Արցախյան Մելիք Շահնազար Բ-ի կրկնօրինակը

Արցախյան Մելիք Շահնազար Բ-ի կրկնօրինակը

ՀՀ վարչապետի աթոռից կառչած ՓաշինյանՆիկոլը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական Խորհրդի վարչապետ Լի Ցյանին՝ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի մահվան կապակցությամբ: Վերջինս պաշտոնից ազատվել էր կես տարի առաջ 68 տարեկան հասակում: Մինչ այդ նա պաշտոնավարել է 10 տարի, ու այդ ընթացքում Չինաստանը շարունակել է իր ռազմաքաղաքական ու տնտեսական զարգացումը: Լի Քեցյանը համարվել է նույնիսկ աշխարհի ամենաազդեցիկ անձանցից մեկը. ամերիկյան «Forbes» ամսագրի վարկանիշային աղյուսակում 2015-ին զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Վերջինս ՉԺՀ-ի հռչակման (1949 թվական) սկզբից դասակարգվող չինական ղեկավարության 5-րդ սերունդի ներկայացուցիչն է: Սերունդ, որ շաղկապվել է 2012 թվականին երկրի և կառավարող կուսակցության ղեկավար ընտրված Սի Ցզինպինի հեղինակությամբ անվանված «Նոր դարաշրջանի չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի» շրջանին: 

«Վարչապետ Լի Ցյանին և Չինաստանի բարեկամ ժողովրդին հայ ժողովրդի և ՀՀ կառավարության անունից խորին ցավակցություններ ու զորակցություն հղող» անձը կերազեր, որ տասնամյակներ անց նրա մասին էլ գրվեր, որ ինքը եղել է աննախադեպ տնտեսական վերելքների և ձեռքբերումների հեղինակը: Բայց իր առումով սերունդները կհիշեն 2018-ի համազգային շարժումը, իսկ երկուսուկես տարի անց՝ խայտառակ պարտությունը պատերազմում: Կհիշեն «դժգույն ու դժբաժխտ Շուշի քաղաքը», բազմահազար մարդկային կորուստները, և վերջապես Արցախի կորուստը: Չգիտեմ, թե էլ ինչ կորուստներ են մեզ դեռևս սպասում նրա վարչապետության «շնորհիվ»: Կհիշեն համատարած սուտն ու կեղծիքը, իր հայրենակիցներին մանիպուլյացնելը՝ եթե, իհարկե, հայաստանցիներին ինքը համարել է հայրենակիցներ: Կհիշեն, թե ինչ երազանքով ժողովուրդը նրան հասցրեց վարչապետության և թե ինչ ողբերգությունների բախվեց դրա հետևանքով: Կհիշեն նրա «Ապագա կա ապագա» կարգախոսը ու կանիծեն նրա «ընձեռած» ապագան: Ու դրա հետ էլ հենց իրեն:

Որքան էլ այսօր Փաշինյան Նիկոլն ու նրա ընտանիքը վայելեն իր վարչապետությունը, միևնույն է, մի ոչ գեղեցիկ (իր համար) օր վարչապետի բազկաթոռն ազատվելու է նրանից: Ու դրանից հետո նրա անունը հիշատակվելու է 18-րդ դարակեսի արցախյան Մելիք Շահնազար Բ-ի անվան կողքին: Մարդ, ով սկզբում սպանում է իր խորթ եղբորը, իսկ այնուհետև դավաճանելով արցախյան մնացած մելիքներին՝ աջակցում է հայկական այդ տարածքում թրքախոս խաշնարածների, որ երկու դար անց կոչվելու էին ադրբեջանցիներ, հիմնավորմանը: Իսկ Չինաստանի 7-րդ վարչապետ Լի Քեցյանի անունը ոսկե տառերով է գրվելու չին ժողովրդի պատմության մատյանում: