Արայիկ Հարությունյանն ունի հակասություններ Փաշինյանի հետ, սակայն դա չի բարձրաձայնում

Արայիկ Հարությունյանն ունի հակասություններ Փաշինյանի հետ, սակայն դա չի բարձրաձայնում

Արցախում պարենային մթերքի մոտ 90 տոկոսը մատակարարվում էր Հայաստանի Հանրապետությունից՝ բոլոր տեսակի մթերքների մասին է խոսքը, իսկ դեղորայքի պարագայում` հարյուր տոկոսանոց էր ներկրումը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ 

Անդրադառնալով երկխոսություն սկսելու մասին նույն Արցախի իշխանությունների հայտարարություններին, նա կարծում է, որ Արցախն իրականում ադրբեջանցիների հետ խոսելու բան չունի։ «Ադրբեջանն ասում է՝ մեզանից ի՞նչ եք ուզում, միջազգային բոլոր կազմակերպությունները ճանաչում են Լեռնային Ղարաբաղը՝ այդ թվում նաև մեր վերահսկողության տակ գտնվող տարածքները, որպես Արդբեջանի հանրապետության սուվերեն տարածք։ Եվ այստեղ որևէ կառուցողական խոսակցություն չի կարող լինել և Ադրբեջանը ոչ թե գալիս է քննարկումներով համաձայնության, այլ գալիս է իր պահանջներով, իր պատկերացումներով, իր ցանկությամբ՝ բացառապես իր օրակարգով։ Ու չի գալու նստի ասի՝ դե լավ, դուք ինչ եք ուզում։ Ինքնորոշման մասին խոսակցություն ընդհանրապես չի կարող լինել»։ Ուստի Ադրբեջանի հետ խոսելու բան մենք չունենք՝ մենք պետք է խոսենք միջազգային հանրության հետ»,-ասաց Ազիզյանը։
Արցախցի քաղաքագետը պնդում է՝ միջազգային հանրությունից պետք է պահանջել հիմնավոր, իրավարար այն փաստաթուղթը, որի հիման վրա նրանք ցայսօր ճանաչում են Լեռնային Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս։ Նա նշում է, որ արևմուտքի գլխավոր նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է ու դրա համար արևմուտքը չի խոչընդոտում Արցախում տեղի ունեցող զարգացումներին։ 

«Նրանց համար նշանակություն չունի, թե այդտեղ ովքեր կլինեն՝ արցախցիներ, ադրբեջանցիներ, կամ արցախցիների հետ ի՞նչ կպատահի»,-ասաց Ազիզյանը։ Նա շեշտում է, որ միջազգային հանրությունն ապօրինի կերպով Լեռնային Ղարաբաղը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից Արցախ ուղարկված հումանիտար բեռին, որը Հակարի կամրջից այն կողմ այդպես էլ չանցավ, դա անվանում է` այս իշխանությունների բազմաթիվ սխալներից մեկը։
«Ինչ վերաբերվում է այս իրավիճակում այնտեղ բեռ ուղարկելուն, այն էլ այս ձևով, տեղեկատվական բում ապահովելով, դեսպաններին և նաև եվրոպական այդ դիտորդներին այնտեղ ներգրավվելով, կարծես հայտարարություն է եղել դիտորդների կողմից` մինչև խնդիրը չհանգուցալուծվի։ Սա շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև եթե իրականում նրանք ցանկանում են որևէ բան փոխել, ապա գոնե Շառլ Միշելը հանդիպման ժամանակ ոչ թե չպետք է ողջուներ Ալիևի այդ առաջարկը, այլ գոնե ողջունելուն զուգահեռ նշեր, որ դա խնդրի լուծում չէ»,-նկատեց վերջինս։

Նա նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո հայկական կողմի ունեցած բոլոր կորուստները փորձ է արվում ներկայացնել որպես ռուսական կողմի բացթողում, սակայն պետք է հասկանալ, որ քաղաքականության մեջ միայն շահեր կան ու բոլոր այդ դերակատարները առաջնորդվում են այդ շահերի տրամաբանությամբ։ Ուկրաինական ճակատում ստեղծված իրավիճակով Ռուսաստանը չի կարողանալու հակադարձել Ադրբեջանին և Թուրքիային ու պետք է մտածել, թե ստեղծված իրավիճակում ինչ կարող է լինել։

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությանը, Ազիզյանն ասաց, որ ով էլ լինի Հայաստանում իշխանությունը, Արցախի ղեկավարությունը պետք է նրանց հետ որոշակի կապեր պահի ու չի կարող բացահայտ դեմ գնալ։ Հարությունյանի պարագայում ևս այդպես է՝ նա ունի հակասություններ Փաշինյանի հետ, սակայն դա չի բարձրաձայնում։