«Հրապարակ». Երեւի ավելի պատվաբեր է Կոմիտասի անվան հյուրանոց ունենալ, քան Կոնսերվատորիա

«Հրապարակ». Երեւի ավելի պատվաբեր է Կոմիտասի անվան հյուրանոց ունենալ, քան Կոնսերվատորիա

Ակադեմիական քաղաքի շրջանակներում միավորվող եւ խոշորացվող բուհերի ու գիտական կազմակերպությունների ցանկը մի քանի օր է՝ փոթորկել է մամուլն ու սոցիալական ցանցերը: Ցանկում ներկայացված են այն 5 հիմնական ուղղությունները, որոնց ուղղությամբ տարվելու է գործընթացը: Այսպես, օրինակ` արվեստների ուղղության մեջ են մտնում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը: Բացի այդ, կան կրթական, բժշկական, դասական եւ տեխնոլոգիական ուղղություններ:

Չնայած 2 տարուց ավելի խոսվում է բուհերի միավորման ու դրանք ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին, այնուամենայնիվ, հրապարակված բուհերի եւ գիտահետազոտական կազմակերպությունների ցանկը բողոքի ու դժգոհությունների մեծ ալիք բարձրացրեց համացանցում եւ մամուլում: Հանրության լայն շերտերին ամենաշատը խոցեց Կոնսերվատորիայի փակման հեռանկարը: 

Օպերային երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը չի ուզում հավատալ, որ կարող է նման ձեւով «օպտիմալացվել» Կոնսերվատորիան։ «Ո՞ւմ է խանգարում կամ ո՞ւմ է պետք Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի շենքը։ Ո՞րն է այս շենքի ճակատագիրը, լավ, մենք գնացինք, իսկ ո՞ւմ է պետք շենքը: Պարզ է, որ տեղը մի նոր բարձրահարկ շենք կկառուցեն։ Երեւի ավելի պատվաբեր է Կոմիտասի անվան հյուրանոց ունենալ, քան՝ Կոնսերվատորիա, որտեղ սովորել եւ կրթվել են նշանավոր երաժիշտներ, որտեղ տարիներ շարունակ նվիրյալ դասախոսի աշխատավարձը կազմել է կոպեկներ, որ նույնիսկ անհարմար եմ զգում նշել։ Բայց, միեւնույն է, նրանք շարունակել են դասավանդել եւ կրթել սերունդներ։ Այս դասախոսների մեծ մասն աշխատում է տարբեր երաժշտական հաստատություններում, որ կոպեկ առ կոպեկ հացի գումար վաստակի։ Այս հաստատություններն էլ, բարեբախտաբար, գտնվում են կողք-կողքի, մարդիկ ոտքով վազում են մե՛կ Օպերա, մյուսը` Ֆիլհարմոնիա, այն մյուսը` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, որ ապրեն։ Երեւի կենտրոնում գրավիչ թվաց շենքը, ինչ-որ մեկն էլ որոշեց այն իր սեփականը համարել, եւ վերջ, այլեւս որոշված է հարցը։ Ինչո՞ւ չեք լսում մարդկանց խոսքը, խնդրանքը։ Որքան ճիշտ եւ արժանի որոշում կլիներ, որ Կոնսերվատորիան վերանորոգվեր, որտեղ մարդիկ սովորեին եւ աշխատեին արժանավայել։ Երեւանը չի կարող լինել միայն հոթելների, սրճարանների, ճաշարանների, մատակարարողների մի քաղաք, որտեղ, լավագույն դեպքում, որպես գեղարվեստական տեսարան՝ կարող ենք տեսնել երկար, տափակ, կլոր-մլոր, եռանկյունի տարբեր անճաշակ շենքեր»,-ասում է Մ. Մկրտչյանն ու նկատում, որ Կոնսերվատորիայի շենքը կառուցվել է որպես հենց իսկական երաժշտական արվեստների ակադեմիական հանգույցի մի մաս:

«Նույնն է, որ ձեռքիդ մատներից մեկը պոկեն ու տանեն Արթիկ, ինչ-որ մի շենքի 3-րդ հարկում տեղադրեն եւ ասեն՝ այսպես լավ է: Մինչդեռ Կոնսերվատորիայի շենքը կառուցվել է Օպերայի, Ֆիլհարմոնիայի, Պարարվեստի ուսումնարանի հետ մի առանցքի վրա` այդպես ստեղծելով մի ամբողջ մշակութային համալիր ու միջավայր: Չի կարող նրանցից մեկը լինել օդանավակայանի մայթին, մյուսն էլ, ասենք՝ Վարդաշենում։ Այն ամբողջական հասկացողություն է եւ մեկ մարմին»,- ասում է երգչուհին ու հույս հայտնում, որ իշխանությունը կանգ կառնի եւ թույլ չի տա նման սխալ քայլ։ 

Օպերային երգչուհի Աննա Պողոսյանն էլ իր ֆեյսբուքյան էջում էր խնդրի մասին բարձրաձայնել, մասնավորապես նշելով. «Սա ազգային աղետի հերթական մի արար է, որն արժանանում է «ազգի» լուռ համաձայնությանը, իսկ իրականում` վերջնական ինքնասպանության: Կոնսերվատորիայի շենքը հատուկ կառուցված է երաժշտական արվեստ ուսուցանելու համար: Այն իրականում մեր ազգի երեսն է, որը շուտով վերածվելու է մի հերթական անառականոցի։ Ազգն արժանի է պետականության, երբ անշարժ գույքի եկամտաբերությունը երկրորդական է արվեստի առջեւ: Ցավալի է այս ամենը: Չկա արցախցի, ով հրապարակավ դեմ է Արցախի հանձնմանը, չկա գեներալ, ով դեմ է բանակի ոչնչացմանը, չկա երաժիշտ, ով դեմ է երաժշտական արվեստի ոչնչացմանը: Սա աղետ էլ չէ, սա ինքնակործանում է: Կոնսերվատորիայի փակման դեմ պետք է լիներ բոլոր, բոլոր երաժիշտների ընդվզում, բայց այն չկա: Ինչպես չկա ընդվզում պետականության կորստի դեմ»:

Հաջորդիվ հայտարարություն տարածեց նաեւ Կոնսերվատորիայի ռեկտորատը՝ մասնավորապես նշելով, որ Կոնսերվատորիայի ղեկավարությունն արվեստի բուհերի միավորման հարցի շուրջ իր կարծիքն ու դիրքորոշումը գրավոր ներկայացրել է ԿԳՄՍ նախարարին դեռեւս անցյալ տարի։ «Այն ներկայացված է նաեւ ռազմավարության մշակման հանձնախմբին եւ Գիտկոմի նախագահին։ ԵՊԿ ռեկտոր Սոնա Հովհաննիսյանն իր եւ բուհի ղեկավար կազմի դիրքորոշումը հրապարակել է ԵՊԿ գիտական խորհրդի փետրվարյան նիստի ժամանակ։ Հանգամանորեն ներկայացվել են այս նախագծի հետ բուհի անհամաձայնության հիմնավորումներն ու առաջարկները։ Մարտի 6-ի ռեկտորատի նիստի ժամանակ եւս մեկ անգամ խնդրվել է՝ դեկանների եւ ամբիոնի վարիչների միջոցով Կոնսերվատորիայի դասախոսական կազմին տեղեկացնել բուհի պաշտոնական դիրքորոշման մասին։ ԵՊԿ ղեկավարությունը հասկանում եւ կիսում է երաժշտական համայնքի վրդովմունքն ու անկեղծ մտահոգությունները ՀՀ միակ մասնագիտական երաժշտական բարձրագույն հաստատության ապագայի վերաբերյալ։ Այս հարցի լուծումը հնարավոր է միայն մեր միասնական վերաբերմունքը կշռադատված, հիմնավոր եւ հարգալից ներկայացնելու դեպքում»,- նշված է հաղորդագրության մեջ: Ի դեպ, արդեն այսօր` Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի դահլիճում հրավիրվել է Համակոնսերվատորիական ժողով:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն էլ մեզ հետ զրույցում ավելի քան լակոնիկ գտնվեց՝ նշելով, թե տեղյակ չէ ոչնչից. «Ես, բացի այդ շրջանառվող ցուցակից, ուրիշ ոչինչ չեմ տեսել, եթե ավել ինֆորմացիա իմանայի, կարող էի մեկնաբանել, բայց հիմա ես ընդամենն այդ շրջանառվող ցուցակին եմ ծանոթ»: Այդուհանդերձ, Թատերականը միավորումների վերաբերյալ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեին հայեցակարգային առաջարկ չի՞ ներկայացրել։ «Մենք դեռեւս չենք ներկայացրել, այսքանը..., ավել ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ չունեմ ինֆորմացիա, Դուք, հավանաբար, հիմա ինձնից ավելի շատ ինֆորմացիայի եք տիրապետում»: Բայցեւայնպես, ճիշտ եւ նպատակահարմա՞ր է գտնում միավորման այս ձեւաչափը, հատկապես որ բացառված չէ՝ արվեստների կլաստերում նաեւ Թատերականը տեղակայվի։ Թատերականի ռեկտորը խուսափեց պատասխանից՝ պատճառաբանելով, թե խորհրդակցության է եւ չի կարող խոսել: 

Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հանրային կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Աստղիկ Մելիք-Քարամյանը մեզ հետ զրույցում ընդգծում է, որ մամուլում շրջանառվող ցանկն ընդամենը աշխատանքային ցանկ է. «Դա աշխատանքային խմբերի բաժանման ցանկ է, որում ներառված կազմակերպություններն առաջադրել են ներկայացուցիչներ, որոնց մասնակցությամբ քննարկվելու են ակադեմիական քաղաքի կլաստերների կառուցվածքը եւ կառավարման մոդելը: Դա խոշորացման ենթակա բուհերի ցանկը չէ, դա ընդամենը աշխատանքային խմբերում ներառվելիք բուհերի ու կազմակերպությունների ցանկն է, որոնք մասնակցելու են քննարկումներին: Հրավեր է եղել կազմակերպություններին, ձեւավորվել են աշխատանքային խմբեր, որոնք էլ քննարկելու են հետագա կլաստերների տրամաբանությունը, իսկ այն վերնագրերով, որ այդ ցանկը տարածվել է մամուլում, որ դա միավորվող բուհերի ցանկն է, իրականությանը չի համապատասխանում: Ընդամենը աշխատանքային խմբեր են, որոնք քննարկումներ, հանդիպումներ են ունենալու»:

Ըստ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, «աշխատանքային» այս ձեւաչափով քննարկումները սկսվելու են մարտից, իսկ թե ինչքան են տեւելու դրանք` դեռ ոչ ոք տեղյակ չէ:

Ակնհայտ է, որ եթե անգամ սա աշխատանքային խմբի ցանկն է, ապա, միեւնույն է, այդ ցանկում պատահական մարդիկ ու կառույցներ ներառված չեն, այլ նրանք, ովքեր հետագայում առնչվելու կամ ենթարկվելու են խոշորացման այդ ծրագրին: 

Նկատենք, որ այս գործելաոճը նորություն չէ. դեռ 2019-ին՝ մշակույթի նախկին նախարար Նազենի Ղարիբյանի օրոք, մի շարք ՊՈԱԿ-ների (թանգարաներ, թատրոններ, մշակութային օջախներ) միավորման փաստաթղթի արտահոսք եղավ մամուլում, որն այն ժամանակ մեծ աղմուկ բարձրացրեց, ինչը ստիպեց, որ իշխանությունը հետ կանգնի այդ քայլից եւ այդ որոշումն անվանի աշխատանքային փաստաթուղթ` ներքին շրջանառության համար: Այս դեպքում էլ ձեռագիրը նույնն է: 

Հիշեցնենք նաեւ, որ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն դեռ ամիսներ առաջ բուհերին ուղարկել էր միավորման առաջարկ, որպեսզի ծանոթանային եւ իրենց հայեցակարգերը ներկայացնեին կոմիտեին։ Առաջարկները բուհերին ուղղվել էին 2023-ի հուլիսի 17-ին՝ գիտական բուհերին եւ գիտահետազոտական կազմակերպություններին ուղղված խոշորացման հայեցակարգի վերաբերյալ։ Բուհերից հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու վերջնաժամկետն արդեն լրացել է, արդյունքներն էլ` ամփոփվել։ 

Այս մասով Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի հանրային կապերի եւ տեղեկատվության բաժնի ղեկավարը մեզ փոխանցեց, որ 23 բուհից առաջարկ են ստացել, որից «6 բուհն ուղղակի զանգի միջոցով հայտնել է, որ առաջարկ չունեն, բայց քննարկումներին պատրաստ են մասնակցել, ինչպես նաեւ Գիտությունների ակադեմիան մեկ փաթեթով է ուղարկել առաջարկությունները, ԳԱԱ 33 կազմակերպություններից 29-ն է առաջարկ ներկայացրել, այդ թվում՝ նաեւ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան»:

Առաջարկների բովանդակության մասին ոչինչ ասել չի կարող, քանի որ դեռ քննարկումներ են ընթանում։ «Հատուկ այդ նպատակով աշխատանքային խումբ է ստեղծվելու, նիստեր են լինելու, քննարկումներ են արվելու, դրա արդյունքում առաջարկներն ի մի կբերվեն, կամփոփվեն ու կներկայացվեն»,-նշեց նա: 

Ի դեպ, ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է ոչ թե 5, այլ 6 կլաստեր, որոնցից մեկի՝ սպայական կլաստերի կառուցվածքի եւ բովանդակության վերաբերյալ քննարկումները հանրային ձեւաչափով չեն նախատեսվում՝ հաշվի առնելով ոլորտին առնչվող առանձնահատկությունները: