Օրենսդիրն է տեսել այդ մտավախությունը․ Քոչարյանի գործով դատախազ

Օրենսդիրն է տեսել այդ մտավախությունը․ Քոչարյանի գործով դատախազ

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ այսօր քննվում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը․ առաջին ատյանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:

Պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավորին․ որոշումը կհրապարակվի փետրվարի 3-ին։

Նիստի ավարտից հետո մեղադրող Պետրոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բողոքին՝ ասաց․ «Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, եւ տվյալ փուլում քննարկվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործի ողջ նյութերը հրապարակայնացնելու հարցը»։

Հարցին՝ իրենք ի՞նչ մտավախություն ունեն նյութերը ողջ ծավալով տրամադրելու դեպքում, պատասխանեց․ «Արդեն օրենսդիրն է տեսել այդ մտավախությունը, եւ գաղտնիք չէ, որ նախաքննությունն իրականացվում  է գաղտնիության պայմաններում․․․Գործի նյութերը տրամադրված են անջատված մասով, որոնք վերաբերելի են քրեական գործին։ Անջատվել են չորս մեղադրյալների նկատմամբ եւ գործի ողջ նյութերը տրամադրվել են իրենց։ Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում եւ ունի գաղտնիության ռեժիմ, հետեւաբար չի կարող տրամադրվել պաշտպանության կողմին։ Դրանով կարող են վնասվել այլ անձանց իրավունքները եւս»։