«Մեր դատախազները անհաղորդ մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, իրենց ծառայությունն են կատարում»

«Մեր դատախազները անհաղորդ մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, իրենց ծառայությունն են կատարում»

«Որպես չափազանց կարևոր ձեռքբերում՝ ուզում եմ առանձնացնել միասնական դատախազական համակարգի կայունությունը, իր սահմանադրական կարգավիճակին հարիր դիրքերում ամուր կանգնած լինելու իրողությունը:

Այդ կայունության հիմքում ժառանգված ինստիտուցիոնալ հիշողությունն է, ահռելի պատմական փորձը, պարտականությունների կատարման նկատմամբ պատվախնդիր և պատասխանատու վերաբերմունքի ցուցաբերումը, ընդհանուր գործի և արդյունքի հանդեպ հոգատարությունն ու սրտացավությունը»: Այս մասին այսօր իր ելույթում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ դատախազության աշխատակցի օրվա եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի առթիվ։ 
Դավթյանն, ապա շարունակեց․ «Նման որակները չեն կարող արտահայտվել առանց պետական մտածողություն կրելու, առանց արկածախնդրությունից, ինտրիգներից, աշխատանքային գործունեության ընթացքում քաղաքական հայացքներին կամ մանիպուլյատիվ էֆեկտով տարատեսակ տեղեկատվական հոսքերով ներշնչվող տրամադրություններին տուրք տալուց կատարելապես զերծ մնալու, բացառապես օրենքով սահմանված գործառույթների շրջանակում լինելու անհրաժեշտության խորքային գիտակցման:

Որակներ, որոնք լավագույնս դրսևորվելով հատկապես նախորդ տարվա պատմական շրջադարձային իրադարձություններից հետո ծավալված՝ ծանր, առանձնապես ծանր հանցագորությունների բացահայտման հիմնավորման, քրեական հետապնդումների, մեղադրանքի, պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթներն իրացնելիս, էապես նպաստեցին մեր երկրում իրավական կայունության և անվտանգության պահպանմանն ու ամրապնդմանը, քրեաիրավական ոլորտում գործընթացների բնականոն շարունակականությանը:


 
Ուզում եմ բոլորիդ հատուկ շնորհակալություն հայտնել այդ քննությունը բռնելու, պետական ծառայողին հարիր քաղաքականապես չեզոք, բացառապես մասնագիտական դաշտում մնալու վարքագիծ և հավատամք դրսևորելու համար: Դրանով դուք, իբրև անհատ և իբրև հավաքականություն, ամրապնդում եք մեր պետականության կայացվածության, շարունակականության և դատախազական համակարգի՝ դրա անքակտելի մասը լինելու համոզմունքը:
 Այսօր էլ մեր դատախազները, անհաղորդ մնալով ուղղորդված տեղեկատվական հոսքերով բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու փորձերին, չտրվելով մեղադրյալների ու ամբաստանյալների սպառնալիքներին, մանիպուլյացիաներին, բարեխղճորեն իրենց ծառայությունն են կատարում՝ ծանրաբեռնվածությունից հաճախ կորցնելով ժամանակի զգացողությունը, իրենց զրկելով ընտանեկան ջերմ ու տաք միջավայրում լինելու հնարավորությունից: Շնորհակալություն հանուն ձեր մասնագիտական պարտքի՝ այդ զոհողությունների և կամքի դրսևորման համար:    
 
Հարգելի գործընկերներ,

 Նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած շրջադարձային իրադարձությունների ամենակարևոր արդյունքներից մեկը, ինչի մասին արտահայտվել եմ բազմիցս, հանցագործությունների և հատկապես կոռուպցիայի, անարդարությունների նկատմամբ հանրային անհանդուրժողականության մակարդակի կտրուկ բարձրացումն է և հանցավոր երևույթների վերաբերյալ իրավապահ մարմիններին, ի մասնավորի դատախազությանը իրազեկելու հարցում քաղաքացիների աննախադեպ նախաձեռնողականությունը:

Կարող ենք վստահաբար փաստել, որ հանցավորության դեմ պայքարում ունենք անգնահատելի այնպիսի գործընկեր, ինչպիսին ակտիվ, երկրի ապագայով ու լիարժեք օրինականության հաստատմամբ շահագրգիռ ՀՀ քաղաքացին է, որն իր նախաձեռնողականությանը  համարժեք արդյունքների ակնկալիքով քրեական հետապնդման մարմինների նկատմամբ անհամեմատ ավելի պահանջկոտ է և հետևողական:

Գաղտնիք չէ, որ այս աննախադեպ ակտիվությունը հանգեցրել է իրավապահ բոլոր մարմինների գերծանրաբեռնվածության: Բայց դա մեզ համար ոչ թե տրտնջալու, այլ առավել մոտիվացվելու խթան է: Մենք իրավունք չունենք վատնելու դժվարությամբ ձեռքբերած և շատ երկրների իրավապահների համար դեռևս անհասանելի երազանք թվացող այս կապիտալը:
 
Հանրային վստահության ձեռքբերումը իրավապահ բոլոր մարմինների անխոնջ, համակարգված աշխատանքի արդյունքն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, համագործակցության ոգու, հանցավորության դեմ պայքարում, ներքին անվտանգության համար մղվող անողոք պատերազմում միևնույն բարիկադում միմյանց թիկունքը պահելու ընդհանուր ընկալումների վրա: Հաստատված աշխատանքային առողջ հարաբերությունների, արդյունավետ գործակցության համար շնորհակալ եմ իրավապահ մյուս օղակների մեր բոլոր գործընկերներին:

Մեր գործունեության համակարգվածությունը Հանրապետությունում իրավական հավասարակշռության պահպանման, Հայաստանի ստանձնած միջազգային իրավական պարտավորություններից չշեղվելու հիմնական երաշխքներից մեկն է:
 
Հենց այդ երաշխիքների անշեղ ապահովման, ինչպես նաև անձանց սահմանադրական և հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում սայթաքումներ թույլ չտալու գիտակցմամբ էր պայմանավորված, որ խուսափեցինք հատկապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ ծավալուն պայքարում անհեռատես շտապողականություն դրսևորելուց»։: