Զոհաբերություն հանուն… վայելքի

Զոհաբերություն հանուն… վայելքի

Տավուշցիների հետ նախորդ օրվա հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասել է, որ «սահմանը խաղաղության որոշակի երաշխիք է»: Ավելի վաղ նույն անձն ասում էր, որ Հայաստանին կադաստրի թուղթ է անհրաժեշտ, ինչը 100 տոկոսով կապահովի թե՛ մեր սահմանների անվտանգությունը եւ թե՛ խաղաղությունը: Չնայած փոխադարձ պարտավորություն ապահովող թղթի կտորի զորության նկատմամբ հավատը դեռեւս մնում է, սակայն, ինչպես երեւում է, իրականության ադեկվատ ընկալման առումով ինչ-որ առաջընթաց, այնուամենայնիվ, գրանցվել է: Բայց քանի որ այն ի վիճակի չէ վերափոխել վերջինիս շարունակական ընթացքը, ապա դրա արդյունավետությունը կարելի է համարել զրոյական: Եվ մինչեւ այն հասնի որոշակի բարձր նշաձողի, վախենամ, որ այսօրվա Հայաստանը վերածվի ամբողջովին պատմական հայրենիքի: 

Նույն հանդիպմանը ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն ասել է, որ «գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի»: Չգիտեի, որ այդ զոհաբերությունը դրսեւորվում է հանուն իշխանության պահպանման՝ ժողովրդավարության անվան ներքո ոստիկանական անձնիշխանության հաստատմամբ: Չգիտեի, որ այդ զոհաբերությունը դրսեւորվում է նաեւ անընդհատ քեֆերով եւ այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ միասին: Չգիտեի նաեւ, որ այդ զոհաբերությունը դրսեւորվում է անընդհատ արտասահմանյան շրջագայություններով եւ այդ թվում՝ ընտանիքի անդամների հետ միասին: Ստացվում է, որ այն զոհաբերություն է հանուն… վայելքի, իսկ ողջ ժողովրդի համար նախկինում այն բնութագրվում էր որպես զոհաբերություն հանուն ոչնչի:

Երբեմնի «դուխով» Նիկոլն ասել է նաեւ, որ հանուն Հայաստանի անկախության ինքը պատրաստ է «զոհաբերել իր երեխեքի հոգեկան վիճակը, ընտանիքի հանդարտությունը, ծնողների եւ պապի բարի հիշատակը»: Այդ շարքում առկա էր նաեւ «իր անվան ու հարգանքի» հիշատակումը: Թե ինչ արժեք ունեն վերջինիս «անունն ու հարգանքը», երեւի կիմանա միայն այն ղեկավարը, ում վարկանիշը 10 տոկոսից ցածր է: Էլ չասած այն անձանց մասին, ովքեր նրա ասածները չեն ընդունում հալած յուղի տեղ: Եվ ոչ էլ ականջները կախ՝ լսում ու կրկնում են նրա խոսքերը:
Թուրքին չվստահելու եւ լավատեսության հիմք չտվող այսօրվա իրավիճակի վերաբերյալ ասում է, թե «մենք պետք է առաջ գնանք՝ լավատեսություն կառուցելու համար»: Ենթադրում եմ, որ ինքը տեղյակ է, որ լավատեսությունը չի կառուցվում, այն, ընդհակառակը, ուղղորդում է մարդուն, որպեսզի վերջինս ինչ-որ բան կառուցի: Սակայն դա չի խանգարում իրեն, որպեսզի ձեռքի հետ խախտի տրամաբանական պատճառահետեւանքային կապերը: Միաժամանակ ինքը 100 տոկոսով վստահ է, որ իր առաջարկը չընդունելու դեպքում «անվտանգությունը չենք կարողանալու ապահովել»: Սակայն մոռանում է, որ անվտանգության այսօրվա խղճալի վիճակին ենք հասել հենց վարչապետի պաշտոնում իր գործունեության արդյունքում:

Մոռանում է, որ նախկիններից ժառանգություն ստանալով ու վայելելով՝ մի ժամանակ հպարտորեն պարում էր Շուշիում: Իսկ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում էլ «դուխով» գոռում էր, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Իսկ որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ 44-օրյա պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո հանկարծ հիշեց, որ Լեռնային Ղարաբաղը հանձնել են նախկինները: Թե իրականում ով է հանձնել Արցախը՝ պարզ է այսօր բոլորին: Սակայն իշխանափոխությունից հետո պետք է պարզվի նաեւ, թե որքանով են ճշմարիտ Արցախը հանձնելու պայմանավորվածությունների մասին լուրերը: