Տավուշը, Սյունիքը եւ Հայաստանը հնարավոր է պաշտպանել միայն Երեւանում

Տավուշը, Սյունիքը եւ Հայաստանը հնարավոր է պաշտպանել միայն Երեւանում

Իսրայել-Իրան պատերազմի շուրջ քննարկումները շարունակվում են, փորձագետները կանխատեսումներ են անում, թե այն ինչ շարունակություն կունենա, ով կհաղթի, բայց ի՞նչ իմաստ ունի քննարկել օտարների պատերազմը, որքան էլ այդ պատերազմը մոտ լինի մեզ, երբ պատերազմ է ընթանում հենց մեր երկրում։ Պարտադիր չէ, որ պատերազմը լինի ավտոմատներով ու գնդացիրներով, զրահագնացներով ու տանկերով, այն ընթանում է փողոցներում, երթուղայիններում, դատարաններում ու ոստիկանական բաժանմունքներում, Հայաստանի ամբողջ տարածքում։

Հայաստանում արդեն մի քանի տարի պատերազմ է, քաղաքացիական պատերազմ, եւ եթե դեռ իրար վրա չեն կրակում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չկա, դրա գոյությունը կարելի է անտեսել, չնկատելու տալ։ Պատերազմի հակամարտող կողմերը շատ հստակ են․ մի կողմում իշխանությունը բռնազավթած ռեժիմն է՝ իր բացահայտ եւ գաղտնի սպասարկուներով, որոնց հակամարտության մյուս կողմը տարբեր անվանումներ է տալիս՝ կոլաբորացիոնիստներ, ուրացողներ, ներքին թուրքեր, կապիտուլյանտներ, հողատուներ կամ ուղղակի թշնամու դրածո կամակատարներ, մյուս կողմում Հայաստանի ճակատագրով մտահոգ եւ Հայաստանի գոյության եւ ինքնիշխանության համար պայքարող խմբերն են՝ կուսակցություններ, քաղաքացիական հասարակություն, քաղաքացիներ։ Քաղաքացիական պատերազմի արդյունքում կան զոհեր եւ նույնիսկ ռազմագերիներ․ ռեժիմի բոլոր զոհերը քաղաքացիական հակամարտության զոհեր են, քաղբանտարկյալները՝ ռեժիմի կողմից հակամարտության մյուս կողմից վերցված ռազմագերիներ։ Հակամարտության խորացման արդյունքում, իսկ ամեն ինչ գնում է հենց այդ սցենարով, կորուստները լինելու են բազմապատիկ ավելի շատ։ 

Ինչո՞ւ այս դիմակայությունը քաղաքական չէ եւ հնարավոր չէ լուծել քաղաքական մեթոդներով, օրինակ, ընտրություններով կամ ոչ ընտրական, բայց խաղաղ մեխանիզմների կիրառմամբ։ Դրա պատճառն այն է, որ այս խունտան եւ նրա պարագլուխն այլեւս հայտարարում են, որ գոյություն չունի Սահմանադրություն, այսինքն՝ չկան խնդրի կարգավորման սահմանադրական օրինական մեխանիզմներ։ Եթե նույնիսկ Փաշինյանի կառավարման արդյունքում Հայաստանը ձգի մինչեւ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններ, միեւնույն է՝ Փաշինյանն իշխանությունը չի հանձնի, կկեղծի, իր զրո տոկոսը կդարձնի հարյուր, պետք եղավ՝ մարդկանց կգնդակահարի, բայց իշխանությունը չի հանձնի։ 

Հայաստանում քաղաքացիական դիմակայությունն այնքան է խորացել, որ իշխանական խունտայի եւ նրան ընդդիմացողների մոտեցումների տարբերությունը դարձել է անհամատեղելի, կողմերի դիրքորոշումներն այնքան տարբեր են իրարից, այնքան հակոտնյա, որ փոխզիջումն անհնար է, խաղաղ գոյակցությունը՝ անիրական։ Միակ լուծումը հաղթողին մարտի դաշտում որոշելն է, որքան էլ պարադոքսալ թվա, բայց միայն պատերազմում կողմերից մեկի անվերապահ հաղթանակը կարող է խաղաղություն եւ հանրային համերաշխություն բերել։ Ընդհանրապես, ցանկացած խաղաղություն հաջող վարված պատերազմի արդյունք է։ Իշխանական խունտայի հաղթանակի դեպքում Հայաստանը կվերածվի ադրբեջանաթուրքական վերահսկողության գոտու, որտեղ ապրողները կունենան խաղաղ կյանքի իրավունք, բայց ոչ ավելին։ Իշխանական խունտայի պարտության արդյունքում հնարավոր է, որ Հայաստանը վերագտնի այն վաստակած խաղաղությունն ու արժանապատվությունը, որն ուներ մինչեւ աղետը։

Իշխանությունը բռնազավթած վարչախումբը Հայաստանը մաս-մաս հանձնում է թշնամուն՝ պատերազմի, կամավոր զիջման, սահմանազատման, ինչ կմնա տակը՝ թրքացնելու միջոցով։ Դա պատահականություն չէ, այլ գործելու սկզբունք, գաղափարախոսություն․ մենք ոչ մի դեպքում դեմ չենք պատերազմելու, որովհետեւ մենք թշնամի չունենք, թուրքը եւ ադրբեջանցին թշնամի չեն, մենք խաղաղության, հանձնելու եւ հանձնվելու կողմնակիցներ ենք՝ քարոզում են իշխանության ներկայացուցիչները։ Խունտան ունի ոչ միայն ներքին հենարան՝ ի դեմս բռնության մեքենայի, որին անվանում են իրավապահ կամ իշխանապահ մարմիններ, այլեւ արտաքին աջակցություն՝ Թուրքիայից, Ադրբեջանից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու Բրիտանիայից, նրանց տակ գործող միջազգային կառույցներից, հնարավոր է՝ անգամ Ռուսաստանից կամ առնվազն այդ երկրի իշխանության որոշ կառույցներից եւ պաշտոնյաներից։ Որեւէ մեկը հետաքրքրված չէ Հայաստանի գոյությամբ, որեւէ մեկի համար դա կրիտիկական նշանակության հարց չէ։ Հայաստանի գոյությունը կարեւոր է միայն մեզ համար, նրանց համար կարեւոր է այդ տարածքի նկատմամբ վերահսկողությունը, իսկ թե ինչպես կկոչվի տարածքը, ովքեր կապրեն՝ էական չէ։

Խունտային ընդդիմացողներն անհամեմատ ավելի շատ են, սակայն նրանք չունեն իշխանություն, չունեն արտաքին հովանավորներ կամ աջակցություն։ Կա հայրենիքը թշնամուն չհանձնելու, թշնամուն եւ նրա կամակատարներին ընդդիմանալու վճռականություն, կա հայրենիքը չկորցնելու եւ հայրենիք ունենալու որոշում։ Երկրի տարբեր հատվածներում հայրենասեր եւ երկիրը չհանձնելու վճռականությամբ միավորված ուժերը կազմակերպում են դիմադրության օջախներ՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց Ձորում, հիմա՝ արդեն Տավուշի մարզում։ Դիմադրությունը շատ տարերային է, անկազմակերպ, այն ավելի շատ հետեւանք է իշխանության իրականացրած քայլերի, դրանց հակազդեցության։ Երբ թրքասերները հայրենիքից մի կտոր են հանձնում Սյունիքում, այնտեղ է սկսվում դիմադրություն, հետո տեղափոխվում է Վայոց Ձոր կամ Գեղարքունիք։ Հիմա իշխանությունն ուզում է հող հանձնել Տավուշի մարզից, ու դիմադրության օջախ է առաջացել Տավուշում, մարդիկ գնում են Տավուշ եւ հայտարարում, որ ամեն գնով պաշտպանելու են այն։ Տավուշը, Սյունիքը եւ Հայաստանը հնարավոր է պաշտպանել միայն Երեւանում։ Քանի դեռ քաղաքացիական պատերազմում հաղթում է խունտան՝ պահելով Երեւանում ունեցած իր իշխանությունը, Հայաստանը պարտվում է։

Ավետիս Բաբաջանյան