Օսիպյանի անունը ցանկանում են մաքրե՞լ․ մոռացված գործը կրկին վերաբացվել է

Օսիպյանի անունը ցանկանում են մաքրե՞լ․ մոռացված գործը կրկին վերաբացվել է

2014 թվականին տեղի ունեցած դանակահարության աղմկահարույց գործը կրկին վերաբացվել է։ 2014-ի հունիսի 1-ին այն ժամանակ Երևանի փոխոստիկանապետ, այժմ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի մասնակցությամբ դանակահարության դեպք էր գրանցվել։ Հանցագործության մեջ հիմնական կասկածվողը Սեդրակ Օսիպյանն էր, վերջինս շուրջ մեկ տարի հետախուզվում էր, ապա 2015-ի մարտի 21-ին ներկայացել է Քննչական կոմիտե, և ցուցմունք տվել, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Գործի քննության ընթացքում նույնիսկ Վալերի Օսիպյանի նկատմամբ գործ հարուցվեց ու կարճվեց։ Այժմ դանակահարության գործով վկա Սամվել Հովհաննիսյանը պնդում է, որ իրեն, շուրջ 2 ամիս է, կանչում են Քննչական կոմիտեի Հատուկ կարևորության գործերով քննիչները և հարցաքննում՝ ասելով, որ գործի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Կանչել են նաև Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին ու եղբորը։

 

Դանակահարության դեպքը՝ ըստ Հովհաննիսյանի

 

Գործով վկա Սամվել Հովհաննիսյանը պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել հետևյալ կերպ․ Տուժած Վանուշ Ալեքսանյանի եղբայրն անցնելիս է եղել Սեդրակ Օսիպյանի և Սամվել Հովհաննիսյանի եղբոր՝ Սարգիս Հովհաննիսյանի կողքով։ Վանուշ Ալեքսանյանի եղբայրը՝ Վիգեն Ալեքսանյանը թքել է գետնին, Սեդրակ Օսիպյանը հարցրել է՝ «Է հետո՞, էդ ուրդե՞ ես թքում», Ալեքսանյանը պատասխանել է՝ գետնին, Սեդրակ Օսիպյանն էլ հավելել է՝ «վրաս թքեիր» ու հարվածել է Ալեքսանյանի եղբորը, ինչից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, որը և ավարտվել է եղբորն օգնության հասած Վանուշ Ալեքսանյանի դանակահարությամբ։ Հովհաննիսյանի պնդմամբ՝ տուժած Վանուշ Ալեքսանյանի մայրը դեպքից հետո ասել է, որ տեսել է, թե ինչպես է երկար մազերով ու կապույտ աչքերով տղան դանակահարում իր որդուն։ Ըստ Հովհաննիսյանի՝ երկար մազերն ու կապույտ աչքերը հենց Սեդրակ Օսիպյանի արտաքին նկարագրերն են։

 

Սամվել Հովհաննիսյանի ու Վալերի Օսիպյանի շփումները դեպքից հետո

 

Սամվել Հովհաննիսյանը 2014 թվականին և այժմ էլ պնդում է, որ դեպքից հետո Վալերի Օսիպյանը զանգահարել է իրեն և հրավիրել է իր աշխատասենյակ, այնուհետև առաջարկել է գործարքի մեջ մտնել։ Հովհաննիսյանը իր տված ցուցմունքում գրել է․

«2014 թվականի հունիսի 2-ին իմ բջջային հեռախոսին զանգ եկավ, զանգահարողը ինձ հետ առերես քննվող Վալերի Օսիպյանն էր։ Ներկայացավ և ասաց, որ խոսելու բան կա։ Ես հարցրի՝ ի՞նչ կա խոսելու, նա ասաց՝ «կարա՞ս գաս վարչություն, տղավարի խոսելու բան կա»։ Այնտեղ ինձ մի տղա դիմավորեց, առանց անցագրի ու անձնագրի բարձրացրեց Օսիպյանի աշխատասենյակ։ Սենյակում կար ևս մեկ հոգի, որի անունը Հարութ էր։ Ես հարցրի, թե ինչի՞ համար է ինձ կանչել, պատասխանեց՝ «Սեդրակը ինձ ասել է՝ եթե ուզում ես ճիշտը իմանաս, Սամվելին հարցաքննի, ինքը ճիշտը կասի»։ Ես իրեն հարցրի, թե «հիմա տղավա՞րի ենք խոսում», դրական պատասխան տվեց։ Ես պատմեցի, ինչ որ տեսել էի, և այն պահը, որ տուժածի մայրը գոռում է, թե երկար մազերով ու կապույտ աչքերով տղան է դանակահարողը։ Ինձ հետ առերեսվող Վ․ Օսիպյանը ինձ ընդհատեց ու ասաց՝ «Ես Սեդրակին չեմ կարող օգնել, քանի որ նա իմ եղբոր տղան է, բայց Սարգսին կարող եմ օգնել, եթե իր վրա վերցնի»։ Ես պատասխանեցի՝ «ըտենց ճիշտ չկա, ինչի՞ համար պետք է եղբայրս իր վրա վերցնի, եթե հանդիսացել է որպես բաժանող, եթե կարողանում ես, Սեդրակին օգնի, Սարգիսը քո օգնության կարիքը չունի, քանի որ գործով ոչ մեկ չի տեսել, որ Սարգիսն է եղել»։ Դրանից հետո Օսիպյանը կրկին նույնաբովանդակ առաջարկություններ արեց՝ պնդելով, որ Սարգսին է եղել»,- գրել է Սամվել Հովհաննիսյանը։

Տվյալ ժամանակահատվածում Սարգիս Հովհաննիսյանը եղել է Ռուսաստանի Դաշնությունում, և, ըստ Սամվել Հովհաննիսյանի տված ցուցմունքի, Օսիպյանը հարցրել է՝ եթե Սարգիսը մեղավոր չէ, ապա ինչո՞ւ են փախցրել երկրից, Սամվելն էլ պատասխանել է, թե նա ամեն դեպքում պատրաստվում էր գնալ, բացի այդ էլ վախեցրել են, որ իր գլխին կսարքեն, դրա համար էլ գնացել է։ Սամվել Հովհաննիսյանը գրել է նաև, որ Օսիպյանի հետ զրույցից հետո իր բջջայինով և իր առաջարկությամբ զանգահարել է եղբորը և փոխանցել Օսիպյանին, զրուցել են բարձրախոսը միացրած և Օսիպյանը կրկին հարցրել է, թե ինչու է փախել երկրից։

Իր ցուցմունքում Վալերի Օսիպյանը հերքել է Սամվել Հովհաննիսյանի տված ցուցմունքը՝ ասելով, որ սուտ է, և ինքը Սամվելին չի հրավիրել իր մոտ, այլ ճիշտ հակառակը՝ Սամվելն է ցանկացել իր հետ զրուցել․ «Ինձ հետ առերես հարցաքննվողը սուտ է խոսում, որ ես նրան առաջարկել եմ, որ Սարգիսը ընդունի, ես նրան կօգնեմ, իսկ Սեդրակին օգնել չեմ կարող։ Այդ տեղեկությունները սուտ են»։

Սամվել Հովհաննիսյանի և իր մոր՝ Սմբուլ Հովհաննիսյանի ցուցմունքների և մամուլի հրապարակումների հիման վրա 2014 թվականի հուլիսին Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, ապա կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով։

 

Նոր ի հայտ եկած հանգամանքները

 

«Հրապարակի» հետ զրույցում Սամվել Հովհաննիսյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ նոր ի հայտ եկած հանգամանքների մասին է խոսքը, նշեց, որ իրեն պարզաբանել են, թե դեպքից հետո եղբայրը՝ Սարգիս Հովհաննիսյանը զանգահարել է Սեդրակ Օսիպյանի ծանոթներին, և իբր խոստովանել է, թե դանակահարողը ինքն է եղել։ Հովհաննիսյանը մտահոգված է, որ գործը նորից վերաբացելով, փորձում են, այսպես ասած, սարքել իր եղբոր գլխին և մաքրել Օսիպյանների անունը։ Նրա մտահոգություններն ավելի են խորանում այն պատճառով, որ տուժածի հարազատները, Հովհաննիսյանի խոսքով, այժմ էլ պնդում են, որ չեն հիշում, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, մինչդեռ տուժածի եղբայրը 4 տարի առաջ մանրամասնորեն ներկայացնում էր դեպքը, իսկ Վանուշ Ալեքսանյանն էլ, իր մոր պնդմամբ, ասել էր, թե՝ դանակահարողի թիկունքում շատ լուրջ մարդիկ են կանգնած և պետք չէ բողոքել։

ՀՀ քննչական կոմիտեին հարցում կատարեցինք, հասկանալու համար, թե որո՞նք են այդ նոր երեւան եկած հանգամանքները՝ ըստ Քննչական կոմիտեի։ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի ԺՊ Նաիրա Հարությունյանը տեղեկացրեց, որ գործը կարճված չի եղել, ուստի նոր փաստական հանգամանքներ չկան․

«Այդ գործով հիմա անհրաժեշտ քննչական գործողություններ են կատարվում , նախաքննություն է ընթանում։ Վկան նախաքննություն իրականացնելու համար հրավիրվել է։ Գործը պետք է կարճված լիներ, որ նոր երևան եկած հանգամանքներ լինեին։ Այդ գործը կարճված չի եղել։ Ես զրուցել եմ քննիչի հետ, ասել է, որ անհրաժեշտ քննչական- դատավարական գործողություններ են իրականացվում»։ Հարցրինք, թե ո՞րն է պատճառը, որ շուրջ 3 տարվա լռությունից հետո վկային և իր ընտանիքի անդամների ծանուցագրեր են ուղարկում և հրավիրում հարցաքննության, պետք է, չէ՞, որ նոր հանգամանքներ ի հայտ եկած լինեն․

«Երբ որ քրեական գործը կարճված չէ, շատ նորմալ է, որ ցանկացած պահի նորից կանչեն և սկսեն քննություն իրականացնել»,- ասաց Հարությունյանը։

Զանգահարեցինք Սեդրակ Օսիպյանի երբեմնի պաշտպան Կրոմվել Գրիգորյանին և ստացանք տրամագծորեն հակառակ պատասխան։ Գրիգորյանը պնդում է, որ կոնկրետ չի հիշում, սակայն բավականին երկար ժամանակ է, ինչ գործը կարճվել է․ «Սեդրակ Օսիպյանի գործը կարճված է։ Ինֆորմացիան ստուգեք, թող Քննչական կոմիտեից պաշտոնապես պատասխանեն, այլ ոչ բանավոր։ Չեմ հիշում՝ գործը կոնկրետ երբ է կարճվել, բավականին ժամանակ է»։

Կապվեցինք նաև ոստիկանապետի մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանի հետ՝ ճշտելու, թե վերաբացված գործի շրջանակներում Վալերի Օսիպյանը հրավիրվե՞լ է հարցաքննության կամ տեղեկացվա՞ծ է, որ գործը վերաբացվել է․ «Նախաքննության ցանկացած գործով նախաքննական մարմնից ճշտեք կամ անձամբ պարոն Օսիպյանից, առիթ կունենաք դեռ իր հետ հանդիպելու»,- ասաց Ահարոնյանը։