայտնի է, որ նա, ինչ-ինչ մոտիվացիաներով պայմանավորված, որոշել է հակածխախոտային թունդ պայքար մղել՝ առանց հաշվի առնելու, որ դա կարող է տնտեսական առումով լուրջ ռիսկեր առաջացնել եւ ազդել բյուջեի մուտքերի վրա։ Բայց միեւնույն է՝ նա, երկու ոտքը մի կոշիկ դրած, մտադիր է հասնել նրան, որ մի օր իսպառ արգելվի ծխախոտի վաճառքը Հայաստանում՝ դրանով թերեւս փորձելով արդարացնել այն գրանտները, որ ստացել է նախարարությունը հակածխախոտային պայքարի համար։ Հակառակ դրան՝ ֆիննախն էլ առաջնորդվում է չոր տնտեսագիտական հաշվարկներով՝ բացատրելով, որ ծխախոտի վաճառքի դեմ պայքարելով՝ բյուջեն լուրջ կորուստներ կունենա։ 

Ուստի Ջանջուղազյանը իրեն հատուկ ոճով, թերեւս տակից, գաղտագողի, վերջին վայրկյանին 8 հազար 500 դրամ ակցիզային հարկն իջեցրել դարձրել է 2 հազար, որ Թորոսյանը չկարողանա առարկություններ ներկայացնել ու փոխել տալ այն։ 

Նշենք, որ անկախ այս նվազեցումից, միեւնույն է, 2 հազար դրամի դեպքում IQOS տեսակի ծխախոտային փոխարինիչների ակցիզային հարկն էլի բարձրանում է, պարզապես չորս, ոչ թե մոտ 20 անգամ։ Բացի այդ, բուն ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկը նույնպես ավելացել է՝ 2020 թվականից այն կդառնա 9 հազար 625 դրամ՝ ամեն 1000 տուփի դիմաց, որը տարեցտարի ավելանալով՝ 2023 թվականին պետք է դառնա 14 հազար 640 դրամ։

Թորոսյանը բավականին կոշտ դիրքորոշում հայտնեց այս փոփոխության նկատմամբ՝  նկատելով․ «Ես կարծում եմ, որ կոնկրետ մեր գերատեսչության համար անընդունելի կարգավորումներ են, եւ էս տեսքով չպետք է գնա Ազգային ժողով այս օրինագիծը»։

Վարչապետը զարմացավ՝ ութ ամիս քննարկում են այս նախագիծը, եւ տեղյակ չե՞ն՝ ինչ է փոփոխվում։ Դրությունն ու ըստ այդմ նաեւ Ջանջուղազյանին փորձեց իրավիճակից չոր դուրս բերել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը վերջերս ասես տանդեմ է  կազմել ֆինանսների նախարարի հետ, եւ միասին ինչ-որ ծածուկ, տակից իդեաներ են փորձում առաջ բրթել ու անցկացնել վարչապետի մոտ։ Նա նորմալ համարեց, որ վերջին պահին կարող է բան փոխվել՝ նշելով, որ կան թվեր, որ ճշգրտվում են եւ կարող են ճշգրտվել վերջին պահին։ Ջանջուղազյանն էլ բացատրեց, որ դրույքաչափը նվազել է, որովհետեւ չնվազելու դեպքում մենք կունենայինք հարկային եկամուտների նվազում։

Իրավիճակին առաջին մի քանի րոպեին ադեկվատ արձագանք տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ծխախոտային բիզնեսը նաեւ տնտեսության ճյուղ է, իրենք չեն կարող լինել միայն առողջապահության նախարարության կառավարություն, միայն ֆինանսների կամ մեկ ուրիշի, այլ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերեն։ Ապա կտրուկ բռնկվեց ու հունից դուրս եկավ՝ հարձակվելով Արսեն Թորոսյանի վրա, ով սկսեց պնդել իր տեսակետը՝ փորձելով համոզել, որ ծխախոտի օգտագործումն ունի ավելի շատ բացասական տնտեսական էֆեկտ, քան այն առաջացնում է հարկեր, ապա նորից դժգոհեց, որ 8 հազար 500 դրամը 2 հազար դառնալու մասին ինքն առավոտյան ժամը 10-ին է իմացել ու չի հասցրել քննարկել։

«Հա, լավ, հասկացանք, բացատրեցին մարդիկ, իսկ ո՞վ ա ասել, որ երեկ երեկոյան ժամը 9-ին պետք ա իմանայիք»,- Թորոսյանի բողոքները կանխեց վարչապետը՝ արդարացնելով Ջանջուղազյանի ծածուկ արարքը։ 

«Եկեք հազար անգամ ավելացնենք, եկեք ծխախոտի արտադրությունը ՀՀ-ում արգելենք, տենանք վաղը ինչ կլինի Հայաստանում։ Էդ ի՞նչ լոբբինգ եք անում՝ 8 հազար դրամ, այսինքն՝ պաշտպանում եք, որ Հայաստանում ծխախոտ գոյություն չունենա՞ ընդհանրապես։ Ինչի՞ չեք առաջարկում արգելել ծխախոտի արտադրությունը եւ օգտագործումը Հայաստանում ընդհանրապես»,- ձայնն ավելի բարձրացնելով՝ շարունակեց բորբոքվել Փաշինյանը։ Թորոսյանն էլ, անակնկալի եկած վարչապետի այս զայրույթից, փորձեց արդարանալ, թե երկրներ կան, որ դրան են գնում։ «Բա ես էլ եմ էդ ասում՝ մենք էլ ենք գնում դրան։ Դուք ասում եք՝ եկեք միանգամից ժամանակի մեքենա մտածենք, միանգամից  հայտնվենք ընդեղ։ Ես ասում եմ՝ չի լինում տենց, դա աղետների բերող ճանապարհ ա»,- ասաց վարչապետը։

Թվում էր, թե ամեն ինչ հանդարտվեց, վարչապետի զայրույթն իջավ, եւ նախարարներից մեկը փորձում էր արդեն ելույթի իրավունք խնդրել, երբ նորից փոթորկվեց Փաշինյանի հոգին․ «Եվ, ընդհանրապես, էս թեման եկեք հետագայում բան չանենք։ Ի՞նչ ա նշանակում՝ ես տեղյակ չեմ։ Որեւէ քննարկում․․․ հարյուր անգամ ասել եմ՝ հանրության ներկայացուցիչների հետ, կառավարության ներկայացուցիչների հետ, խնդիր ա եղել՝ առողջապահության նախարարն ասել ա, որ էդ թեմայով շրջանառվող որոշումները չեն հասնում մեզ։ Հանձնարարել եմ, որ հասնեն էդ որոշումները։ Հիմա չե՞ն հասնում էլի Ձեզ, պարոն Թորոսյան»։

Թորոսյանը կրկնեց, որ կոնկրետ այս 8 հազար 500-ը 2 հազար դառնալու մասին ինքը տեղեկացել է առավոտյան։ Նորից զայրացավ Փաշինյանը Թորոսյանի վրա, որ «լավ, հասկացանք, նախագծի մեջ բան են գրել, հիմա ի՞նչ եք…»։ Հետո փուքսն իջավ, թերեւս հիշեց, որ այս ամենն ուղիղ հեռարձակվում է, եւ որ լրագրողները շուտով «բոմբ» վերնագրերով կողողեն կայքերը, եւ որոշեց իրեն ապահովագրել․ «Հեսա տեսեք՝ Ձեր ասածների արդյունքում կես ժամ հետո մամուլում ինչ վերնագրեր կհայտնվեն»։

Ուշագրավ է, որ ինչպես նախորդ վարչապետերն ունեին իրենց սիրելի եւ մերժելի նախարարները, որոնց կա՛մ դրվատում էին, կա՛մ վրաները մուննաթ գալիս, նույնը կարծես Նիկոլ Փաշինյանի դեպքում է։ Նախորդ վարչապետերից Կարեն Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը ոչ մի կերպ «յոլա չէին գնում» դաշնակցական Արծվիկ Մինասյանի հետ ու նրան տեղի-անտեղի կոպտում էին, փոխարենը շատ ջերմ էին վերաբերվում այլ նախարարների։ Երեկ էլ Մինասյանի դերում հայտնվել էր Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանը նրան մի լավ կոպտեց, փոխարենը իր թեւերի տակ առավ Ատոմ Ջանջուղազյանին, Մհեր Գրիգորյանին, Օսիպյանի հետ էլ հումոր արեց, պարզվեց՝ ոստիկանությունը լավ չի վերահսկում արգելված վայրերում ծխախոտի վաճառքի բացառումը։