«Հրապարակ». Ադրբեջանի հետ հնարավոր առեւտրից Տավուշի բնակչությունը գրեթե ոչինչ չի ստանա

«Հրապարակ». Ադրբեջանի հետ հնարավոր առեւտրից Տավուշի բնակչությունը գրեթե ոչինչ չի ստանա

Երեկ գրել էինք, որ Փաշինյանը Տավուշ էր գնացել «փափուկ բարձով»՝ խոստումներով, գյուղացիներին մոլորեցնելու, համոզելու, թե միակողմանի զիջում չկա։ Նրա հանդիպումների մասին պատմող կարճ տեսանյութերից, որոնք հաջորդիվ տարածվեցին, պարզ դարձավ, որ իրեն Դանկոյի տեղը դրած վարչապետը, որ գյուղացիներին խոստանում էր սեփական արժանապատվության գնով նրանց համար առաջնագիծը սահման դարձնել, իսկ խրամատները՝ այգիներ, խորամանկ քայլի է դիմել՝ փոխելով մարտավարությունը։ Հիմա Փաշինյանը վերահաս պատերազմով ուղիղ չի վախեցնում սահմանամերձ գյուղերի բնակիչներին, նա ահաբեկելու փոխարեն ընտրել է Ադրբեջանի հետ «քիրվայության» խոստումներով ու նյութական շահագրգռությամբ գյուղացիներին մոլորեցնելու ճանապարհը։

Կիրանցում փորձում էր Ադրբեջանի հետ առեւտրի հեռանկարով գայթակղել իր ծրագրի դեմ ըմբոստացածներին։ «Մեր մտածածն այն է, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն է, այլ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առեւտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարո՞ղ է՝ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»,- ասում էր նա հավաքվածներին։ Ու, ինչպես մյուս բոլոր հարցերում, այս դեպքում էլ երկրի ղեկավարը 100 տոկոսանոց երաշխիքների մասին չէր խոսում, խոսում էր «քայլ-քայլ 90 եւ ավելի տոկոսի» հասնելու հեռանկարի մասին։

Նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին խնդրեցինք մեկնաբանել՝ իսկապե՞ս տավուշցիներն Ադրբեջանի հետ հնարավոր առեւտրի տնտեսական էֆեկտն զգալու են, եթե մի պահ պայմանական ընդունենք, որ Ադրբեջանն իսկապես կանգնելու է մի կետում ու դրանից այն կողմ համարելու է Հայաստանի անձեռնմխելի սահմանը։ Նախկին վարչապետը նախ շեշտեց՝ ՀՀ բյուջեում մեքենաների տրանզիտից ստացվող լուրջ ելումուտ գոյություն չունի։ «Հայաստանի Հանրապետությունը մեքենաների տրանզիտի համար հատուկ լուրջ գումար չի վերցնում։ Այլ հարց է, որ եթե վրացական, իրանական կամ եվրոպական մեքենան մտնում է Հայաստան, մեր տարածքում վարորդը քնում է, սնվում է, վառելիք է գնում։ Դա այլ հարց է, բայց մենք այնքան փոքր պետություն ենք, որ դա մեզ եկամուտ չի բերի։ Ադրբեջանցիներից տրանզիտի մասով եկամուտ ստանալը եկեք մոռանանք, բայց չմոռանանք, որ ցանկացած մեքենա, որը երկրի տարածք է մտնում, ճանապարհ է մաշեցնում, ասֆալտն է փչացնում, այսինքն՝ այդ եկամուտները չեն գերազանցում այն վնասը, որը մենք ունենում ենք»,- «Հրապարակ»-ին ասում է Բագրատյանը։ Ինչ վերաբերում է առեւտրին, նախկին վարչապետի խոսքով, գուցե որոշ ծավալով առեւտուր լինի, բայց Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ բացի էներգակիրներից, միմյանց հետ առեւտուր անելու բան էլ չկա։

«Էներգակիրներ նրանցից ստանալն անհուսալի է, իսկ այլ հարցերում մեր տնտեսություններն արտադրության եւ արտահանման մեջ միանման են, տնտեսագիտության մեջ դա կոչվում է միանման արտահանման ու ներմուծման կառուցվածք։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ այնքան էլ հարմար պարտնյորներ չենք, օրինակ, եթե Թուրքիայի հետ սահմանը բացվեր, նա մեզ համար ավելի հարմար պարտնյոր կլիներ այդ առումով, իսկ Ադրբեջանն էներգակիրներից բացի ոչինչ չունի։ Ադրբեջանը պոմիդոր ունի, մենք էլ ունենք, Ադրբեջանը նուռ ունի, մենք էլ ունենք։ Մենք էլ շատ բան չունենք նրան տալու»,- ասում է Հրանտ Բագրատյանը՝ շարունակելով. «Եթե անգամ համարենք, որ դա հնարավոր է, ու իրոք՝ ադրբեջանցիների հետ կողք-կողքի խաղաղ են ապրելու, կոնկրետ Տավուշի բնակչությունը ոչինչ չի ստանա։ Գուցե ինչ-որ վառելիք՝ բենզին գնեն ադրբեջանցիներից, բայց չեմ կարծում, որ դա ավելի էժան կլինի, քան այն, ինչ մենք այսօր ներմուծում ենք։ Մենք արդեն ինֆորմացիա ունենք, որ դա ավելի թանկ է։ Այդ գործն Ադրբեջանում կենտրոնացված է Սոկարի ձեռքում, գուցե նա բենզալցակայան բացի Հայաստանում, բայց այնպես չէ, որ գյուղացիներն իրար մեջ կարող են վառելիք վաճառել։ Դրանով Ադրբեջանում զբաղվում է պետությունը»։

Նախկին վարչապետն արձանագրում է՝ Փաշինյանի քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել։ Ոսկեպար գյուղի համար գոյաբանական խնդիրը պահպանվում է։ «Ինքն ասում է՝ Ոսկեպար գյուղի դիմացի հողերից քիչ կտանք, բայց Բերքաբերի հողերից կտանք, ոսկեպարցիք ուրախացել են։ Որոշ մարդկանց մտածելակերպն այնքան պրիմիտիվ ու պարզամիտ է, որ մտածում են՝ ինչ լավ եղավ, բերքաբերցիները կտուժեն, մենք չենք տուժի։ Նա սովորել է՝ գնալ, պառակտել, որպեսզի իր դեմ դուրս չգան։ Նա սա հասկացել է, չէ՞ որ նրան ասում են «կռուտիտ»։ Բա ինչի՞ համար են ասում։ Ոսկեպարցիները պետք է իմանան, որ Ոսկեպարի հետեւում մոտ 40-45 քառ․ կմ-ի վրա սարն է, որը, համաձայն Գուգլի քարտեզների, որտեղ տվյալ հատվածն անկլավ է ներկայացվում, պետք է զիջվի»,- ասում է մեր զրուցակիցը՝ համաձայնելով այն տեսակետին, որ տավուշցիների դիմադրությունը Փաշինյանը փորձում է նաեւ գյուղը գյուղի դեմ հանելով թուլացնել։

Ցանկացած զիջում, ընդգծում է Բագրատյանը, Հայաստանի տարածքից է արվելու։ Հիմա անկլավների մասին խոսակցություն չկա, հիմա 4+4-ի (4 ոչ անկլավային գյուղ եւ 4 անկլավ) առաջին չորս բնակավայրերի մասին է խոսք գնում, բայց երբ մյուս չորս գյուղերին հերթը հասնի, ե՛ւ ոսկեպարցիները, ե՛ւ, առհասարակ, բոլոր հայաստանցիները, նաեւ այնտեղ բնակվող արցախցիները, Բագրատյանի խոսքով, կմրմռան, երբ ստիպված լինեն լքել իրենց տները։
Իսկ Փաշինյանի հայտարարությունը, թե առաջնագիծը սահմանով փոխարինելն անվտանգություն է բերելու սահմանամերձ գյուղերի համար, նախկին վարչապետն ուղղակի անհեթեթություն է համարում։ Նախ, այն պատճառով, որ շարունակական զիջումների գնով մենք սահման չենք ստանալու։ «Հիմա զինվորներն են կանգնած, նրանց կոնտինգենտն ավելի մեծ է, քան սահմանապահներինը կարող է լինել։ Սահմանապահ ուժերն ավելի թույլ են, քան առաջնագծում կանգնածները: Բացի այդ, ես չեմ հավատում, որ այդքան զիջումներից հետո մենք սահման ենք ստանալու։ Ի՞նչ սահման, եթե Ոսկեպարի թիկունքում՝ Վանաձորի սարի գլխին կանգնելու է ադրբեջանական թնդանոթներով զինվորը։ Ո՞վ է Հայաստանին թողնելու նորմալ սահման ունենալ»,-հարցնում է Բագրատյանը։

Մարիաննա Ղահրամանյան