Դրանք բարոյական զրոներ են, հաշմանդամներ, որոնց բարոյական հասունացումն առաջ չի գնացել

Դրանք բարոյական զրոներ են, հաշմանդամներ, որոնց բարոյական հասունացումն առաջ չի գնացել

Հանրային տրանսպորտում ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին «դավաճան վիժվածք» անվանած ակտիվիստ Սամվել Վարդանյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը, ապա ձերբակալված անձանց պահման վայր ուղեկցելու ճանապարհին կազմակերպված խոշտանգումը խոսում են նաեւ այս իշխանությունների, նրա իրավապահների, պատժիչ գումարտակների ու ոստիկանների հոգեբանական խնդիրների մասին։

Հիշեցնենք, որ ճանապարհին Վարդանյանին ուղեկցող երկու ոստիկանները հանկարծ միաժամանակ զուգարանի կարիք են ունեցել եւ մեքենայից իջել են` կարիքները հոգալու, ձերբակալվածին մենակ թողնելով ոստիկանական մեքենայում։ Հենց այդ ընթացքում երեք անհայտ դիմակավորված անձ բարձրացել են մեքենան, նրան իջեցրել եւ մի մութ անկյունում խոշտանգել` ստորացնելով, թքելով, սեռական հայհոյանքներ հնչեցնելով եւ թուրքերին բնորոշ սկզբունքով ստիպելով, որ կրկնի իր հասցեին հնչած սեռական քֆուրները։ Սամվել Վարդանյանը չի ենթարկվել, եւ նրանք դիմել են ավելի խայտառակ մեթոդների։ Այս ամենը բավարար չէ, հետո էլ Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան` կալանավորելու, եւ 2 հոդված են առաջադրել, որոնցից ոչ մեկն առկա չէ նրա գործողություններում` խուլիգանություն եւ քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդում կուսակցության նկատմամբ: Դատարանն էլ, փոխանակ մերժեր միջնորդությունը եւ ձերբակալությունը ոչ իրավաչափ ճանաչեր, տնային կալանք եւ 7 միլիոն դրամի գրավ կիրառեց երիտասարդի նկատմամբ: 

Հասկանալու համար, թե ինչպիսի բարոյահոգեբանական կերպարներ են այս միջադեպի մասնակիցները, որոնք ինչ-որ մեկի հրահանգով սարսափելի նվաստացումների ու խոշտանգումների են ենթարկել երիտասարդին՝ միայն իր կարծիքը բարձրաձայնելու համար, զրուցել ենք հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ։ Նա նկատեց, որ այս դեպքում խնդիրը բարոյականության տիրույթում է։ Հոգեբանության մեջ կա մի երեւույթ, որը կոչվում է բարոյական հասունություն՝ ամեն մարդ բարոյական հասունացման ճանապարհ է անցնում։ «Այն մարդիկ, ովքեր նմանատիպ բաների են ընդունակ, մի կողմ թողնենք այն, որ ինչ-որ խրախուսանքների դիմաց են դա անում՝ հենց այնպես չեն անի, իրենք ոչ միայն հրաման են կատարում։ Բարոյական այդ մակարդակի վրա գտնվող մարդիկ արգելքներ չունեն եւ, օրինակ, հանուն փողի: Ես չգիտեմ` իրենք ինչ տրավմաներ ունեն կամ չունեն, պրակտիկորեն կարող են առողջ մարդիկ լինել, բայց իրենք բարոյական զրոներ են, բարոյական հաշմանդամներ են՝ այդ մարդկանց մոտ բարոյական հասունացումն առաջ չի գնացել։ Հիմա այդ մարդկանց մի փոքր խրախուսում են, մենք գիտենք՝ փողի նկատմամբ զգայունակությունն ինչքան բարձր է, եւ իրենք կանեն ցանկացած քայլ։ Իրենք համ դա կանեն, եթե իրենց ասեն՝ մարդկանց վրա կրակեք, դա էլ կանեն։ Մարդիկ բարոյական հասունացման տարբեր մակարդակների վրա են լինում, մենք՝ բոլորս, բայց կա նաեւ այդ «բարոյական տհասություն» հասկացությունը՝ բարոյականության զրո մակարդակ։ Հիմա այդ մարդիկ այդ զրո մակարդակի վրա են»,- ասաց Նալչաջյանը։ 

Այսպիսով իշխանությունները վախի մթնոլորտ են ստեղծում, այսինքն՝ եթե մարդն իր կարծիքը հայտնի որպես քաղաքացի, ընդ որում՝ իրերն իրենց անունով կոչելով, նրա հետ կարող են հաշվեհարդար տեսնել, որպեսզի վախի մթնոլորտը տարածվի, եւ ինչ-որ մեկը չփորձի իր տեսակետն ու դիրքորոշումն արտահայտել։ Սա բարոյական այնպիսի գահավիժում է, ոնց որ հիմա գահավիժելով հայրենիքն ենք կորցնում։ «Տեսեք` ինչքան մարդիկ դավաճանելու ունակ դուրս եկան։ Փաստորեն, պատրաստ էին, ի վիճակի էին, թքած ունեին մարդկային կյանքերի վրա, այսքան զոհերի վրա, հայրենիքի վրա, այսինքն՝ մենք բարոյական մի սարսափելի ճգնաժամի մեջ ենք ապրում, եւ դա գնալով խորանում է։ Որովհետեւ մարդկանց բարոյապես իջեցնելու բոլոր գործիքները կիրառվում են»,- ասաց հոգեբանը։ 

Վախի մթնոլորտ ստեղծելով՝ իշխանությունները շատ լավ են գիտակցում, թե ինչ են արել ու թե դեռ ինչեր են անելու: Գիտակցում են նաեւ, որ կարող է ընդվզում առաջանալ՝ մարդիկ տեսնում են, թե ինչ է կատարվում։ Նրանք այսօր մի խնդիր ունեն՝ պահել իրենց աթոռներն ամեն գնով՝ կարծում է Կարինե Նալչաջյանը։ Հնարավո՞ր է, որ սա կայծ դառնա` իշխանափոխության պատճառ։ Նալչաջյանն ասաց, որ այս պարագայում հարկավոր է առաջնորդություն, պետք է կազմակերպել։ «Այսպիսի բաները համբերության բաժակը կարող են լցնել, բայց մյուս կողմից վախի մթնոլորտն այնքան ուժեղ կարող է լինել, որ մարդիկ նման բաներն էլ կուլ տան։ Մեկ այլ դեպքում ես պատկերացնում եմ, որ ալիք կառաջանար, որ ո՞նց կարելի է այսպիսի բան անել։ Մեր ժողովուրդը, եթե բարոյականությունը չի կորցրել, պիտի այս մարդու թիկունքին կանգնի, եւ առաջնորդել է պետք։ Ընդդիմադիր ուժերը պիտի առաջնորդեն․ առանց առաջնորդության, առանց կազմակերպելու՝ պրոցեսները տեղի չեն ունենում»,- նկատեց Նալչաջյանը։ 

Ուժային կառույցները փաստացի դարձել են այս իշխանությունների ցանկությունների կատարածուները։ Հոգեբանն ասաց, որ պետությունն այստեղ այլեւս դեր չի խաղում։ Ուժայինները պահպանում են այն իշխանությունը, որն ունեն այս մարդիկ, եւ իրենք էլ, մոտիկ գտնվելով, սնվելով՝ դեռ շարունակում են պահպանել իրենց գործունեությունը` գույնզգույն բերետներով։ «Նմանատիպ դրսեւորումները գնալով ուժեղանալու են, եւ այդ փաստը, որ այսօր նկարագրում էիք, դրա ապացույցն է։ Ուժեղանալու են, մինչեւ տեսնենք, թե հակառակ ռեակցիան երբ է առաջանալու, երբ է պոռթկումն առաջանալու»: Նման հրահանգ կատարողներն ուրիշ ինչի՞ են ընդունակ` կկրակե՞ն մարդկանց ուղղությամբ, թե՞ կհրաժարվեն կատարել հրամանը։ Ասաց, որ չեն մտածի՝ կկրակեն։ «Եվ հենց դա է վախի մթնոլորտի ստեղծումը։ Հասկանո՞ւմ եք, սրանք ամեն ինչի ընդունակ մարդիկ են՝ ամեն ինչի ընդունակ, եւ դրանք այսօրվա մեր իրողություններն են»,- եզրափակեց Կարինե Նալչաջյանը։