Ի՞նչ եղավ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների բյուջեն 

Ի՞նչ եղավ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների բյուջեն 

Մոտ 7 ամիս առաջ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ «Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղվի համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։ Այդ թատրոններն են Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը, որոնք վաղուց նորոգման կարիք ունեն։

Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավար Մհեր Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ գումարը նպատակին ծառայե՞լ է, փոխանցում արվե՞լ է։ «Ամբողջ հարցն այն է, որ ես ունեմ նույն ինֆորմացիան, ինչ Դուք, անցած տարի դրա մասին հայտարարվեց, բայց դրանից հետո որեւէ տեղեկություն չունեմ»։ Այս ընթացքում քաղաքապետարանից չեն կապվել ո՛չ իր, ո՛չ թատրոնի հետ, այդուհանդերձ, գուցե գումարը մաս-մա՞ս են հատկացնելու՝ ըստ կարիքների։ «Որեւէ փոխանցում չի եղել, դա հաստատ գիտեմ, եւ որեւէ շարժում էլ այդ հարցի շուրջ ես չեմ նկատել»,- նշեց Մ․ Մկրտչյանն ու հավելեց, որ չի էլ հետաքրքրվել, թե ինչն է խնդիրը։

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն արված հայտարարությունից մի քիչ ավելին էր տեղյակ։ «Այդ հայտարարությունը որ եղավ, քովիդի ժամանակաշրջանն էր, բայց դեռ պատերազմը չկար, եւ պատերազմի ընթացքով պայմանավորված՝ որոշակիորեն դանդաղեց։ Նաեւ ասեմ, որ այն, ինչ քաղաքապետարանը հայտարարել էր, փուլային է, այսինքն՝ գոյություն ունի նախագծանախահաշվային փաթեթի մրցույթ, որից հետո նոր՝ աշխատանքների մեկնարկ։

Առաջին փուլը վերջերս է կայացել, դրվել է նախագծանախահաշվային փաթեթի մրցույթը, որն արդեն կայացել է։ Հաղթող ընկերությունը, չգիտեմ՝ մյուս թատրոն գնացել է, թե ոչ, բայց մեր թատրոն արդեն եկել են, շրջել են, մի խոսքով, ընթացքի մեջ է պրոցեսը, թե վերջնաժամկետը երբ կլինի, չեմ կարող ասել»,- նշեց Թորոսյանն ու հավելեց, որ արված աշխատանքը կդրվի մրցույթի, որի հիման վրա այդ միջոցները կուղղվեն թատրոնի վերանորոգման աշխատանքների մեկնարկին։

Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը վերջին անգամ վերանորոգվել է 2003-ին՝ Լինսի հիմնադրամի միջոցներով, դրանից հետո որեւէ վերանորոգում չի եղել։ Ըստ տնօրենի՝ այս անգամ ավելի շատ հիմնանորոգում պետք է լինի, որովհետեւ ջեռուցման, օդափոխության, հովացման համակարգից մինչեւ լուսաձայնային տեխնիկա ու բեմի մեխանիզմներ՝ կարիք ունեն նորոգման։ «Հսկայածավալ աշխատանքներ են սպասվում, եւ հնարավոր է դա նույնիսկ փուլային արվի»,- ասում է թատրոնի տնօրենն ու նշում, որ դեռ պարզ չէ, թե վերջնական ինչքան գումար պետք է տրամադրվի թատրոնին։   

Ստացվում է՝ քաղաքապետարանը թատրոններից մեկի մասով գործընթացին մեկնարկ տվել է, մյուսին՝ ոչ, ինչը թերեւս կարելի է բացատրել հետպատերազմյան շրջանում Մհեր Մկրտչյանի ոչ իշխանահաճո պահվածքով։